Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը
21.03.2023 | 21:27

(սկիզբը` այստեղ)

Թուրքերը շարունակում էին Անգլիային և ԱՄՆ-ին պատվախնդրական գործողությունների հրահրել և ոչ՝ անհետևանք։

Հուլիսի 7-ին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Արչիբալ Քերրը բողոքի նոտա ներկայացրեց Մոլոտովին. «Իմ կառավարությունը շատ է զարմացել՝ իմանալով, որ խորհրդային կառավարությունը բանակցությունների ընթացքում Թուրքիային տարածքային պահանջներ է ներկայացրել և քննարկել նաև նեղուցներում ռագմահենակետ ունենալու հարցը։ Դրանք հարցեր են, որ պետք է լուծեն ոչ թե ձեր երկու երկրները, այլ միջազգային կազմակերպությունները»։

Միացյալ Նահանգներն իր հերթին բավական բուռն արձագանքեց ռուսների սպառնալիքներից լացակումած Թուրքիայի օգնության կանչին։

Պետքարտուղարի օգնական Ջոն Գրյուն, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ռագիպ Բայդուրին ընդունելով, հավաստիացրեց, որ նախագահ Տրումենը Պետքարտուղարությանն արդեն այդ մասին հարցումներ է արել, և Պոտսդամի առաջիկա խորհրդաժողովում Թուրքիայի հարցը կքննարկվի մեծ եռյակի կողմից։

Պոտսդամի կոնֆերանսի բացման նախօրյակին կայացավ ԽՍՀՄ արտգործժողկոմ Մոլոտովի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իդենի հանդիպումը։ Զրույցի վերջում Իդենն ասաց, որ Լոնդոնում իր մոտ են եկել թուրքերը։

- Ես գիտեմ,- պատասխանեց Մոլոտովը,- և հույս ունեմ, որ նրանք Ձեզ ճշգրիտ տեղեկություն են հաղորդել։

Եվ անմիջապես էլ ավելացրեց.

- 1921 թվականին թուրքերը, օգտվելով Խորհրդային Միության թուլությունից, նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը։ Հայերը վիրավորված են զգում իրենց։ Այդ պատճառով էլ խորհրդային կառավարությունը բարձրացրեց այդ հողերի վերադարձի հարցը։ Ինչ մնում է նեղուցներին, մենք վաղուց ենք հայտնել, որ Մոնտրյոյի կոնվենցիան մեզ չի բավարարում։

Իդենը զարմացած ձևացավ.

- Անգլիացիները երբևէ չեն լսել Թուրքիայից ձեր երկրի տարածքային պահանջների մասին,- ասաց նա։- Գիտեինք միայն նեղուցների նկատմամբ ձեր հավակնությունների մասին։ Թուրքերը մտադիր չեն բավարարել ձեր պահանջը հողային հարցում։ Այդ տարածքը նրանք չեն տա։

- Տարածքը, որի մասին Դուք խոսում եք, թուրքերինը չէր,- առարկեց ԽԱՀՄ ժողկոմը։

Անգլիացին անսպասելիորեն հետաքրքրվեց.

- Իսկ այդ տարածքներում հայեր կա՞ն։

- Այո՛, շուրջ 400-500 հազար։ Խորհրդային Հայաստանում բնակվում է շուրջ 1 միլիոն հայ, նրանից դուրս՝ արտասահմանում, ևս 1 միլիոն։ Երբ հայերի տարածքն ընդլայնվի, արտասահմանում բնակվողները կվերադառնան հայրենիք։ Պետք է նաև հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում խոշոր հայ գործիչներ շատ կան, օրինակ՝ արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար Միկոյանը։ Ընդհանրապես հայերը շատ ընդունակ և աշխատասեր մարդիկ են, առանձնապես տնտեսության հարցերում։ Թող թուրքերը հայերին հանձնեն Խորհրդային Միությանը, մենք հայերից չենք վախենում ։

Հավանաբար Մոլոտովը միտումնավոր էր ցեղասպանությունից հետո ամայացած Արևմտյան Հայաստանում կես միլիոն հայերի կասկածելի փաստը պնդում։ Դա նման էր պատանդներին փրկելու ազնիվ մտադրության։

Այս խոսակցության մանրամասները մենք քաղեցինք 1984 թվականին հրատարակված «Երեք դաշնակից տերությունևերի՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսը» ժողովածուից։

Պոտսդամի կոնֆերանսը բացվեց 1945 թվականի հուլիսի 17-ին։ Եվ միայն հուլիսի 22-ին այսպես կոչված «թուրքական հարցը» դրվեց քննարկման։ Նիստը նախագահում էր ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը։ Առաջինը խոսք առավ Չերչիլը, որը ցանկացավ լսել խորհրդային կառավարության դիրքորոշումը քննարկվող հարցում։ Ստալինը ձայնը զիջեց Մոլոտովին, որն ասաց.

- Թուրքական կառավարությունը, նախաձեռնություն ցուցաբերելով, խորհրդային կառավարությանն առաջարկեց միութենական դաշնագիր կնքել։ Թուրքերն այդ խնդիրը նախ՝ դրեցին Անկարայում մեր դեսպանի առջև, ապա ՝ մայիսի վերջին թուրքական դեսպանի միջոցով՝ Մոսկվայի առջև։ Հունիսի սկզբին ես հայտնեցի, որ մենք դեմ չենք այսպես կոչված «միութենական դաշնագրին», բայց միայն որոշակի պայմանների դեպքում։ Մենք նման պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է լուծում տանք բոլոր վիճելի հարցերին։ Միութենական պայմանագիր ստորագրելը նշանակում է, որ մենք համատեղ պետք է պաշտպանենք մեր սահմանները։ ԽՍՀՄ-ը պիտի պաշտպանի ոչ միայն իր, այլև թուրքական, թուրքերն իրենց հերթին ոչ միայն իրենց, այլև խորհրդային սահմանները։ Բայց ինչպես դա իրականացնել, եթե ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանի որոշ հատվածներ անարդարացի են «գծված»։ Ահա ձեզ քարտեզը։ Նայեցե՛ք, այս հատվածները՝ Կարսը, Արդահանը և Արդվինը, 1921 թվականին թուրքերը խլել են հայերից և վրացիներից։ Եվ ես միութենական պայմանագիր կնքելու համար առաջարկեցի վերացնել այս անարդարությունը։

Սա խորհրդային պահանջատիրության գագաթնակետն էր։ Ընդմիջմանը Տրումենին հայտնեցին ատոմային ռումբի՝ պատրաստ լինելու փաստի մասին։ Միացյալ Նահանգների նախագահն առանձնապես ջանք չթափեց շշուկով լսած գաղտնիքը Ստալինից թաքցնելու համար։ Ստալինը ձևացրեց, թե առանձնապես անհանգստացած չէ. իրականում վախեցավ։ Նրա գործողությունները դարձան երկչոտ, խորհրդային պատվիրակությունը այլևս պահանջատեր չէր, այլ խնդրարկու։

Ատոմային ռումբի ահեղ գործոնը տապալեց հայոց հողերի, թվում է, լիովին հասունացած խնդիրը։

Օգոստոսի 2-ին հրատարակվեց երեք տերությունների բեռլինյան կոնֆերանսի պաշտոնական հաղորդագրությունը՝ Ստալինի, Տրումենի և Էտլիի ստորագրմամբ, որտեղ ոչ մի բառ չկար Թուրքիայի, նեղուցների և ընդհանրապես խորհրդա-թուրքական հարաբերությունների մասին։

Հայկական նահանգների հարցը ևս փակված էր։ Արաքսով գետանցումը, որն այնքան մոտ էր ու անխուսափելի, աշխարհի հզորների կամքով դարձավ անիմաստ դոնկիխոտություն։ Անորոշությունը ձգվեց մինչև նոյեմբեր, և երբ Մոսկվայից եկավ «դադար»-ի հրամանը, Երևանում կյանքը մի պահ ցնցակաթվածի ենթարկվեց։

Ականատեսները պատմում են, թե ինչպես Թամանյան 89-րդ դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը՝ արճեշցի ծնողների զավակ, որ ամեն պահ Արաքսն անցնելու հրամանին էր սպասում, հուսահատությունից մազերն էր պոկում և աղիողորմ լալիս:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3051

Մեկնաբանություններ