Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

Հիշատակման ծաղիկներին` նոր կյանք

Հիշատակման ծաղիկներին`  նոր կյանք
08.05.2012 | 00:00

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը` ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի անմար կրակը շրջանակող գրանիտե քարերին: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում և տեղափոխվում են աղբանոց:

Խորհրդանշական կամ հիշատակման այդ ծաղիկները մինչև վերջ իրենց նպատակին ծառայեցնելու համար արդեն երեք տարի է, ինչ ապրիլի 27-ին, «Երկրի օրվա» միջոցառումների շրջանակներում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` ժամը 10-18-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնում է ծաղկահավաք: Հավաքին մասնակցելու համար հուշահամալիր են գալիս բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների, տեղական, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կրթահամալիրների և բուհերի ուսանողներ: Կյանքի կոչելով FPWC-ի նախաձեռնությունը` նրանք մեկ առ մեկ նախատեսված տարածք են տեղափոխում Մեծ եղեռնի հուշարձանի անմար կրակի շուրջը բարձրացած կենդանի ծաղիկների պատը: Այնուհետև նախանշված տարածքում միջոցառման մասնակիցները տարանջատում, առանձնացնում և տեսակավորում են օրվա խորհուրդը կրող ծաղիկների թերթերն ու ցողունները` ուղարկելով վերամշակման:

«Հիշատակման ծաղիկների ցողուններն աղալուց-վերամշակելուց հետո օգտագործվում են որպես հուշահամալիրի այգիների հումուս կամ օրգանական պարարտանյութ, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքելուց-չորացնելուց հետո վերարտադրվում, վերածվում են խորհրդանշական թղթի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հետագայում նրբորեն ձևավորված հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար», - մեր թղթակցին ասաց Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

«Անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող յուրաքանչյուր ծաղիկ, հարգանքի տուրք լինելուց բացի, կարևոր դեր կարող է ունենալ մեր ընդհանուր հայանպաստ գործում: Ծաղիկների վերամշակման արդյունքում տպագրված հուշագրերը, շնորհակալագրերն ու հրավիրատոմսերը, դրանցում տեսանելի ծաղկաթերթերի շնորհիվ` յուրօրինակ են, յուրահատուկ: Դրանք, հաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված Հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունը, միաժամանակ կոչ են` հիշեցնելու այդ ոճիրը, դառնալով ինքնատիպ դեսպան Հայաստան այցելած ամեն մի օտարերկրացու համար»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ:

«Որպես նախաձեռնող ցանկանում ենք, որ մեզ հետ, թե առանց մեզ ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա և շարունակական լինի, քանի որ տարեցտարի ավելանում է միջոցառման մասնակիցների թիվը», -հավելեց Ռուբեն Խաչատրյանը:

Նշենք, որ միջոցառումն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ