Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Հայի աչքերում լույս կա (Կարսում)

Հայի աչքերում լույս կա  (Կարսում)
24.08.2024 | 20:12

Արդյոք թու՞րք ենք մենք…

- Ներեցե՛ք, հա՞յ եք,- հարցրի Կարսի բերդի ստորոտում կագնած մի խումբ եվրոպացիներից մեկին։ Նա, ում հարցրի, մի պահ շփոթվեց, ասես տագնապեց։ Նրա կողքին կանգնած մի տղամարդ համարձակ ու ժպիտը դեմքին ասաց․
- Ինչպե՞ս ճանաչեցիր, գուցե ե՞ս եմ հայ։
-Ո՛չ, դու հայ չես, հայի աչքերում լույս կա․իմ պապի, իմ հոր և մոր, իմ հարազատների, իմ կնոջ և զավակներիս աչքերում էլ կա այդ լույսը:
Եվրոպացին ուշադիր նայեց մե՛կ իր հայ ընկերոջ աչքերին, մե՛կ՝ իմ աչքերին, հետո ուշադիր նայեց իր կողքին կանգնած մարդկանց աչքերին և զարմանքից կարկամեց․
-Օ՜, Աստվա՛ծ իմ, ինչու՞ մինչև հիմա չեմ նկատել, բայց դա ակնհայտ է։
Եվրոպացի հայը մոտեցավ ինձ և հայերեն շշնջաց․
- Դու ճիշտ ես, հայ եմ , իմ հա՛յ եղբայր:

Նա մեկնեց իր ձեռքը, ես բռնեցի նրա ձեռքը, և մենք ողջունեցինք իրար ինչպես հին բարեկամներ, ինչպես հարազատ եղբայրներ։
Մենք ծանոթացանք:
- Իմ անունը Տիգրան է, Ես ապրում եմ Իտալիայում, ճարտարապետ եմ մասնագիտությամբ։ Գրեթե ամեն տարի մեկնում եմ Հայաստան, բայց Կարս առաջին անգամ եմ եկել, անկեղծորեն՝ մի տեսակ վախ կար մեջս այս երկրի հանդեպ։ Արմատներով Կարսի մարզի Արդահան քաղաքից էր իմ պապը։ Հայրս շատ է պատմել Արդահանի,Կարսի, Կարսի Առաքելոց վանքի մասին։ Հայրս պապիս խոստացել է այցելել Կարս ու Արդահան և մի բուռ հող և մի շիշ ջուր բերել և շաղ տալ իր շիրիմին։ Ցավոք, հայրս չկարողացավ գալ, հիվանդ է անկողնային, գուցե նաև ներքին մի վախ կար նրա մեջ, ինչպես և ինձ էր այդ վախը անհանգստացնում, որովհետև հայերի հանդեպ այդ բազմաթիվ դաժանությունները շատերին են կաշկանդում:
-Իմ անունը, ցավոք, հայի անուն չէ, թուրքիայի բոլոր բնակիչները պաշտոնապես գրանցված են որպես թուրք․մեր անունն ու ազգանունը պետք է թուրքական լինի: Իմ անունը Նազիմ է, բայց պապս մեզ բոլորիս հայկական անուններ էր տվել, և տանը մենք հայկական անուններով ենք իրար դիմում․իմ անունը Հովիկ է՝ Հովհաննես։
Իտալացի ընկերը ուշադիր լսում էր մեր զրույցը, բայց, բնական է, ոչինչ չէր հասկանում։ Ես որոշեցի Տիգրանին և նրա ընկերոջը հրավիրել մեր տուն․դա իմ զավակների համար էլ հաճելի անակնկալ կլինի, նրանք հայերեն խոսող մեկ այլ հայի հետ կհանդիպեն և կզրուցեն։
- Տիգրա՛ն, եղբա՛յր, ես քեզ և ընկերոջդ հրավիրում եմ մեր տուն,ես քեզ կծանոթացնեմ իմ ընտանիքի և զավակներիս հետ, պապիս շնորհիվ մենք հայերեն խոսել և կարդալ սովորեցինք։ Ես քեզ հետաքրքիր պատմություն կպատմեմ, թե ինչպես ենք մենք պահպանել մեր հայ լինելը, կհյուրասենք քեզ ու քո ընկերոջը հայկական համեղ ուտեստներով, իտալացի ընկերդ կհիշի ոչ միայն Կարսի հզոր բերդը, այլև կճանաչի իսկական հայերին և կվայելի հայկական հյուրասիրությունը։
Տիգրանը ընկերոջն իտալերեն հաղորդեց իմ հրավերը։
- Si, con piacere, oggi ho fatto’ una grande scoperta.Grazie.
(Այո՛, հաճույքով, ես այսօր մեծ բացահայտում արեցի՝ դա Հայի աչքերն են։Շնորհակալ եմ):

Իսկ երբ իմացավ իմ անունը, ասաց․
- Oh, Giovanni italiano e Giovanni armeno…Adoro il mio nome,e tu? (Օ,՜Ջիովաննի իտալերեն է, Ջիովաննի նաև հայերեն է։ Ես սիրում եմ իմ անունը, իսկ դո՞ւ )։

Ջիովաննիին որպես բարեկամության նշան մեկնեցի ձեռքս, որը նա սեղմեց ջերմորեն:
Ես վարձեցի տաքսի, և 15 րոպեից մեր տանն էինք։ Հարյուր և ավելի տարվա վաղեմություն ունեցող սև տուֆով կառուցված մեկհարկանի մեր տունը իր ճարտարապետական լուծումով մեծ տպավորոթյուն թողեց ճարտարապետ Տիգրանի և նրա իտալացի ընկերոջ՝ Ջիովաննիի վրա․նրանք լուսանկարեցին շենքի ճակատը, քիվերը, դռան և լուսամուտների կամարները։ Իսկ մեր տան ներքին բակը նրանք փոքրիկ դրախտ անվանեցին։ Մինչ հյուրերս ծանոթանում էին մեր տանն ու բակին, զրուցում որդիներիս հետ, կինս, դուստրս և քույրս պատրաստեցին դոլման ու քյուֆթան, և ճաշի սեղանը բացեցին խնձորենու տակ։ Տիգրանն անընդհատ խոսում էր հայկական ճարտարապետության մասին, հիացած էր Հայաստանի և մանավանդ Երևանի շենքերի հայկական դասական ճարտարապետության կատարելությամբ։ Ջիովաննին իրեն հատուկ զվարթ և անկեղծ հիացմունքով խոսեց հայկական եկեղեցական ճարտարապետության մասին․
- Դուք գիտե՞ք, թե ի՞նչ է ասել ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկին հայկական ճատարապետության մասին։
- Ես, ցավոք, չեմ ճանաչում Ստրժիգովսկուն-,ասացի ու ամաչեցի, որ իտալացին գիտի, թե որքան բարձր է գնահատել հայկական ճարտարապետությունը աշխարհահռչակ Ստրիժիգովսկին, իսկ ես անգամ չեմ լսել նրա անունը։
Ջիովաննին պայուսակից հանեց երկու գիրք, որի հեղինակն էր նույն ինքը՝ Յոզեֆ Ստրիժիգովսկին, վերնագիրն էր․«Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան»։ Տիգրանը կարդաց և թարգմանեց Ստրժիգովսկու մի քանի կարևոր և հանրահայտ մտքերը հայկական ճարտարապետության վերաբերյալ, ըստ նրա գիտական հետազոտությունների՝ գոթական ճարտարապետական ոճը հայկական ոճի ուղղակի ժառանգորդն է ու շարունակությունը։ Այդ գիտական աշխատությունը հրատարկվել է 1918 թվին, Վիեննայում։ Իմ որդիները զարմացած և հիացած էին, և քանի որ գիտեին անգլերեն, Ջիովաննիի հետ սկսեցին խոսել անգլերեն և պատմել Կարսի Առաքելոց սուրբ եկեղեցու մասին և պայմանավորվեցին վաղը միասին գնալ՝ տեսնելու մզկիթի վերածված Առաքելոց վանքը։ Մեր ճաշկերույթը հաճելի ժամանցի վերածվեց․իտալացի Ջիովաննին ինչպիսի՜ հաճույքով էր վայելում հայկական ճաշերը, լավաշը․․․
- Հովհաննե՛ս, իմ հա՛յ եղբայր, դու խոստացար պատմել, թե ինչպե՞ս եք այս համատարած ճնշումների պայմաններում պահպանել ձեր ինքնությունը, գուցե դա կլինի նաև դաս մեզ համար, որ ապրում ենք ոչ Հայաստանում։ Ճիշտ է, Եվրոպայում չկան այդօրինակ ճնշումներ, բայց մարդիկ, ոչ միայն հայերը, տարիների ընթացքում ձուլվում են այդ պետության ազգի մեջ: Դա մեծ ցավ է Հայերիս համար։
Ես խնդրեցի որդիներիս, որ նրանք իմ պատմությունը հերթով անգլերեն թարգմանեն Ջիովաննիին, ես խոստացա պատմել դանդաղ։
- 1915 թվի Հայոց ցեղասպանությունը պատմական և քաղաքական իրողություն է․ինչու՞ քաղաքական, որովհետև աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ ճանաչել են այդ ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան կայսրությունում իրականացված և՛ ռազմական հանցագործություն, և՛ համամարդկային բարոյականության և խղճի դեմ հանցագործություն։
Որդիս՝ Վահանը, մի փոքր դժվարացավ թարգմանել, Տիգրանն անմիջապես շարունակեց թարգմանել իտալերեն։
- Ես հասկացա որդուդ թարգմանությունը, խնդրում եմ, թող նա անգլերեն թարգմանի, այդպիսով նա ևս մասնակից կլինի այս կարևոր գործին, անգլերենն էլ կկատարելագործի:
Վահանը շփոթված ժպտաց և համաձայնեց Ջիովաննիի հետ։

- Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում շարունակվեց մինչև 1923 թիվը, այդպես են հաստատում պատմաբաններն ու քաղաքագետները։ Ցեղասպանությունը միայն ազգի ու ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը չէ, ցեղասպանություն է նաև հայրենազրկումը՝ բռնի տեղահանությունը դարերով ապրած իր հայրենիքից, այդ հողի վրա ստեղծված մշակութային արժեքների ոչնչացումն է նաև կամ յուրացունը, ինչպես, օրինակ, Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին մզկիթի վերածելը, պատմության խեղաթյուրումը, ինչպես, օրինակ, թուրքական պաշտոնական պատմաբանները հայերին համարում են եկվորներ՝ անտեսելով իրենց եկվոր լինելը, բռնի զրկելը ազգային ինքնությունից, ինչպես, օրինակ, Թուրքիայի բոլոր քաղաքացիները պաշտոնապես, պետականորեն որպես թուրք են գրանցված իրենց անձնական փաստաթղթերում, լեզվափոխությունը՝ ազգային լեզվով խոսելու, կրթվելու և գեղարվեստական կամ գիտական գրականություն ստեղծելու սահմանադրական իրավունքից զրկելը, մերժելը։ Մենք՝ բնիկ ժողովուրդներս, ապրել ենք քաղաքական այսպիսի պայմաններում և այսօր էլ զրկված ենք մեր ազգային պատկանելությունից, մեր ազգային դարավոր մշակույթով ապրելու և սերունդներին փոխանցելու իրավունքից:
Վահանը փորձում էր համաժամանակյա թարգմանություն անել, որտեղ դժվարանում էր, Տիգրանն իտալերեն էր թարգմանում։
- Ջիովաննի՛, ինչպե՞ս եք կարողացել պահպանել հայի ազգային ինքնությունը այդ ճնշումների տակ, որքան հասկացա, այդ ճնշումները միայն հայերի դեմ չեն եղել։
- Այո՛, Ջիովաննի՛, դու ճիշտ ես հասկացել․թյուրքական պետության նպատակը դարեր շարունակ եղել է ինքնահաստատումը՝ ուրիշի Հայրենիքը դարձնելու թյուրքերի համար ոչ միայն պետություն, այլ նաև Հայրենիք։ Այս դարերի ընթացքում աշխարհի աչքի առաջ սելջուկ մոնղոլոիդ թյուրքական ցեղը դարձավ եվրոպոիդ, դարձավ արմենոիդ, և ոչ ոք չզարմացավ և չզայրացավ․զայրանալ՝ քաղաքկան իմաստով եմ ասում․պետական-քաղաքական հարաբերություններում թուրք պաշտոնյաների հետ հարաբերվում են այնպես, ինչպես եվրոպացու հետ, բայց, չէ՞ որ բոլորն էլ գիտեն թյուրք սելջուկների դաժան արշավանքների, թալանի, պատերազմների պատմությունը․այն ժամանակների ձեռագիր մատյաններում պահպանվել են նրանց դիմանկարները՝ դեղնամորթ, շեղաչք և ահավոր տգեղ․․․․հիմա ու՞ր են այդ մոնղոլոիդ-շեղաչք սելջուկ թուրքերը, ոչ ոք Էրդողանին չի՞ հարցնում:
Վահանը մեծ ճիգ ու ջանքով թարգմանում էր անգլերեն, նրան օգնում էր եղբայրը՝ Վահեն, երբեմն էլ Տիգրանն էր իտալերեն թարգմանում, երբ տղաներս դժվարանում էին․շատ լարված, բայց ջերմ մթնոլորտ էր ստեղծվել մանավանդ որդիներիս համար, որոնք առաջին անգամ էին տեսնում և հաղոդակցվում իրենց մայրենի լեզվով օտար երկրում ապրող մի հայի հետ, որն ազատ խոսում էր հայերեն և իր երկրում չէր թաքցնում իր հայ լինելը:
- Հովհաննե՛ս, ես անհամբեր սպասում եմ, թե երբ ես պատմելու քո մանկության տարիների և մանավանդ պապիդ մասին, Ջիովաննին նույնպես ուզում է լսել քո պատմությունը։
- Ամեն անագամ, երբ ես հիշում եմ կամ պատմում իմ մանկության տարիների մասին, հուզվում եմ։ Իհարկե բոլոր մարդիկ էլ, երբ հասնում են որոշակի հասուն տարիքի, միշտ առանձնահատուկ կարոտով ու ջերմությամբ են հիշում իրենց մանկությունը, ինձ համար ծանր ապրումների, ինչ-որ թաքուն և խորհրդավոր լռությունների տարիներ են եղել դրանք, մենք որոշակի տարիքում չգիտեինք, որ հայ ենք․ պապս առաջինն ինձ ասաց, որովհետև ես ավագն էի երեխաների։ Բայց ես իմ երեխաներին ավելի վաղ եմ պատմել մեր հայ լինելու մասին․հիմա կարծես մի փոքր մեղմացել են այն խստություններն ու սարսփը, որ կային իմ մանկության տարիներին և դրանից առաջ։
50-55 տարի առաջ էր։ Կարսում, որտեղ ես ծնվել եմ և մեծացել, հազվադեպ էին գալիս զբոսաշրջիկներ։ Մենք ապրում էինք մի տեսակ մեկուսացած Թուրքիայի մյուս շրջաններից, և արտաքին աշխարհի հետ մեզ կապող և ինչ-որ չափով աշխուժություն մտցնողը Կարս-Ռուսաստան գնացքն էր, որ ժամանում էր որոշակի պարբերականությամբ։ Մանկուց մեզ այդպես էին ասում, որ գնացքը գալիս է մեծ Ռուսաստանից։ Մենք՝ երեխաներս, վազում էինք կայարան և փոքրաթիվ ուղևորներից քաղցրավենիք ու էլի ինչ-որ բաներ էինք խնդրում: Նրանք հիմնականում մեզ մատիտ էին նվիրում և բացիկներ՝ Ռուսաստանի բնության պատկերներով։
Մենք հավաքում էինք դրանք, ապա փոխանակում միմյանց հետ, երբեմն նույն բացիկից մեզնից որևէ մեկի մոտ երկու-երեք հատ էր լիում։ Այդ փոխանակումը մեզ համար նույնպես խաղ էր։ Հիշում եմ, հերթական անգամ շնչակտուր վազում էինք կայարան՝ գնացքը դիմավորելու։ Մենք վազում էինք Կարսի խորդուբորդ փողոցներով, որովհետև գնացքն արդեն ժամանել էր, և մենք եթե ուշանայինք, չէինք հանդիպի ռուս ուղևորներին։ Ես ամենափոքրն էի տղաներից և չէի հասցնում նրանց հետևից։ Դիմացից դուրս եկած սայլը փակեց իմ ճանապարհը, և ես հազիվ փրկվեցի անիվների տակ ընկնելուց։ Վերջապես ես էլ հասա կայարան։ Կառամատույցում ոչ ոք չկար։ Ես, հուսահտությունից հազիվ լացս զսպելով, մտա կայարանի սպասասրհը և անսպասելի տեսա բոլոր ռուս ուղևորներին։ Քիչ մնաց ուրախությունից ճչայի, ուզեցի մոտենալ նրանց և քաղցրավենիք խնդրել, բայց չհամարձակվեցի․այդ պահին ես մենակ էի, չկային իմ ընկերները, որոնց հախուռն հրմշտոցի և ճիչերի մեջ ես ինձ վստահ էի զգում․ դա մի տեսակ ինքնաբերաբար էր ստացվում։ Իսկ հիմա ես մենակ էի՝ դեմ-հանդիման ռուսների հետ և չգիտեի՝ ի՞նչ և ինչպես անել։ Եվ իմ ուրախությունը փոխվեց տխրության․ ես սկսեցի լաց լինել։ Ռուսներից մեկը, որ հեռվից ուշադիր ինձ էր նայում, տեսավ, որ ես լալիս եմ, մոտեցավ, մի բուռ քաղցրավենիք տվեց, մի քանի մատիտ և մի բացիկ, հետո թուրքերեն հարցրեց․«Անունդ ի՞նչ է»։ Ես հեկեկոցի միջից մի կերպ ասացի անունս և դուրս վազեցի կայարանից ու գնացի ուղիղ տուն։ Մենք չորս երեխա ենք, մեծը ես եմ։ Քաղցրավենիքը տվեցի մորս, որ քույրերիս և եղբորս բաժին հանի, իսկ ես սկսեցի դասավորել մատիտներս և բացիկը՝ ուշադիր զննելով, թե նմանը հո չկա՞։ Այդ պահին ներս մտավ պապս, որ յոթանասունն անց մարդ էր։ Ասում էին, թե պապս երիտասարդ տարիներին աշխատել է Ռուսաստանում և խոսում ու կարդում էր ռուսերեն։ Երբեմն նրան կանչում էին նաև ռուս ուղևորների հետ խոսելու և ինչ-որ բաներ բացատրելու։ Պապս սովորաբար իմ բացիկները մեկ առ մեկ նայում էր և կարդում և ամեն անգամ, կարծես ինչ-որ բանի էր սպասում և չհանդիպելով՝ հուսահատ և անփույթ մի կողմ էր դնում դրանք։ Այս անգամ էլ պապս եկել էր տեսնելու իմ նոր բացիկները։ Ես մի փոքր վշտացած ասացի, ու ուշացել էի գնացքից և ինձ միայն մի բացիկ է հասել, և ցույց տվեցի նրան բացիկը․բացիկի վրա պատկերված էին զույգ սարեր, մեկը փոքր, սուր գագաթով, մյուսը՝ շատ մեծ, կարծես գագաթը սղոցով կտրած լիներ։
Պապս վերցրեց բացիկը, նայեց և մի վայրկյան հետո այնպիսի հոգոց հանեց, ինչպես լինում էր հաճախ, երբ նա հիվանդանում էր։ Նա անսպասելի ընկավ թախտին, կարծես մեկը խփեց նրա ոտքերին։ Բացիկն ընկավ պապիս ձեռքից։ Ես շտապեցի հատակից բարձրացնել բացիկը, բայց պապս մի ոստյունով թռավ թախտից, վերցրեց բացիկը և մտահոգված, որ կարող էր փոշոտվել, սրբեց ձեռքերով և սկսեց համբուրել և լաց լինել։
Ես մի պահ շփոթվեցի, բայց տեսնելով պապիս լացը՝ ես էլ լաց եղա։ Երբ երկուսս էլ մի փոքր հանդարտվել էինք, ես նրան հարցրի․
- Պա՛պ,այդ գեղեցիկ սարերը Ռուսաստանու՞մ են և ինչպե՞ս են կոչվում։
Պապս հոգոց հանեց․
- Չէ՛, տղա՛ս, Ռուսաստանում չեն, այդ զույգ սարերը կոչվում են Սուրբ Սար։ Խնդրոււմ եմ, տո՛ւր ինձ այդ բացիկը։
Ես զարմացա․ու՞մ էր ցույց տալու պապս այդ բացիկը, և հոգուս խորքում դժկամեցի, քանի որ ընկերներիս չէի կարող ցույց տալ պապիս համար այդ շատ թանկ ու գեղեցիկ բացիկը․բայց պապիս մերժել չէի կարող։ Պապս վերցրեց բացիկը, խնամքով ու զգուշությամբ փաթաթեց տատիս ասեղնագործած թաշկինակի մեջ և դրեց իր հագուստների պահարանի մի անկյունում, որ ապահով լինի։ Երբ մի փոքր հանդարտվեց պապս, հարցրեց․
- Քեզ քաղցրավենի՞ք էլ է տվել այդ մարդը։
-Այո՛, մի մասը տվեցի մայրիկիս, մի քանի հատ ինձ մոտ են,-և հանեցի դպրոցական իմ տոպրակից և տվեցի պապիս։ Նա ակնոցն աչքերին, ուշադիր նայեց-նայեց, կարծես կարդում էր․ և կրկին համբուրեց ու լաց եղավ։ Հետո կտրուկ վեր կացավ տեղից և տնից դուրս եկավ, ես էլ՝ նրա հետևից։ Ճանապարհին պապս հարցրեց․
- Տղա՛ս, եթե տեսնես բացիկն ու քաղցրավենիքը քեզ տվող մարդուն, կճանաչե՞ս նրան։
- Այո՛,- վստահ ասացի ես,- պապի՛կ, նա տարբերվում էր մյուս ռուսներից։
Ռուս ուղևորները արդեն կայարանում չէին․նրանց հյուրանոց էին տարել, որտեղ սովորաբար իջևանում էին ռուսները։ Մենք շտապեցինք հյուրանոց։ Մուտքի մոտ կանգնած ոստիկանը մեզ հյուրանոցին անգամ մոտ չթողեց։ Մենք վերադարձանք տուն։ Այդ օրը պապս մեզ հետ չճաշեց․ մտավ իր սենյակ և դուռը ներսից փակեց։ Երբ առավոտյան արթնացա, պապս տանը չէր։ Մայրս ասաց, որ ռուս զբոսաշրջիկների մոտ են կանչել։ Ես հասկացա, որ պապս գնացել է գտնելու ինձ բացիկ տվող մարդուն, և մորս ոչինչ չասացի։ Դպրոցի ճանապարհից ես շեղվեցի և գնացի հյուրանոցի կողմը։ Հեռվից տեսա պապիս՝ ռուսներով շրջապատված․նրանց մեջ էր նաև ինձ բացիկ և քաղցրավենիք նվիրողը։ Ես մի քիչ էլ մոտեցա և թաքնվեցի ծառի հետևում ու նայում էի պապիս․ես նրան երբեք չէի տեսել ռուսերեն խոսելիս։ Պապս թուրքերենի պես վարժ խոսում էր ռուսերեն։ Ես ինձ շատ հպարտ էի զգում, որովհետև մեր հարևան քուրդ և թուրք երեխաներից ոչ մեկի պապն այդքան գիտուն չէր, ինչպես իմ պապն էր։ Հանկարծ այդ ռուսն ինձ տեսավ և ձեռքով արեց, որ մոտենամ։ Ես վախից քարացա․եթե պապս տեսներ, որ դպրոց չեմ գնացել, ինձ կպատժեր․դպրոց չգնալն ու չսովորելը նրա համար ամենամեծ մեղքն էր՝ սուտ խոսելուն հավասար։ Պապս շրջվեց և տեսավ ինձ, իսկ ռուսը համառորեն կանչում էր ինձ․պապս նույնպես ինձ ձեռքով արեց։ Ես սրտապնդված մոտեցա․գուցե էլի բացիկ կամ քաղցրավենիք կտա ինձ։ Երբ մոտեցա, ռուսը գրպանից հանեց մի նոր ինքնահոս ու գեղեցիկ հեքիաթների գիրք․
- Գիտե՞ս, այս հեքիաթները բարու և չարի մասին են։ Հեքիաթները սովորեցնում են մեզ ապրել բարի գործերով։ Պապիկդ գիտի ռուսերեն կարդալ, նա քեզ համար կկարդա այս հեքիաթները։
Ես ինքնահոս գրիչ առաջին անգամ էի տեսնում, պարզվում է ՝ թանաքը հենց գրիչի մեջ է։ Գրիչը դրեցի գրպանս, վերցրի գիրքը, բացեցի, սկսեցի նայել նկարները, տառերը կարծես թուրքերեն տառեր լինեին․
- Ես կարող եմ կարդալ, տառերը նույն՝թուրքերեն տառերն են։
Ռուսը ժպտաց։
-Ո՛չ, նույն տառերը չեն, բայց նման են․պապդ քեզ կսովորեցնի։
Շուտով պապս ռուսների հետ գնաց, իսկ ես դպրոցի փոխարեն, տուն գնացի, որպեսզի հրաշալի նվերներս ցույց տամ մայրիկիս ու տատիկիս։ Պապս այդ օրն ուշ եկավ տուն, նրա դեմքը թեև ամեն օրվա պես տխուր էր, բայց աչքերում մի տեսակ փայլ կար, որ ես կարծես առաջ չէի տեսել։ Պապս մտավ իր սենյակ, այդ ժամանակ հորիցս բացի ոչ ոք իրավունք չուներ նրա սենյակ մտնելու։ Նա այդ օրը նույնպես մեզ հետ չընթրեց։
Տարիներ անց ,երբ ես ավարտել էի դպրոցը և սովորում էի վարժարանում, պապս մոտ 90 տարեկան էր, մի օր կանչեց ինձ և ասաց․
- Նազի՛մ, տղա՛ս, դու չափահաս մարդ ես և կհասկանաս ինձ։
Նա իր խորհրդավոր սնդուկի միջից հանեց մի կապոց՝ մետաքսե գլխաշորով փաթաթած և հանդիսավորությամբ բացեց այն․փաթեթի մեջ մաշված կազմով և էջերով գրքեր էին․հավանաբար պապս այդ գրքերը շարունակում էր կարդալ։
- Նստի՛ր կողքս, տղա՛ս, ուզում եմ զրուցել քեզ հետ ու․․․․ մի գաղտնիք բացել։ Դու գիտե՞ս՝ ովքեր են հայերը։
Ես զարմացա, մի փոքր էլ վախեցա՝ ի՞նչ պատասխանեմ։
- Այո՛, իհարկե գիտեմ,- ասացի ես՝ մտածելով, որ երևի պապս կարծում է, թե ես հայ ընկեր ունեմ:- Հայ՝ նշանակում է շատ վատ մարդ, մեր դպրոցում, վարժարանում, փողոցում երեխաները, ուսանողները և պարզապես մարդիկ իրար վիրավորելու համար ասում են «էրմենի»։ Պա՛պ, ես հայ ընկեր չունեմ, մի՛ մտահոգվիր։
Պապիս դեմքը մռայլվեց։
- Դու սիրու՞մ ես քո հորը, մորը, եղբորդ և քույրերիդ, տատիդ և ինձ։
- Ինչու՞ ես հարցնում, կասկածու՞մ ես, որ սիրում եմ ձեզ։
- Այո՛, ինչպե՞ս կարող ես դու սիրել վատ մարդկանց:
- Դուք վատ մարդիկ չեք, պա՛պ։
- Վատ մարդիկ չենք, բայց հայ ենք ։
Ես ասես կաթվածահար եղա․ իմ դասընկերները, եթե իմանան, որ ես հայ եմ, հաստատ ինձ կարհամարհեն և կվտարեն իրենց միջավայրից։ Այս ինչ փորձանք բերեց պապս իմ գլխին․մտածում էի ես։ Պապս շարունակեց․
- Այո՛, վատ մարդիկ չենք, բայց հայ ենք։
Պապիս ձայնը կայծակի նման ծակեց ուղեղս․«Մենք Հայ ենք, բայց վատ մարդիկ չենք, սակայն եթե իմ դասընկերները իմանան իմ հայ լինելը, հաստատ ինձ կարհամարհեն և կվտարեն իրենց միջավայրից։ Այս ինչ դաժան ճակատագիր բաժին հանեց ինձ պապս» ։ Պապս շարունակեց․
- Այս գրքերը հայերեն են, մեր ժողովրդի պատմությունն է հին դարերից մինչև վերջին 300 տարիները, երբ հայերը ենթարկվեցին կոտորածի և գաղթի՝ հարևան մի քանի պետությունների պատերազմների պատճառով։ Երկու գիրք էլ ռուսերեն կա, դու կարող ես դրանք կարդալ և հասկանալ, այս գրքերը նույնպես մեր պատմությանն են վերաբերում։ Մեր հայ լինելու մասին գիտեն քո հայրն ու մայրը, մենք իրար հետ հայերեն ենք խոսում, երբ դուք բակում խաղում եք, կամ քնած եք լինում։
- Ինչու՞ եք այդ ժամանակ հայերեն խոսում, ճիշտ չէ՞ր լինի, որ մենք էլ լսեինք ու սովորեինք հայերեն խոսել։
Պապս թավ հոնքերի տակից քննող հայացքով նայեց ինձ։
- Իհարկե ճիշտ կլիներ, բայց ինքդ էլ գիտես, թե որքան վտանգավոր է, եթե քրդերն ու թուրքերն իմանան, որ մենք հայ ենք։ Նախ՝ հենց իրենք կվնասեն մեզ, կամ կհայտնեն պետական մարմիններին․․․․և մեզ կաքսորեն:Իսկ աքսորը շատ ծանր պատիժ է, գրեթե կոտորածին համարժեք: Եղել են այդպիսի դեպքեր, երբ հայերը միամտորեն վստահել են հարևան քրդերին, չեչեններին ու թուրքերին:1921 թվից մենք շատ կորուստեր ենք ունեցել, հիմա պետք է զգուշավոր լինե: Դու հիմա երբեք քո ընկերներին չես ասի, որ հայ ես, անզգուշորեն հայերեն բառեր չես ասի, որովհետև հասկանում ես դրա վտանգավորությունը, իսկ մանկության տարինեին դու հայերեն չգիտեիր և անզգուշորեն չէիր ասի հայերեն բառեր։
Ես լսում էի պապիս և մտածում, թե ինչու՞ մեզ բաժին ընկավ այսպիսի ճակատագիր։ -Հիշո՞ւմ ես այն զբոսաշրջիկին, որ քեզ գիրք և ինքնահոս գրիչ նվիրեց, նա ևս հայ էր, նրա նվիրած բացիկի վրա պատկերված է հայերի սուրբ սարը՝ Մասիսը կամ Արարատը, իսկ կոնֆետները արտադրվել են Հայաստանում, որտեղ հայերն ապրում են ազատ և ազատ խոսում են հայերեն։ Այդ հայ մարդը Ռուսաստանի պետական պաշտոնյա էր։
Հայաստանի մասին խոսելիս պապիս դեմքը պայծառացավ, կնճիռներն անգամ կարծես հարթվեցին, և աչքերում անբացատրելի մի լույս երևաց․ես հիշեցի իմ մանկության տարիների այն օրը, երբ պապս հյուրանոցում այն ռուս մարդու հետ հանդիպելուց հետո տուն եկավ, նրա աչքերում նույն այս լույսն էր ճառագում։
- Ռուսաստանից եկած այն մարդը, տեսնելով քեզ կայարանում, հասկացել է, որ դու հայ ես, հասկացավ նաև ինձ հանդիպելիս, ես էլ նրան եմ ճանաչել այդ տասը մարդկանց մեջ, որ նա հայ է։ Գիտե՞ս ինչու՞, որովհետև հայի աչքերում լույս կա:
Հիշի՛ր, տղա՛ս, այս օրվանից քո անունը ոչ թե Նազիմ է, այլ Հովհաննես, եղբորդ անունն էլ Անդրանիկ է, քույրերիդ անունները՝ Գայանե և Աշխեն։ Նրանց հետ տատդ կխոսի, իսկ դու կզրուցես եղբորդ հետ։
Տե՛ս, դու հիմա գիտես, որ հայ ես, ես քեզ կսովորեցնեմ հայերեն խոսել և գրել- կարդալ, խնդրում եմ, եղբորդ և քույրերիդ դու սովորեցրու՛ հայերեն խոսել ու կարդալ, երբ նրանք չափահաս դառնան։
Ես նայեցի պապիս աչքերին, մտովի հիշեցի մորս և հորս աչքերը, քույրերիս ու կրտսեր եղբորս աչքերը․նրանց բոլորի աչքերում անստվեր լույս կար, թախիծ կար ու իմաստ:
Ես իհարկե սովորեցի խոսել հայերեն, մորս և հորս հետ առայժմ եղբորիցս և քույրերիցս թաքուն հայերեն էի խոսում, նրանք օգնում էին, որ ես սովորեմ հայերեն։ Պապս ինձ սովորեցրեց հայերեն այբուբենը, ես կարդացի պապիս թողած գրքերը: Ես ճանաչեցի մեզ, մեր պատմությունը, իմացա, որ ողջ Կարսի մարզը և շրջակա բնակավայրերը՝ հայոց հին մայրաքաղաք Անին՝ իր շքեղ պալատներով, եկեղեցիներով, պարիսպներով և էլի շատ քաղաքներ ու ամրոցներ եղել են Հայկական թագավորության մեջ, հետո Հայկական թագավորությունը կործանվել է հույների և պարսիկների պատճառով, մի քանի դար հետո վերակագնվել է Հայոց թագավորությունը, բայց կործանվել է արաբների, թաթար մոնղոլների և թուրք սելջուկների դաժան արշավանքների պատճառով:Ամենաճակատագրականը Հայաստանի և հայերի համար եղել է բարբարոս թուրք-սելջուկների արշավանքը, որովհետև թուրքերն այդպես էլ չհեռացան այդ դրախտային երկրից և իրենց պետությունը հիմնեցին Հայաստանի և Բյուզանդիայի տարածքների վրա՝ հետագայում այն դարձնելով կայսրություն։
Ես ունեմ ընտանիք, կինս հայ է, Կարսի ծպտյալ հայ ընտանիքից է․ հայերը գիտեն իրենց ազգակիցներին և հարևանություն և բարեկամություն են անում հիմնականում միմյանց հետ։ Ես ունեմ չորս երեխա՝ երեք տղա և մի դուստր, ես պատմել եմ նրանց իմ իմաստուն պապի պատմությունները, պատմել եմ նրանց, որ մենք հայ ենք, նրանք բոլորը հիմա խոսում և կարդում են հայերեն, ես կատարել եմ պապիս խնդրանքն ու պատվերը։

Ես մի պահ լռեցի և
գորովանքով նայեցի որդիներիս, որոնք թեև լսել էին իմ այս պատմությունը, բայց կլանված լսում էին ինձ: Իմ այս պատմությունից հուզվեցին և իմ հյուրերը՝ Իտալիայում ապրող հայ ճարտարապետ Տիգրանն ու նրա իտալացի ընկերը՝ Ջիովաննին:
- Ես շնորհակալ եմ քեզ, Տիգրա՛ն, երկար տարիներ քո ազնիվ ընկերության համար։ Շնորհակալ եմ քեզ, իմ հայ նոր բարեկա՛մ Ջիովաննի, շնորհակալ եմ որդիներիդ, որ այդպես սրտանց թարգմանեցին իրենց հայրիկի հուզիչ պատմությունը։ Շնորհակալ եմ քո ընտանիքին այս ջերմ և համեղ հյուրասիրության համար։ Շնորհակալ եմ հայի աչքերի բացահայտման համար․այո՛, հայի աչքերում լույս կա, այդ լույսը հայի հոգուց է գալիս:
Ջիովաննին մի պահ լռեց․ ես տեսա նա աչքերում արցունքներ:
- Ջիովաննի՛, իմ հայ բարեկամ, ի՞նչ է սա․ ծանր ճակատագի՞ր է հայ լինելը, թե՞ պատիվ ու հպարտություն: Մինչև քեզ հանդիպելը՝ ես չէի մտածել այդ մասին: Հիմա հասկացա, որ Աստված ձեզ շռայլորեն է օժտել ամեն տաղանդով, դուք ամեն տեղ ստեղծում եք և արարում, և ավելի շատ ուրիշների համար, իսկ ձեզ մնում է Աստծո ողորմությունը, հենց դրա համար էլ ապիկար ազգերը նախանձում են ձեզ և հալածում:Դուք՝ հայերդ, մտածե՞լ եք ձեր հայ լինելու և դրա համար պատժվելու մասին, հարցնու՞մ եք Աստծուն:
- Ջիովաննի, ես երկար եմ խորհել մեր հայ լինելու մասին, թե ինչու՞ մենք ստիպված ենք եղել տասնյակ տարիներ ապրել ծպտված մեր հարազատ Կարս քաղաքում, որը քաղաքական ինչ-ինչ հանգամանքներում օտարվել է Հայաստանից ու միացվել Թուրքիային, որ մենք՝ հայերս, հալածվել ենք միայն նրա համար, որ հայ ենք ու քրիստոնյա ենք, թեև տվյալ դեպքում կրոնն էական նշանակություն չունի: Դու իրավացի ես, ապիկար և հենց դրանից էլ դաժանացած ազգերը հալածում են մեզ՝զրկելով մեզ մեր դրախտային հայրենիքից: Եվ ի հեճուկս մեր թշնամիների՝ թեկուզ և ծպտված, բայց չենք մոռանում, չենք ուրանում մեր հինավուրց, բայց առողջ արմատները: Մենք մեր հայի ինքնությունը պահպանել ենք հոգու տառապանքով, բայց ոգու ուժով:
Իմ ընտանիքի, իմ զավակների հայ լինելն ու հայ մնալն արմատից մինչև պտուղ անցնող բջիջների անընդմեջ աշխատանք է:Դուք՝ եվրոպացիներդ, դա չեք հասկանա:
Մենք՝ Կարսի հայերս, ճանաչում ենք միմյանց, ամուսնությունները կատարվում են միայն հայերի հետ:Մենք այդպես պահում ենք մեր տեսակը։ Հայեր կան նաև Թուրքիայի այլ քաղաքներում ու գյուղերում: Մենք փնտրում ենք մեր հայրենակիցներին և պիտի շարունակենք փնտրել բռնությունից խուսփող հայերին, փնտրենք և գտնենք լույսը մեր աչքերում, պահենք մեր ինքնությունը և ինքներս մեզ հարցնենք` արդյոք թոu՞րք ենք մենք, և արդյոք պատվաբե՞ր է թուրք կամ քուրդ լինելը:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ