ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ԿԵՆՑԱՂԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՄԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ»

«ԿԵՆՑԱՂԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՄԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ»
10.02.2012 | 00:00

Այսօր աշխարհի շատ երկրներում աղբն ամբողջությամբ վերամշակվում է, իսկ սննդային մնացորդներից էլեկտրաէներգիա կամ մեթան են ստանում: «Քլինլենդ» ընկերությունը Հայաստանում առաջինն է, որ սկսել է աղբի տեսակավորման ու վերամշակման գործընթացը:
Այդ նպատակով աղբի տեսակավորման գործարաններ են կառուցվել Գյումրիում և Վանաձորում, իսկ Երևանում` օգտահանված նյութերը վերամշակվում են նորակառույց վերամշակման գործարանում, և ստացված երկրորդային հումքն արտահանվում է: «Հայաստանում չունենք իրացման շուկա, և «Քլինլենդ» ընկերության հեռանկարային ծրագրերից է հետագայում արտադրական արտադրամասի հիմնումը»,- ասում «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի տնօրեն ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, հավելելով, որ երկրորդային հումքը չի կարող օգտագործվել սննդարտադրության մեջ:
Կենցաղային աղբի մեջ գտնվող տարատեսակ նյութերը բնակլիմայական երևույթների ազդեցության ներքո մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր: Բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայաստանում աղբը չի վերամշակվում, այրվում է, ինչը լուրջ վտանգ է շրջակա միջավայրի համար: «Հատկապես վտանգավոր են պլաստիկի տարատեսակները, որոնք հարյուրավոր տարիներով չեն քայքայվում, պոլիէթիլենային թաղանթը, ապակին նույնպես չեն տարրալուծվում բնության մեջ: Հայաստանում այս ամբողջը մի տեղ է հավաքվում և այրվում, իսկ աղբայրումից գոյացած թունավոր նյութերը մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը: Եթե նույնիսկ չայրեն, այդ նյութերն ամռանը սկսում են ինքնահրկիզվել: Վանաձորի Արջուտի աղբավայրում, օրինակ, աղբն անընդհատ այրվում է, ծուխը մթնոլորտ է բարձրանում, ինչը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար»,- ասում է Աստղիկ Ավետիսյանը և նշում, որ բացառիկ այս ծրագիրը միայն լրատվամիջոցների կողմից է արձագանք գտնում: Նրա խոսքով` ընկերությունը բազմաթիվ ներդրումներ է կատարել, հետաքրքիր հեռանկարային նախագծեր կան, բայց պատկան մարմինները դեռևս չեն հետաքրքրվել դրանցով, այն դեպքում, երբ մեր երկիրն էկոլոգիայի ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել, և այս գործարաններն այդ տեսանկյունից շահեկան հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար:
«Քլինլենդը» կարևորում է հիմնականում սոցիալական, կրթական խնդիրները: Ընկերությունը քարոզարշավներ է իրականացնում, որպեսզի ամեն ընտանիք իր տանն արդեն իսկ տեսակավորի աղբը: «Չի կարելի սնունդն ու պլաստիկը լցնել միևնույն տոպրակում, դրանք պետք է առանձնացվեն, հետագայում վերամշակման փուլ անցնեն,- ասում է Աստղիկ Ավետիսյանը:- Ավելին ասեմ, կան ընկերություններ, որոնք իրենց տարածքում տեսակավորում են աղբը, բայց երբ աղբահավաք մեքենան հավաքում է այն, էլի նույն խառնաշփոթն է ստացվում: Կենցաղը պայմանավորված է նաև մեր մտածելակերպով. մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ անում ենք, վտանգավոր է հենց մեզ համար»:
Նշենք, որ Հրազդան, Դիլիջան ու Սևան քաղաքների ավագանիներն ընկերությանը տրամադրել են աղբի տեսակավորման բացառիկ իրավունք` 25 տարի ժամկետով:
«Քլինլենդ» ընկերությունն աղբի դիմաց Վանաձորի քաղաքապետարանին արդեն փոխանցել է 21 միլիոն դրամ, յուրաքանչյուր ամիս 3 միլիոն դրամ` ընկերությանը տրամադրվող աղբի դիմաց, սակայն, մինչ գործարան հասցնելը, աղբարկղում աղբն արդեն տեսակավորում են անհայտ անձինք, արդյունքում գործարանն ընդունում է անորակ աղբ, ինչը խոչընդոտում է այս գործի զարգացումը: «Մենք դիմել ենք Վանաձորի քաղաքապետին, որպեսզի մեկ տարի ժամկետով մեր վճարած գումարն ամսական 300 000 դրամ կազմի, բայց քաղաքապետն առանց հիմնավորման հրաժարվում է գործընթացին նպաստելուց,- ասում է Աստղիկ Ավետիսյանը,- այն դեպքում, երբ նույն գործընթացն իրականացվում է Գյումրիում, և քաղաքապետարանն ուսումնասիրություններից հետո հասկացել է, որ չի կարող ապահովել աղբի համապատասխան ծավալ ու ընդառաջել մեր խնդրանքին: Մինչդեռ սա անկախությունից հետո Վանաձորում ստեղծված այն փոքրաթիվ արտադրական ձեռնարկություններից է, որտեղ կատարվել են բավականաչափ ներդրումներ, ստեղծվել են աշխատատեղեր, աշխատանքային համապատասխան պայմաններ, ի վերջո, սոցիալական լուրջ հիմնախնդիր է լուծվել: Մենք ստիպված դադարեցրել ենք Վանաձորի աղբի տեսակավորման գործարանի աշխատանքները` ակնկալելով դրական լուծում: Ցավոք, Վանաձորի քաղաքապետը մինչև այսօր չի արձագանքել»:
Աստղիկ Ավետիսյանի խոսքով` ընկերությունը բիզնես տեսանկյունից ոչ շահեկան վիճակում է. միջոցներն ու հարկային վճարները չեն համապատասխանում, և ներկայումս խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում: Այս պահին ընկերությունն ուսումնասիրում է շուկան, առկա իրավիճակը, հետագայում կորոշվի նաև` Հայաստանում կկառուցվի՞ աղբի այրման գործարան:
«Այրման հատուկ սարքավորումներ պետք է ներկրվեն, իսկ էներգիա կամ գոլորշի ստանալու համար անհրաժեշտ է «որակյալ» աղբ: Այս առումով դաշտն ուսումնասիրվում է,- ասում է Աստղիկ Ավետիսյանը:- Երևանը նմանատիպ փորձ չի ունեցել, մայրաքաղաքի աղբի նկատմամբ նմանատիպ մոտեցում ցուցաբերելը դեռևս հեռու է իրականություն դառնալու մտքից»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ