Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ցավից պապանձվել է բառիս լեզուն

Ցավից պապանձվել է բառիս լեզուն
11.10.2023 | 15:45

Ցավը գրկել է ինձ, բառը՝ լքել,

Պապանձվել է բառս ցավի գրկում,

Խորտակվել է բառիս առագաստը՝

Մեր օրերի տխուր ցավածոցում։

Մխիթարող բառեր՝ գոնե դուք մնայիք,

Ցավոտ օրերի մեր անդաստանում,

Իբրև սրտակից ու ցավաընկեր՝

Հուսալապտեր փնտրող անդաստանում։

Մնայիք հանց դեղ ու սպեղանի,

Բաց վերքերի վրա մեր արյունող,

Մեռած խղճի վրա էս աշխարհի,

Արդարության վրա՝ մեր արտասվող։

Հիմա ո՞նց աղոթեմ՝ Տե՛ր իմ, երբ որ

Ցավից պապանձվել է բառիս լեզուն,

Երբ լքել է խաչդ Հողն իմ Հայկյան,

Եվ զորակցում է լոկ իմ թշնամուն։

Կամ աղոթքիս կրկին ո՞նց հավատամ,

Երբ մղկտում է դեռ սիրտը Հողիս,

Եվ երակն իր արյան դեռ շանթում է,

Ինչպես անձրևահորդ լացող ամիս։

Հույսի մի նշմար տուր գոնե՝ Տե՛ր իմ,

Տար մեզ կրկին հույսի ճամփեքով քո,

Եվ պահպանիր Հող ու երկիրս Հայոց,

Տիրական և օրհնյալ աջիդ ներքո։

Տար մեզ կրկին հույսի ճամփեքով քո,

Եվ հաղթության դափնով զուգիր կրկին,

Որ հավատամ կրկին քո խաչին՝ Տե՛ր,

Եվ հավատամ կրկին իմ աղոթքին։

10.10.2023 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3777

Մեկնաբանություններ