ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԿԱՐՄԻՐ ԿԵՐՏՈՒՄԻՑ` ԵՌԱԳՈՒՅՆ ՔԵՐԹՈՒՄ

ԿԱՐՄԻՐ ԿԵՐՏՈՒՄԻՑ` ԵՌԱԳՈՒՅՆ ՔԵՐԹՈՒՄ
23.03.2012 | 00:00

«Մեզ սպառնում է անցյալը` առաջին հերթին` քաղաքական, զանգվածային ոստիկանական իր ողջ հմայքով։ Համենայն դեպս, այն վիճակը, որի դեպքում արվեստը, առհասարակ, և գրականությունը, մասնավորապես, հանդիսանում են փոքրամասնության պատկանելիքը, ինձ պատկերանում է անառողջ և սպառնալի»:
Իոսիֆ ԲՐՈԴՍԿԻ
Նոբելյան բանախոսություն, Ստոկհոլմ, 1987 թ.


ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ-ԴՄԲՈՒԶ
«ԼԼ» քաղաքական գորշ ամպերով ծածկված թերակղզում ենք, որ ժամանակավորապես անվանակոչված է էսպես. «Ընդառաջ հանրապետության վերածննդին»։ Գերազանց կարգախոս է։ Զի այն, ինչ ունենք այս թունդ նախընտրական վազանցումներում և վրաերթերում, ամեն ինչ է, միայն թե ոչ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի տեսլական։ Եվ քանի որ նախընտրական «հոպ-զիլինան», «չլիկ-դաստան» և «բռնոցի-պպզոցին» նոր-նոր են ինքնագրգռվում, ապա քաղմարմիններին, անցողիկ և չանցողիկ, ներկայացնում ենք այն անխուսափելին, որ պետք է նրանք իրագործեն` երկիրը կքանիստ վիճակից դուրս բերելու, Գետառի առնետներին առնական աքացի հասցնելու և, անշուշտ, օլիգոպոլիկների հացն ու ջուրը ցամաքեցնելու գերագույն նպատակով։
Եղե՛ք ուշադիր, ինքնասիրահարված վերլուծաբաններ ու ինքնորոշված տեսաբաններ, և ընտրանին դարձրեք մատի փաթաթան, ականջի օղ, քաղվոժդի բջջայինի մեղեդի և կուսակցական օրհներգերի բնաբան, «կարմրադոշ» դաշինքի գլխադասային օթյակ:

ՔԵՐԹՈՒՄ ԵՎ ԿԵՐՏՈՒՄ
Հանրապետության ոչ անկախական մշակույթը յոթանասուն տարում սխրագործեց հետևյալը.
ա) քերթեց յոթանասունյոթ բեռ կաշի,
բ) կերտեց յոթանասունութ փութ կոթող։
Ո՞Ւմ էին քերթում։ Եվ կամ ի՞նչը։
Քերթում էին ապաշնորհ-մենատնտեսներին։
Ժամանակից առաջ ընկած ազատական-այլախոհներին։ (Բնության մի զարմանահրաշ օրինաչափությամբ` այլախոհները նաև տաղանդավոր էին)։
Քերթում էին հակապետական-ապազգայիններին։ (Բնության մեկ այլ օրինաչափությամբ` ապազգայինները ինքնափքուն-ինքնամփոփներ էին)։ Սրանք տարագրվեցին Սովետմիությունից և ազատ Արևմուտքում դարձան ռադիոկայանների թղթակից, բենզալցակայանի լիցքավորող։
Այնինչ Սովետմիությունում գիտության ու մշակույթի անվանի մշակ էին, շքեղ բնակարանի տեր մայրաքաղաքի սրտում, ամենուր` պատվավոր սեղանապետ ու քննական հանձնաժողովներում` օծյալ թամադա։

ԳԼԱՎԼԻՏԸ
Սա Սովետմիության մշակույթի քերթման ու կերտման գլխավոր օրգանն էր, բարբարոսության ու վայելչանքի խառնարանը։ Գաղափարախոսական դավերը հիմնադրույթ էին և ուղենիշ։ Լուսանցքում էին մնում բազում փայլաշող գաղափարներ, և, մայրաքաղաքի կոյուղաջրերին խառնվելով, Արաքսի ալիքներին էին ի պահ տրվում բանսարկու և գրագող մտքեր, դավադիր և թունալից հանգեր, ապաշնորհ, այպանելի տաղեր, տողեր, տողատակեր։

Եվ հարբում-հոխորտում էին Շիրազն ու Ներսիսյան Լևոնը։ Ազգային ոգին ու միտքը նրանց կենարար հոխորտանքից թափ առնում ու հանգրվանում էին հենց այն մշակութակենտրոն առանցքում, որ դուրս էր ամենայն գլավլիտային հսկումներից և կագեբեական հակումներից։ Իսկ առանցքն այդ անշուք մի սեղան էր սովետական սրճարանի անկյունում։ Խորհրդային «շիրպոտրեբի» մի թշվառ «վետերան», որ կենսալիցք զրույցների բեմահարթակի էր վերածվում, երբ սկիզբ առնում ու չէին ավարտվում Ավետ Տերտերյանի, Էդմոնդ Ավետյանի, Տիգրան Մանսուրյանի բոհեմիկ-այլախոհական խոսքն ու զրույցը։ Զրույց, որն ուներ հանդիսասրահ (հարակից սեղանները) և ուներ սեփական «ստուկաչը»։ Հանդիսասրահում գլուխ գլխի էին տալիս ժամանակի առաջադեմ, ըմբոստ, անընկճելի (և անմխիթար) այր ու կին, պարմանի և պարմանուհի։ Սա Սովետմիության ծայրագավառ Հայաստանի ֆորումն էր, լուսարձակ հոգեմտակերպի բացօթյա ճեմարանը։ «Կոզիրյոկ», «Սկվազնյաչոկ», «Պապլավոկ» և «Նկարիչ» սրճարաններ, և մտքի, ոգու, սրտի թափահավաք վազք։
Սքանչելի՜ օրեր։

Սակայն մի պահ դադար առնենք և մի գավաթ արևելյան սուրճ ըմպենք «ԼԼ» սյունազարդ սրահում։ Լուծվող սուրճ չենք առաջարկում, նախընտրական օրերին այն հավելվում է լուծողականի բյուրեղներով։ Եվ քաղհակառակորդներդ որովայնային բանախոսության ամենաեռուն պահերին, անկախ սեփական կամքից, սկսում են խելամիտ մտքեր արտահայտել։ Զորօրինակ, անցյալ ընտրություններում նախալեռնային համայնքից առաջադրված տեղական օլիգարխի դրածո Վարազը, ով ուներ չորրորդ դասարանի կրթություն, չորս հարյուր գլուխ եզ ու խոզ, երեք զոքանչ, երկու կատու և քրոնիկ ապուշություն, լուծվող սուրճի տասներկուերորդ տուփից հետո սկսեց ցիտել Իոնեսկուին, Սարտրին, Թումանյանի Գիքորին և Օհանյան Մարգարին։ Եվ օլիգարխի փոխարեն ինքը հայտավորվեց խորհրդարանում։ Մի խոսքով, զգոն լինենք։ Եվ ունկնդրենք արգո Մանսուրյանին.
«Նկարիչների տան սրճարանում ուրիշ մեծեր ևս կային, անշուշտ, բայց նրանց չափը չունեին։ Այն, ինչ կարող էր պատմել Քոչարը կամ ասել Կոստան Զարյանը, որևէ տեղ ո՛չ կկարդայիր, ո՛չ կլսեիր. դրանք միայն այդ միջավայրի ներսում գոյացող մտքեր, արժեքներ էին։ Նման խնդիրներ շոշափվում էին լենինգրադյան կամ մոսկովյան որոշ ինտելեկտուալների խոհանոցներում միայն։ Այդ ընթացքն իմ կյանքում կարևոր համալսարանական շրջան եղավ։ Իհարկե, մենք ունեինք մեր րՑցՍՈփ-ը։ «Սիրում» էինք նրան, նա էլ մեզ էր «սիրում»։

Իսկ մենք ի՜նչ արինք նորանկախացմամբ։
Նախ` լուծարեցինք գլավլիտը (թող որ կորչի Սովետմիության կառափնարանը)։
Հետո գոցեցինք «Սկվազնյաչոկն» ու «Նկարիչը»։ Կազմալուծվեց «ստուկաչների» ինստիտուտը։
Ի դեպ, հենց գլավլիտի օրերին լույս ընծայվեցին հայ գրականության չքնաղ մասունքները` Չարենց ու Տերյան, Շիրազ ու Սևակ, Սահյան և այլք։
Իսկ Փարաջանովն ու Փելեշյա՞նը։ Մի խոսքով, Սովետմիության ապազգային տասնամյակներում հայ ազգային մշակույթը վերընթաց ապրեց ինչպես երբևէ։ Գուցե Գլավլիտի սպառնալի՞քն էր պատճառը։ Կամ էլ, գուցե թե, խթանիչ էին պլանային տնտեսության մասին զօր ու գիշեր պատմվող հեքիաթները` առաջավոր կթվորուհի Մայրանուշի ռեկորդային նվաճումներով, երբ նա Ծաղիկ կովից օրական ստանում էր նույնքան կաթ, որքան չէր ստանում Այովա նահանգի առաջատար ֆերմեր Ջորջն իր «Մոնիկայից» մեկ շաբաթում։
Մի խոսքով, ազգային մշակույթը, թեկուզ և մուրճի ու մանգաղի «օրհնանքի» ներքո, ծաղկում-բարգավաճում էր։

ԿՈՄԻՏԵԻՑ ԿՈՄԻՆՏԵՐՆ
Գլավլիտը` չիք։
Չի՛ք այլևս պետական պատվեր առաջադեմ վարպետներին, որ նաև բանկային կլոր հաշիվներով էր ամբողջանում։ Ասենք, մի քսան-քսանհինգ հազար ռուբլի։
Փոխարենը` ազատություն-այլախոհություն-այլակերպում։ Ամենուր։ Հեռուստաէկրանին ու Մայր թատրոնի բեմում, ԳԱԱ-ում ու ստեղծագործական միությունների այլընտրանքային խառնարաններում, սերիալային բոմժապատումներում։ Առհասարակ` ուր աչքդ կտրի, ականջդ որսա, թաթդ հասնի։ («Թող սովետախորհրդային կառափնարանը հիշեն էդ անխոհեմ- ախմախները»` ասացին կոմիտեական տղերքը և կոմինտերնի ոգով թլփատեցին մշակութային կարգ, կայունություն, կարգապահություն)։ Եվ էդ ո՞ր հորս ցավի համար պիտի պետության բյուջեն դերասան կերակրի։ Դերասանը սերիալային երկու բառաչ-մայունից ետքը ինքն է բյուջեն սնուցում։
Եվ, կներեք, Սունդուկյանի թատրոնի կամ օպերայի բեմերը էդ ինչո՞ւ պիտի պարապ մնան, էս ո՞ր թիվն ա։ Կազմակերպում ենք համազգային խաշկերություն, համապետական կնունք, համաքաղաքային ադիբուդիի ստուգատես։

Եվ ահա 1997-ին Երևանի քաղաքապետարանը մերժեց Արթուր (Արտավազդ) Փելեշյանի խնդրանքը` մայրաքաղաքում երկսենյականոց բնակարան ունենալու վերաբերյալ։

Իսկ մինչ այդ երրորդ հանրապետության առաջին արձանը կերտվեց ի պատիվ ծաղկավաճառ և արբեցող Կարաբալայի (Ղարա-բալա)։
ՈՒ նաև` 13 կլոր տարի է, որ ՀՀ ստեղծագործական միությունների մասին օրենքը, պարկապզուկի նվագի տակ, մե՛կ թև է առնում, ու մե՛կ էլ դուդուկանվագ մրմունջով լռում գզրոցներում։
Այնինչ Մատենադարանում վարչապետը հայոց հույժ վեհանձն էր ու քիչ էլ հուզախռով։ Ոչ պակաս վեհանձն էին դահլիճը գրաված մտավորականները, սակայն պակաս հուզախռով էին։ Ինչո՞ւ։ ՈՒրիշ բան չփնտրեք։ Տառապանքը փորձ ունի։ Զի ազգային մշակույթի հայեցակարգի մասին ասում-խոսում ենք, բայց սայլը դեռ նույն ցեխաջրում է։ Զի նորանկախ հայոց մշակույթը քերթվում-կերտվում է ի հաճույս արտաքին պարտադրանքների` ի հեճուկս ներքին խեղկատակների։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Մշակութաքերթման դեմն առնելու հնար չկա։ Նախ հնգապատկում ենք գիտության մշակների աշխատավարձը, հետո «դնում յուրաքանչյուր օլիգոպոլիկի վզին»` յուրաքանչյուր ցուցահանդեսից գնել ոչ պակաս 15 կտավ ու հինգ արձան (դրանք վերավաճառելը սեփական թիկնազորի պետին ցանկալի չէ, բայց կարելի է)։
Այնուհետև. հարկերից ու տուրքերից իսպառ ազատել գրահրատարակիչներին, ստեղծագործական միություններին և նրանց շրջակայքում գումար չանթող մուրացողներին։
Ի վերջո, վերոնշյալն ամրագրել նախընտրական հեքիաթներից յուրաքանչյուրում` մաս առ մաս։

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ