Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայ մշակույթի խոնարհ նվիրյալը

Հայ մշակույթի խոնարհ նվիրյալը
28.03.2023 | 22:11

Մարտի 26-ին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բեմադրող ռեժիսոր ՀԵՐԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր:

«Կրելով կնիքը Հայաստանի բնության և պատմության՝ հայ եմ ես:

Մտածումներով ու արարումներով, սակայն , ես մարդ եմ, համամարդ»:

Գարեգին ՆԺԴԵՀ

…Հազարամյակներ շարունակ Հայկական բարձրավանդակում ապրում և արարում է Հայը: Հայոց երկնքում սավառնող սրատես բազեի պես նա հետևում է աշխարհի անցուդարձին՝ հայացքն անցյալին:

Բարձրաբերձ լեռների մեջ ծնված ու մեծացած հայ արվեստագետը՝ անցյալից վերցնելով իմաստնություն, շարունակում է ստեղծել մե՛րը՝ ազգայինը: Նա Նժդեհ ռահվիրայի պես քաջ գիտի, որ «ցեղից են գալիս հայ զենքի, բազուկի ու գչրի բոլոր մեծությունները»: Եվ պատմության հարթակում մնում են այն ազգերը, որոնք ժամանակների մարտահրավերներին հակառակ կարողանում են պահպանել իրենց դեմքը մարդկության մեծ ընտանիքում:Եվ այս կարևոր դասը նա փոխանցում է ամեն հաջորդ սերնդին:

Հայի դեմքն իր բազմահազարամյա քաղաքակրթությունն է՝ Պատմությունը, Գիրը, Մշակույթը, Լեզուն, Հավատը:

Եվ իր հոգևոր արարումների ճանապարհին ազգային ակունքներից սնվող արվեստագետի ոչ միայն Հիշողությունը, այլև նրա ամբողջ ստեղծագործկան ժառանգությունն են հենց այն «տապանը», որտեղ հավերժանում են Ցեղի սրբությունները…որովհետև ինչ մշակութային արժեք էլ ստեղծի, ինչ պիես էլ բեմադրի՝ լինի հայ և համաշխարհային դրամատուրգիայի դասական, թե ժամանակակից գործեր, դրանք կրելու են հայ ինքնության կնիքը: Այդպիսի արվեստագետների ստեղծագործությունները մնում են հայ մշակույթի պատմության էջերում: Եվ նրանց անունը գրվում է ոսկե տառերով, որովհետև գիտեն ազգային արժեքները համամարդկայնացնելու արվեստի նուրբ գաղտնիքները:

…Ես ինձ երջանիկ սերնդի ներկայացուցիչ եմ համարում, քանի որ դեռ փոքր տարիքից բարեբախտություն եմ ունեցել հեռուստաէկրանին տեսնելու մեր ժամանակի երևելի արտիստների խաղը՝ ներկայացումներ, որոնք ստեղծված են եղել «Հեռուստաթատրոն» կոչվող հրաշք աշխարհում: Ամեն երկուշաբթի կենդանի եթերով հեռարձակվում էին հեռուստաներկայացումներ, որոնք աճող սենդին էին մատուցում հայ և համաշխարհային դրամատուրգիայի գանձերը: Իսկ մեր ընտանիքի ավագները պատմել են, որ այդ օրվան սպասում էին սրտի թրթիռով, որպեսզի տեսնեն մի հերթական մշակութային արժեք՝ թե՛ բեմադրության, թե՛ մեր անվանի դերասանների փայլուն փաղանգի առումով: Մեծանուն թատերագետ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հետագայում իր գրքում դա պետք է բնորոշեր՝ «այդ երանելի երկուշաբթիները»:

Իմ սերունդը շատ քիչ բան է հասցրել դիտել, որովհետև 2000-ական թվականներին դավադիր մի ձեռքով փակվեց տասնամյակներ շարունակ մշակութային հսկա ժառանգություն ստեղծած «Հեռուստաթատրոն»-ը: Բայց իսկական մշակութային արժեքները սերունդների հիշողությունից ջնջվել չեն կարող:

Հիշում եմ, որ հեռուստաներկայացումների ավարտից հետո հաճախ էկրանին կարդում էի՝ բեմադրող ռեժիսոր՝ ՀԵՐԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ:

Հերբերտ Գասպարյան՝ արվեստագետ-ուսուցիչ, ում անունն իմ հիշողության մեջ մնացել է փոքր տարիքից՝ իր բեմադրած բազմաթիվ հեռուսաներկայացումներով ՝ մեր պատմական Հիշողության ջահը սերունդներին փոխանցող «7-րդ աշխարհամաս»-ը (Վ. Իսրայելյան), «Խենթացած մի գնա» (Վ. Սարոյան), «Զաբուղոն» («Գիշերվան մարդը», Գր. Զոհրապ):

Անվանի ռեժիսոր, բեմադրիչ և սցենարիստ Գրիգոր Չալիկյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» (Ֆ.Վերֆել) ներկայացումը քաջածանոթ է յուրաքանչյուրին: Գրիգոր Չալիկյան արվեստագետը ռեժիսոր, բեմադրիչ Հերբերտ Գասպարյանի հետ ստեղծեց նաև ներկայացման հեռուստատեսային տարբերակը՝ 5 մասից բաղկացած հեռուստաներկայացում, որով պատմությանն ու սերունդներին է հանձնվել մեր ազգի այդ հերոսական մաքառումների մասին պատմական կարևորագույն դրվագը:

Հիշենք շուրջ 9 տարի եթեր գնացած «Ծիծաղի տուն» հաղորդաշարը, որտեղ մեր արվեստագետները գրող, երգիծաբան ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ տաղավարում ներկայացել են իրենց կյանքի ծիծաղաշարժ պատմություններով:

Բայց սրանք Հերբերտ Գասպարյանի ստեղծագործական ժառանգության միայն մի քանի գանձերն են: Հետագայում ես պետք է բախտ ունենայի իրական կյաքնում հանդիպելու արվեստագետին և բացահայտելու, որ նա մեզ է թողել մի քանի տասնյակ բեմադրություններ, որոնք արվեստի ու գեղագիտության կարևոր դաս են ներկայիս ու ապագա ստեղծագործողներին: Բավական է միայն նշել, որ նրա «46 թվականը» (Հովհ.Մելքոնյան) ստեղծվելուց երկու տարի անց՝ 1984 թվականին Քիշնևում կայացած համամիութենական փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին:

Նրա ժառանգության գոհարներից են նաև «Ինչպես նա խաբեց սիրուհու ամուսնուն» (Բ. Շոու), «Խնջույք» (Ֆ. Արաբալ), «Էնդհաուզի առեղծվածը» (Ա. Քրիստի), «Գրառումներ ընդհատակից» (Ֆ. Դոստոևսկի), «Հրաժեշտ Վետլուգինին» (Ա. Արրո) , «Հեռուստատեսային ազատ շուկա» (Գ. Խանջյան):

Հիշենք նաև իր ուսուցչի՝ պրոֆեսոր ՄԱՐԱՏ ՄԱՐԻՆՈՍՅԱՆԻ հիշատակին նվիրված «Չկայացած երկխոսությունը» (Ա. Քերոբյան):

ՈՒ էլի որքա՜ն արժեքավոր բեմադրություններ է ստեղծել Հերբերտ Գասպարյանը, որոնք, ցավոք, չեն պահպանվել:

Դրանցից են «Երջանկություն որոնելիս» (Ռոզով), «Ինֆարկտ» (Ա. Լիիվես), «Կատակներ» (Ա. Քալանթարյան), «Հեղափոխության ասպետը» (Ռ. Մարուխյան), «Սկանդալ, որ պատահեց միստր Քեթլի և միսիս Մունի հետ» (Ջ. Պրիսթլի), «Որտե՞ղ է եղբայրդ՝ Աբելը» (Ա. Սևունց), «Հետադարձ կապ» (Ա. Գելման), «Հանուն հողի և արևի» (Ի. Դրուցե):

Հերբերտ Գասպարյանը եղել է նաև բազմաթիվ ներկայացումների հեռուստատեսային ռեժիսորը: Այդ թվում Վարդան Աճեմյանի բեմադրած «Իմ սիրտը լեռներում է », Սոս Սարգսյանի բեմադրած «Սանիտայի թաղապետը», Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ «Մեռնիլը որքան դժվար է» և «Հացավան» ներկայացումը, որի հեռուստատեսային տարբերակը ցուցադրվել է կենտրոնական հեռուստտեսությամբ:

Տեղին է նշել Պարոնյանի անվան Կոմեդիայի թատրոնի ներկայացումները Կարպ Խաչվանքյանի մասնակցությամբ «Տաքսի-տաքսի», «Պահանջվում է ստախոս», «Սեր աստղերի տակ»՝ նա եղել է հեռուստատեսային տարբերակների ռեժիսորը:

1990 թ. Վիլիամ Սարոյանի «Խենթացած մի գնա» պիեսի հեռուստատեսային ներկայացումը ցուցադրվել է Կենտրոնական հեռուստատեսությամբ:

Հերբերտ Գասպարյանի բեմադրած ներկայացումներում ներգրավված է եղել ժամանակի տաղանդավոր արվեստագետների ամբողջ փաղանգը: Եվ մենք այսօր այդ ներկայացումների շնորհիվ հնարավորություն ունենք տեսնելու նրանց առինքնող խաղը: Եվ իր անցած ճանապարհի համար Հերբերտ Գասպարյանը միշտ իր երախտագիտությունն է հայտնում գործընկերներին՝ բեմադրող նկարիչներին, օպերատորներին ասիստենտներին և բոլոր նրանց, ովքեր եղել են իր կողքին: Հիշում է նրանց անուն առ անուն:

Այսպիսի արժեքներ ստեղծած արվեստագետի ճանապարհը սկսվել է 1973 թվականից. ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ պաշտպանել է դիպլոմային աշխատանք բեմադրելով Եժովի «Երբ սոխակներն են երգում» ներկայացումը Հոկտեմբերյանի ժողովրդական թատրոնում, «Հեռուստաթատրոնում» բեմադրել է Դյուրենմաթի «Վթարը»: Սա ևս Հերբերտ Գասպարյանի դիպլոմային աշխատանքն էր, որը դարձավ «Հեռուստաթատրոնի» մնայուն արժեքներից մեկը՝ ռեժիսորական նոր հնարքների շնորհիվ: Իսկ այդ բեմադրությունում հանդես են եկել արդեն մեծ հռչակ վայելող արտիստները՝ Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Գեղամ Հարությունյանը, Արմեն Խոստիկյանը, Իշխան Ղարիբյանը, Իվետա Բաբուրյանը:

Նրանք վստահեցին ու բարձր գնահատեցին նոր ասպարեզ եկող երիտասարդ ռեժիսորին:

1965-2005 թթ. Հերբերտ Գասպարյանն աշխատել է Հայաստանի հեռուստատեսային ստուդիայի գրական-դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում: 1965-1970 թթ. եղել է ռեժիսորի օգնական, 1970-73 թթ՝ ռեժիսորի ասիստենտ: 1973-2005 թթ՝ բեմադրող ռեժիսոր, 1992-2005 թթ. ՝ «Հեռուստաթատրոնի» գլխավոր ռեժիսոր:

1966 թ. Թատերական գործիչների միության անդամ է:

Հերբերտ Գասպարյանը տասնամյակներ շարունակ ծավալում է մանկավարժական գործունեություն:

…2006 թվականը գեղեցիկ էջ բացեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության մեջ: Համալսարանի հիմնադրման 85-ամյակի նախօրեին՝ գեղարվեստական ղեկավար Արկադի Շեկունցը որոշեց ստեղծել մի «հոգևոր տաճար»՝ ուսանողական թատրոն-ստուդիան, որի գլխավոր ռեժիսորը Հերբերտ Գասպարյանն էր: Եվ ահա 2006 թվականից սկսած բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանին ունկնդրելու, կյանքի ու արվեստի կարևոր դասեր առնելու հնարավորությունն են ունեցել և ունեն Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները. նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ուսանողական թատրոն ստուդիան, որտեղ բեմադրել է ներկայացումներ՝ նրանց առաջ բացելով թատրոնի և հեռուստատեսության աշխարհի կախարդական դռները:

2013 թ. Հերբերտ Գասպարյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Բայց նրա գլխավոր կոչումը ճշմարիտ արվեստագետ, Մարդ և Մանկավարժ լինելն է: Դժվար է այս փոքրիկ ծավալում ամեն ինչ ասել մի մարդու մասին, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ մշակույթին , նոր սերունդների կրթությանն ու դաստիարակությանը:

-Ռեժիսորը միշտ պետք է գտնի բանալին, որով պետք է բացի տվյալ բեմադրության բոլոր շերտերը,-ասում է Հերբերտ Գասպարյանը:

Հերբերտ Գասպարյան. անուն, որի հետևում ստեղծագործական կյանքի հարուստ տարեգրություն է: Նա ռեժիսորների այսօրվա սերնդին, որպես երկարամյա մանկավարժ հաղորդում է իր ուսուցչի՝ Մարատ Մարինոսյանի պատգամը.

-Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ. դուք եկել եք սովորելու ռեժիսուրա: Բայց առաջին հերթին պետք է դառնաք մարդ՝ Մարդ մեծատառով: Դուք կարող եք չդառնալ ռեժիսոր: Բայց պարտավոր եք դառնալ Մարդ: Ռեժիսորը պետք է մարդկային բարձր հատկանիշների կրող լինի, որպեսզի իր ներկայացումն ու ֆիլմը լինեն թե՛ հայեցի, թե՛ համամարդկային և թե՛ ունենան գեղագիտական բարձր արժեք: Հայ ռեժիսորը միայն դա պետք է անի, ուրիշ ճանապարհ չունի:

Այսպիսին է Հերբերտ Գասպարյան-արվեստագետ ուսուցչի արարումների ճանապարհը. հայ մշակույթի խոնարհ նվիրյալ, ով ապրել ու ստեղծագործել է ազգայինն ու համամարդկայինը իր մեջ կրելով:

Այսօր մեկ առ մեկ հիշելով Հերբերտ Գասպարյանի հեռուստաներկայացումները, նայելով նրա անցած ուղուն և ստեղծած բեմադրություններին ուզում եմ կրկնել Վահրամ Փափազյանի՝ մեծ արտիստի բանաձևը՝ «արվեստը ինքը՝ արվեստագետն է»:

Հերբերտ Գասպարյանն արվեստագետ է՝ իր ստեղծած արվեստի աշխարհով:

Հարգելի՛ Վարպետ, միանում եմ Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և մաղթում եմ արևշատություն և առողջություն: Ապրեցեք երկար և թող Ձեր ներկայությամբ միշտ լուսավորվի մեր շրջապատը և մշակութային կյանքը: Շարունակեք կրթել սերունդներ և սովորեցնել աշխարհի այս խելահեղ ընթացքի մեջ ազգային կնիքով համամարդկային արժեքներ արարելու արվեստը…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4964

Մեկնաբանություններ