«Իրատեսի» զրուցակիցն է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱԴԱԼՅԱՆԸ։
-Օրհնեցեք, տեր հայր: Վերջին օրերին շատ է քննարկվում Սիսիան համայնքի հոգևոր հովիվ տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ տեղի ունեցածը, երբ նա հրաժարվեց սեղմել Փաշինյանի՝ իրեն մեկնած ձեռքը: Եկեղեցականին մեղադրում են խտրական վերաբերմունք ցուցաբերելու ու քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:
-Առերևույթ թվում է, թե քահանան բարձրացնում է ձեռքը՝ հրաժարվելով սեղմել իրեն պարզված ձեռքն ու այդպիսով քաղաքական դիրքորոշում հայտնում։ Իրականում հակառակն է տեղի ունեցել: Վերջին օրերին երկրում առկա անհանդուրժողականության մթնոլորտն այդ միջադեպին տրամադրող էր։ Հիշեք Մարտունի քաղաքում քահանայի հետ տեղի ունեցածը. արժանապատիվ տեր հայրը հետապնդման էր ենթարկվել՝ իշխանությունների հովանավորչությունը վայելող մի քանի հոգու կողմից, խոչընդոտել էին քահանայի մուտքը եկեղեցի՝ պատճառաբանելով, թե հոգևորականը քաղաքական կեցվածք է դրսևորել: Նշեմ, սակայն, որ քահանան ՀՀ քաղաքացի է, ընտրվելու և ընտրելու, ինչպես նաև քաղաքական դիրքորոշման իրավունք ունի, ինչպե՞ս կարելի է դրա համար արգելել նրա մուտքը եկեղեցի ու որևէ մեկին պատասխանատվություն չենթարկել։ Այսինքն, քահանան հետապնդվում է իր քաղաքական կեցվածքի համար, դեռ ավելին՝ հասարակության մի չնչին, ագրեսիվ զանգված հայտարարում է, թե քահանայի հանդեպ իրականացրածը քիչ է, ու ինչ արել են, լավ են արել: Քահանայի վրա հարձակված մարդկանց մեջ զինվորական համազգեստով անձինք կային, նրանք այդ համազգեստով ի՞նչ էին անում կամ ի՞նչ էին փորձում պարզել։ Ինքս էլ կամավորագրվել ու առաջնագիծ եմ գնացել, հիմա ի՞նչ, զինվորական համազգեստո՞վ պտտվեմ իմ համայնքում: Ինչ վերաբերում է Սիսիանի հոգևորականի կեցվածքին, ապա շատ նորմալ կեցվածք էր։ Վերջին 2,5 տարում թշնամանք ու ատելություն սերմանող ապաշնորհ իշխանությունները, մարտունակ բանակի առկայության դեպքում, պարտություն կրեցին։ Կապիտուլյացիա ստորագրած վարչապետը թշնամուն հանձնեց ոչ միայն Արցախի հարակից, այլև բուն Լեռնային Արցախի շրջանները։ Բնականաբար, քահանան այս ամենից պետք է նեղված լիներ, երկրի անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուն՝ գերագույն հրամանատարը, ստորագրում է մի համաձայնագիր, որտեղ որևէ հայանպաստ կետ չկա։ Վերջին 2,5 տարում վեհափառից մինչև շարքային քահանայի հանդեպ իշխանությունը միայն ատելություն է տածել։ Սգո ջահերով երթին բազմահազար ժողովրդի հետ քայլող քահանաների հասցեին համացանցում ինչե՞ր էին գրում: Ցավոք, այդ գրողների մեջ իշխանության ներկայացուցիչներ ու նրանց պատկանող «ֆեյքեր» կան։ 2,5 տարվա ընթացքում հոգևորոկաններ ԱԱԾ հրավիրվեցին, ու հիմա հարց՝ ո՞վ է ում պարզած ձեռքը մերժել սեղմել։
-Ամենայն հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները, Հայ առաքելական եկեղեցու մի շարք թեմերի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին հայրական խնդրանքով հորդորում են հրաժարական տալ, բայց նա անդրդվելի է:
-Ազգի հոգևոր առաջնորդները, բազմաթիվ մտավորականեր, ուսուցիչները, բժիշկներ, զինվորականներ, իրավաբաններ, տնտեսագետներ, համայնքապետեր և պարզ ժողովրդի հազարավոր ներկայացուցիչներ հորդորում են հրաժարական տալ, բայց նա, տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների ազատելով պաշտոնից, ինքը չի ուզում ազատել վարչապետի աթոռը: Հրաժարականի հորդորով դիմում ենք հայրենիքը ներկա օրհասական վիճակից փրկելու համար՝ չնայած բոլորս ենք գիտակցում՝ եկողին քայքայված տնտեսություն ու վիրավոր պետականություն է բաժին հասնելու:
-Հիմա շատերը Ձեզ նորից կմեղադրեն, որ հոգևորական լինելով՝ քաղաքականութամբ եք զբաղվում կամ քաղաքականություն մեկնաբանում:
-Թե ոմանք ինչ կմտածեն, դա իրենց խնդիրն է: ՀՀ յուրանքաչյուր քաղաքացու նման, կրկնում եմ, հոգևորականն էլ ընտրելու, ընտրվելու, քաղաքական կարծիք ունենալու և դա բարձրաձայնելու իրավունք ունի։
-Ատելության մթոնոլորտը չի նահանջում, անհանդուրժողականություն է ամենուր: Հասարակությունն անդառնալիորեն բաժանվել է երկու թևի՝ «սևեր» ու «սպիտակներ»: Ինչո՞վ է վտանգավոր այս բաժանումը: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել այս իրավիճակում:
-«Ֆեյք» օգտատերերի, իշխանության փիառով զբաղվող կամակատարների ու սրանց ազդեցության տակ գտնվողների միջոցով պետության կառավարման ղեկը ստանձնածներն ամեն մի ձախողման մեղքը փորձում են նախկինների, ներկա ցածրաստիճան պաշտոնյաների ու ժողովրդի վրա բարդել, ինչն ավելի է խորացնում տարանջատվածությունն ու հասարակությանը կարող է բախման, իսկ երկիրը՝ վերջնական կործանման տանել: Այս իրավիճակում պետք է ազգովին միաբանվել ու միասնաբար հաղթահարել առկա բոլոր խնդիրները, պատրաստվել ապագայի մարտահրավերներին, որի առաջին քայլը ներկա ապաշնորհ իշխանությունների հրաժարականն է։ Համընդհանուր զղջման, մեր մեղքի բաժինը գիտակցելու և համազգային ծրագրերին աջակցելու որոշում պիտի կայացնենք։ Այս ամենի պատճառը նաև Աստծուց հեռանալը և մարդու, այս պարագայում՝ վարչապետի վրա հույսներս դնելն էր։ Շատերիս համար դժվար է խոստովանել, որ ապատեղեկատվության, ստի և կեղծիքի պատճառով խաբված ենք եղել։ Աչքներս փակ մերժել ենք հներին և գերագնահատել ներկայիս ոչ կառուցողական վարչապետին ու իր ոչ արհեստավարժ թիմը։ Իսկ այս վիճակից մեզ միայն Աստված կարող է հանել:
-Տեր հայր, ըստ Ձեզ, ո՞րն էր մեր պարտության հիմնական պատճառը:
-Անցած 2,5 տարում նախարարներից, Ազգային ժողովի պատգամավորներից մինչև միջակ պաշտոնյաների համար աշխատավարձն ու ինքնապարգևատրումը գերնպատակ դարձան, իսկ այս իրողությանը զուգահեռ Ադրբեջանը մեզ պատերազմ հայտարարեց: Վարչապետն ու պատասխանատուները ուշացնում ու ձախողում են զորահավաքը, չեն կարողանում ղեկավարել բանակը: Բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ռազմագերիներ ու տարածքային կորուստներ տալով՝ ստորագրում են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագիրը։ Սա էլ բավական չէ, բոլոր ոլորտներում իրենց սպառած իշխանավորները չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել ձախողման պատճառներն ու իրենց մեղքը։
-Անընդհատ նշում ենք, թե Տիրոջ կողմից ընտրյալ ժողովուրդ ենք, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը մենք ենք ընդունել, մյուս կողմից էլ ականատեսն ենք լինում (վերջին երկուսուկես տարվա ընթացքում) ինչպես են մեր հայրենակիցները խոչընդոտում կաթողիկոսի տեղաշարժը, նրա «հրաժարականը» պահանջում, վեհարանը փորձում «նվաճել» ու այնտեղ խորոված-քյաբաբ ուտել: Սա՞ է մեր ակնածանքը եկեղեցու նկատմամբ:
-Իշխանափոխությունից անմիջապես հետո սկիզբ առավ նախադեպը չունեցող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը, որ թիրախավորում և տեղին ու անտեղի վարկաբեկում էր ամենայն հայոց հայրապետից մինչև Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանող, ովքեր հավատարիմ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու հայրապետին։ Ագրեսիվ, հոգևոր նկարագիր չունեցող ամբոխն անգամ վեհարան ներխուժեց և փորձեց կաթվածահար անել եկեղեցու կառավարումը: Հակաեկեղեցական շարժման մոլեռանդ հետևորդները հետապնդում էին կաթողիկոսին և հոգևորականներին, Գնդեվանքի ճանապարհին արգելափակում հայրապետի տեղաշարժը, վիրավորական արտահայտություններ անում և նույնիսկ հրմշտում ամենայն հայոց կաթողիկոսին։ ԿԳՄՍ անկիրթ և հոգևոր հարցերում տգետ նախարարը, դպրոց այցելելով, դուրս էր հրավիրում նույն համայնքի քահանային, վերջերս էլ աթեիստ առողջապահության նախարարի հավանական ցուցումով, վերանորոգման անվան տակ, ավիրվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մատուռը։ Ամերիկա այցի ժամանակ Փաշինյանը լկտիաբար հայտարարում էր, որ իշխանությանը դեմ դուրս գալու դեպքում եկեղեցականներին ծնկի կբերի։ Կրթական համակարգը բարեփոխելու անվան տակ ԿԳՄՍ նախարարությունն արշավ սկսվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ, ու վեհափառից մինչև ուսուցիչներ, աշակերտներ և ծնողների ինչքան էլ խնդրեցին, հորդորեցին, առարկայի դասավանդման հարցն այդպես էլ չլուծվեց: Սա է իշխանության՝ եկեղեցու նկատմամբ որդեգրած քաղաքականությունը: Իհարկե, մինչ իշխանափոխությունն էլ խնդիրներ կային, պետական պաշտոններ ունեցող սակավաթիվ ձեռներեցներն էին տնօրինում հանրապետության հիմնական նյութական միջոցները, սոցիալական լրջագույն ինդիրներ ունեին հաշմանդամները, ծերերը, այրիները, որբերը, մանկավարժները, բժիշկները, սպասարկման ոլորտում աշխատողները: Սոցիալական խնդիրներ նաև մենք՝ հոգևորականներս ունեինք, որոնք իշխանափոխության ժամամանակ մեծ հույսեր էին կապում ներկա իշխանությունների հետ: Ինքս էլ բազմահազար ժողովրդի մի մասնիկն եմ եղել և աջակցել եմ ներկա վարչապետին, բայց անցած 2,5 տարում մեր հասարակության երկփեղկումը հասավ գագաթնակետին, իշխանությունները, խոցելի խավերի խնդիրներով զբաղվելու փոխարեն, սկսեցին անձնական հաշիվներ մաքրել նախկինների հետ ու փշրել ժողովրդի հույսերն ու նպատակները։ Փողոցից իշխանության եկած երիտասարդ և անփորձ մարդիկ ուրացան նախկինների վաստակն ու ավանդը։ Նորանշանակ պաշտոնյաների մեծամտությունը հասավ գագաթնակետին: Ազգային ժողովի՝ որևէ վաստակ չունեցող երիտասարդ ու ինքնահավան փոխխոսնակը ավազանի անունով դիմեց իր կրկնակի տարիքն ու հարյուրապատիկ վաստակն ունեցող ամենայն հայոց կաթողիկոսին, իշխանական լրատվամիջոցներով վարկաբեկվեցին բարձրաստիճան հոգևորականներն ու զինվորականները, տարբեր զարտուղի մեթոդներով հիվանդանոցներից, բուհերից և դպրոցներից հեռացվեցին վաստակաշատ անձինք և նշանակվեցին նոր, անորակ ու կասկածելի կապերով անձինք, որոնք ձախողեցին նախկինում եղած ամեն ինչ:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ