ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՐՏԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԵՆ ԵՎ ՈՒՆԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՐՏԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԵՆ ԵՎ ՈՒՆԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ
23.12.2011 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ` ՎՏԱՆԳՎԱ՞Ծ
Հայ իրականության մեջ ոմանց համար խոհանոցը սոսկ ուտեստներ և կերակուրներ եփելու տեղ է և ուրիշ ոչինչ: Մինչդեռ հյուրասիրությունը լուրջ մշակույթ է, մարդկային շփումների և մտքերի փոխանակման հրաշալի հնարավորություն: Հյուրընկալությունը և խորտկաբանությունը հայոց քաղաքակրթության անքակտելի բաղադրիչն են և, հարկավ, ունեն ռազմավարական արժեք: Հավելենք նաև, որ միայն հայերն ունեն հյուրամեծարության աստված` Վանատուր, որը խոր հետք է թողել մեր հոգեբանության և մտածողության մեջ: «Վանատուր» նշանակում է «օթևան տվող, պահող, պահպանող»: Համարվել է պանդուխտների, ճամփորդների հովանավորը և նրանց ապաստան տվողը:
Ցավոք, մենք այսօր կտրված ենք մեր արմատներից և ակունքներից: Իսկ այս պարագան օգտագործում են մեր թշնամիները և հակառակորդները: Մեր չիմացությունը և անտեղյակությունը հղի են բազմաթիվ վտանգներով և պատուհասներով: Այսպես, հայության դեմ արդեն երկար ժամանակ մղվում է քաղաքակրթական պատերազմ: Դրա դրսևորումներից մեկն էլ խորտկաբանական ուղղությունն է, այն է` ազգային խոհանոցի զավթումը և մեր ինքնությանը խորտակիչ հարված հասցնելը: Այնպես որ, պետք է խորությամբ իմանանք հայոց քաղաքակրթությունը և ազգային համակարգով դիմագրավենք մեր դեմ սանձազերծված համընդգրկուն հարձակմանը: Միով բանիվ, մեր ինքնությունը և ազգային նկարագիրը վտանգված են: Հարկավոր է սթափվել և զգաստանալ:
Խորտկաբանության ոլորտում մեր սխալները բազում են և բազմաթիվ: Այսպես, հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհը խաղողագործության և գինեգործության հայրենիքն է: Այդ մշակույթն այնքան հին է, որ նույնիսկ դժվար է նշել կոնկրետ ժամանակը: Հնագիտական բազմաթիվ գտածոներ և հնավանդ վավերագրեր (օրինակ` Աստվածաշունչը) վկայում են, որ Նոյը, ջրհեղեղից հետո, խաղողի որթեր է տնկել և գինի քաշել: Խաղողագործության գոյության մի վկայություն է նաև Սուրմառուի (Սուրբ Մարիի) գավառի Իգդիր բնակավայրը, որը նշանակում է այգի դիր: Սա է անժխտելի իրողությունը:
Բայց քանի որ մենք օրենսդրորեն գրանցում չարեցինք, ապա դա շտապեցին անել մեր ճարպիկ հարևանները` վրացիները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վրացական հայտը գրանցել է. Վրաստանը խաղողագործության և գինեգործության օրրանն է, և այդ մշակույթը 8 հազար տարվա պատմություն ունի: Խնդիրն այն է, որ հայկական պատմական տարածքները հայտնվել են նրա տիրապետության տակ, որը նրանց «իրավունք է տալիս» յուրացնելու ուրիշի քաղաքակրթական ավանդը: Ի՜նչ հրաշալի է, այնպես չէ՞: Հիմա վրացիները զարգացնում են իրենց հաջողությունները. չէ՞ որ անպատիժ կերպով տարիների ընթացքում սեփականել են հայկական խոհանոցի շատ արդյունքներ (պուրի հաց` փռի հաց, խինկալի` խնկով լի, խաշի և այլն): Այժմ հերթի է դրված լավաշի սեփականումը, որը ևս միայն հայերին բնորոշ ուտեստ է: Թոնիրը զուտ հայկական երևույթ է, որը կապվում է մեր լույսի (արևի) պաշտամունքի հետ: Սա ևս հայեցակարգային (կոնցեպտուալ) իշխանության բացակայության տխուր և բնական հետևանքն է:
Դեռ ավելին, ամբողջ Երևանը ողողված է «վրացական» կոչված ռեստորաններով, խորտկարաններով և այլն, ուր հայկական խոհանոցի հազարամյակներով հայտնի կերակուրները մատուցվում են իբրև վրացական: Օրինակ` Ա. Խաչատրյան փողոցում գտնվող խորտկարանը: Զավեշտն այն է, որ մուտքի մոտ դրված մանրավաճառ կինտոն դիտվում է վրացի, իսկ շենքի ճակատին գրված է ոչ ավելի, ոչ պակաս... «գենացվալե»: Սա հայկական սրտակցության և ջերմության արտահայտություն է, մոտավորապես «կյանքիդ մեռնեմ» խոսքի պատճենը: Մեզ օտարահաճություն կամ ստրկամտություն պետք չէ, այլ ազգային բարձր գիտակցություն, որն անխաթար է պահում մեր արժեքները: Մինչդեռ ակնհայտ է, որ հանրաճանաչ կինտոն ընդամենը Թիֆլիսի հայերի քաղաքային մշակույթի դրսևորումն է` կենսասիրության և վայելքի փիլիսոփայությամբ: Նվագախումբն էլ նվագում է հայկական երաժշտություն: Ստացվում է, որ մենք կատարում ենք օտարի պատվերը` քարոզում ենք «վրացական» խոհանոցը և վնասում մեր ազգային շահերը:
Դառնանք մեր մյուս «բարյացակամ» հարևաններին, ովքեր իրենց երկիրը «սարքել են» Մեծ Հայքի Փայտակարան նահանգի զավթված տարածքներում: Նրանք, քոչվորի և կողոպտիչի «բնական» իրավունքով, շատ բան են խլել, օրինակ` բուն հայկական տոլման, որն ունի 100 տեսակ: Ադրբեջանցիները ՀՀ-ում լույս տեսած «Очерки истории стран Южного Кавказа¦ (Ереван, 2009 г.) գրքում այդ կերակուրը ներկայացնում են որպես ադրբեջանական ազգային կերակուր` «դոլդուրմա»` լցոնած ուտեստ տեսքով: Այս պատմության մեջ ամենացնցողը և զավեշտալին այն է, որ Երևանի կենտրոնում կա ռեստորան` «Դոլմամա» անվամբ: Լավ, տգիտություն, բայց այս աստիճանի՞, և գումարած նաև նահանջային հոգեբանություն: Ասենք, որ բառի հիմքը «տոլի» արմատն է, որ վաղնջահայերենում նշանակում է խաղողի որթ կամ վազ: Մի՞թե սա այդքան բարդ բան է, որպեսզի մի փոքր մտածենք` «զմտավ ածենք»: Ավելին ասենք, մեր ռեստորաններում տոլման կերակրացանկերում ներկայացվում է «դոլմա» ձևով:
Հիմա էլ խոսենք մեր մյուս «քաղաքակիրթ» հարևանների` թուրքերի մասին: Վերջիններս ևս ամեն ինչ յուրացնում են` ըստ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի` իրավականորեն մեզ պատկանող տարածքները (Արևմտյան Հայաստան), մշակույթը, պատմությունը և, իհարկե, խոհանոցը: Խոսքն օրերս մեծ աղմուկ հանած «հարիսա» կերակրատեսակի յուրացման մասին է: Միանգամից ասենք, որ այդ բառը նշանակում է «հարիր սա»: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայկական լեռնաշխարհը ցորենի քաղաքակրթության օրրանն է, ուր առաջինն է հայ մարդը ցորեն մշակել մոտավորապես մ. թ. ա. XIII-XII հազարամյակներում: Իսկ ձավարը հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, հաճար և այլն) ամբողջական կամ աղացած հատիկներից պատրաստված սննդամթերք է: Ձավարի տեսակներն են կորկոտը (աղացած, հում), բլղուրը (խաշած աղացած) և այլն:
Եվ ահա մեր հերթական սխալը. համացանցային տեղեկույթը վկայում է, որ հարիսան արդեն սեփականվել է: Նոյեմբերի 22-29-ին Բալի կղզում (Ինդոնեզիա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ Թուրքիան հասել է այն բանին, որ հարիսան «քեշքեք» անունով մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ` իբրև թուրքական ազգային ճաշատեսակ: Այս մասին է նշում նաև թուրքական «Հուրիեթ» թերթը: Բնական հարց է ծագում` իսկ ի՞նչ է արել հայկական պատվիրակությունը, ինչո՞ւ չի կանխել դա:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ հայկական խոհանոցի պաշտպանության ուղղությամբ մեծ գործ են անում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Ս. Մամուլյան, քարտուղար` Վ. Անթանեսյան), կենսաբան Ս. Ավագյանը, գրող, հրապարախոս Լ. Ավետիսյանը և այլք: ՀԿ-ն հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որ հունիսի 12-ը հռչակվի Խոհարարի օր, և նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովին: Կարծում եմ` ճիշտ կլինի դրական լուծել այս օրախնդիր հարցը, որն ամենից առաջ քաղաքակրթական հիմնախնդիր է:
Այն էլ ասենք, որ համաշխարհային խոհանոցի ճանաչված և լավագույն գիտակ, ակադեմիկոս Վ. Պոխլյոբկինը «Большая энциклопедия кулинарного искусства: все рецепты¦, (Москва, 2008 г.) գրքում արձանագրում է. «Հայկական խոհանոցը Ասիայի հնագույն խոհանոցներից մեկն է և ամենահինը` Անդրկովկասում»: ՈՒշագրավ է, որ այս փաստը հավաստում է չեզոք աղբյուրը և օտար մասնագետը:
2011 թ. ապրիլի 25-30-ին Պալմա դե Մայորկայում (Իսպանիա) տեղի ունեցավ ազգագրական արվեստի փառատոն: Ցավոք, «թուրքական» պարը, իսկ ավելի ստույգ համշենահայերի պարը ստացավ Գրան մրցանակ, քանի որ Իսպանիան վարում է թուրքամետ քաղաքականություն: Բարեբախտաբար, ժողովրդական լավագույն պարի անվանակարգում հայկական պարն արժանացել է առաջին մրցանակին: Ներկայացվել է ժողովրդական պարերի ծաղկաքաղ` հիմնական շեշտը դնելով հռչակավոր յարխուշտա պարի վրա: Այս հաղթանակում մեծ դեր կատարեցին Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և հայկական պարի խորագիտակ մասնագետ, ազգային աշխարհայացքի կրող, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Այս փաստը լավագույնս ցույց է տալիս, որ կազմակերպված և համակարգված գործողությունների դեպքում մենք կարող ենք հաջողություն ակնկալել:
Բայց միայն խոհանոցը չէ, որ վտանգված է: Կան նաև այլ ոչ պակաս կարևոր խնդիրներ: Նույն կերպ էլ հայերս կարողացել ենք որպես ազգային ցեղատեսակ գրանցել հայկական գամփռը: Դեռևս պաշտոնապես թուրքական տեսակ են գրանցված Վանա նշանավոր կատուն, հայկական մուֆլոնը, իսկ արցախյան նժույգը` ադրբեջանական և այլն: Այսինքն` դեռ շատ անելիքներ և ծրագրեր ունենք, որոնք պետք է անհապաղ կյանքի կոչվեն: Ոչ մի բան չի կարելի զիջել մեր թշնամիներին և «բարեկամներին»:
Մեկ տխուր և մտահոգիչ հանգամանքի մասին, որն արդեն դարձել է տխուր իրականություն: Տարբեր մասնագիտությունների և հասարակական դիրքի տեր մարդկանց, նաև պաշտոնյաների հետ զրույցներում աչքի են զարնում ազգային արժեքների բացարձակ անտեղյակությունը, սրտացավության իսպառ բացակայությունը և զարմանալի անտարբերությունը: Թվում է, թե հայ մարդն իրեն իր քաղաքակրթության և երկրի տերը չի զգում:
Դեպի ո՞ւր ենք գնում, տիկնայք և պարոնայք, մաս-մաս զիջել և թշնամուն հանձնել Հայոց քաղաքակրթությո՞ւնը, Հայոց երկի՞րը և պայքարի ծանր գնով ձեռք բերած պետությո՞ւնը: Մի՞թե սա ինքնասպանություն չէ: Իսկ ի՞նչ եղան մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը և պատվախնդրությունը: Մի՞թե մենք ի վիճակի չենք ունենալու ազգային և պետական մտածողություն:
Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ