Պատերազմ է, պատերազմ է մոլեգնում հայոց աշխարհում
13.11.2020 | 01:28
ՄԱՍՆ Բ. ԹՈՒՐՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆ. ԿՐԹԱԿԱՆ ՍՊԱՆԴ
Հայոց կրթական գործը սկսել էր ծաղկում ապրել դեռևս 1850-ական թվականներից: Այն նոր թափ առավ 1860-ից հետո, երբ ընդունվեց Ազգային սահմանադրությունը, իսկ 1880-ականներին, պատրիարքներ Խրիմյան Հայրիկի և Ներսես Վարժապետյանի շնորհիվ, կրթական շարժումը նոր վերելք արձանագրեց, հիմնվեցին բազմաթիվ վարժարաններ, որոնք կենտրոնացան մի քանի ընկերություններում՝ Միացյալ, Ազգանվեր, Հայուհյաց և այլն: 1908 թ. Օսմանյան սահմանադրության ընդունումը առիթ դարձավ հայոց կրթական գործի աներևակայելի զարգացման. կրթական ընկերությունների, որբախնամ մարմինների միջոցով բացվեցին բազմաթիվ ազգային վարժարաններ, ինչպես նաև հիմնվեցին անհատական, հայ կաթոլիկ, հայ բողոքական, միսիոներական բազմաթիվ դպրոցներ: Միայն վերոհիշյալ երեք ընկերություններն ունեին 140 դպրոց՝ հազարավոր աշակերտներով և հարյուր հազարավոր ոսկու բյուջեներով, իսկ տեղական միջոցներով, թաղային բյուջեներով Վանում կար 15, Կարինում՝ 20, Բաղեշի, Խարբերդի նահանգներում՝ շուրջ 20, Թուրքիայի զանազան վայրերում՝ ավելի քան 50 դպրոց:
1902 թ. Պոլսո Կեդրոնական ուսումնական խորհուրդը փորձ արեց ներկայացնել հայոց կրթական վիճակը՝ հրապարակելով երկհատոր գրքույկներ, ուր ամփոփված էին վաղօրոք ուղարկված հարցաշարերի պատասխանները: Ըստ այդմ, պատկերը հետևյալ տեսքն ուներ. Թուրքիայի հայ առաջնորդական բաժանումներում, բացի Պոլսից, Եգիպտոսի, Կիպրոսի ու Բուլղարիայի արտասահմանյան թեմերից, կար 803 վարժարան՝ 59 հազար 495 աշակերտներով, 21 հազար 713 աշակերտուհիներով և 2088 երկսեռ ուսուցիչներով:
Սակայն այս վիճակագրությունը խիստ թերի էր և հեռու էր սպառիչ լինելուց: Հաշվի չէին առնվել հայ կաթոլիկ, հայ բողոքական վարժարանները, որբանոցները (օրինակ, Մշո Ս. Կարապետի, Առաքելոց, Հովհաննու վանքերի, Վանի Վարագավանքի, Կարմրավորի, Սալնապատի, Ս. Խաչի, Եդեսիո Ս. Սարգիս վանքի, Բաղեշի Խնդրակատար վանքի և այլն), բազմաթիվ անհատական կրթարանները (դիցուք, Կարինի Սանասարյան վարժարանը, Վանի Երամյանը, Խնուսի Խաշխաշյանը, Մարաշի Խրլագյանը, Սեբաստիայի Նորհատյանը, Բրուսայի Քալանթարյանը, Ռոդոսթոյի Գելիբոլյանը, Այնթապի Մեսրոպյանը և այլն): Ավելին, այդ վիճակագրությունից դուրս էին մնացել Բուլանըխի, Մանազկերտի, Վարդոյի, Չնքուշի, Արղընիի և այլ հայաբնակ վայրերի դպրոցները:
1914 թ. հայ բողոքականներն ունեին 350 վարժարան, որոնցից 1930 թ. մնացել էր 40-ը: Ամերիկյան միսիոներական դպրոցների թիվը 63 էր, որոնց 70 %-ը ծառայում էր հայ տղաների կրթությանը: Բացի այդ, գործում էին գերմանական, շվեյցարական և այլ միսիոներական վարժարաններ, որոնք կրկին հիմնականում հայերի էին կրթում:
Հավարտ ասվածի նշենք, որ 1914 թ. հայերը Թուրքիայում ունեին ավելի քան 2000 վարժարան, որոնցից 1930 թ. մնացել էր 100-ը:
ՄԱՍՆ Գ. ԹՈՒՐՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆ. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՆԴ
Ակնբախ է, որ Թուրքիայում տնտեսական գերազանցությունը պատկանում էր քրիստոնյա փոքրամասնությանը (հայեր, հույներ, ասորիներ)` հայերի գերակայությամբ, իսկ մահմեդական տարրը (թուրքեր, քրդեր, այլք) առևտրատնտեսական գործունեությամբ գրեթե չէր զբաղվում: Տնտեսական ասպարեզում հայոց գերիշխող դիրքը բացատրվում է բազմադարյա ավանդակիր հմտություններով, այնինչ տիրապետող ազգը այդպիսի ունակություններից պարզապես զուրկ էր, և այդ պատկերը դիպուկ բնութագրվում է աղբյուրներից մեկում. «Թուրքերն իրենց տիրապետութեան առաջին օրէն մինչեւ գրեթէ 1915 թուականը միշտ հեռու էին մնացեր առեւտրական եւ արհեստագործական ասպարէզներէն, անվայել համարելով այդպիսի «խոնարհ» զբաղումներ իրենց տիրապետող ազգի (միլլէթը հաքիմէ) հպարտութեան: Անոնք առաւելապէս զինուորականներ էին, իսլամական կրօնի ծառայողներ, պետական պաշտօնեաներ, մեծ հողատէրեր-կալուածատէրեր, քիչ բացառութեամբ՝ առեւտրականներ եւ քանի մը աննշան արհեստներու մէջ աշխատող: Անոնք առաւելապէս անասնապահ, երկրագործ, բանջարամշակ (պօսթանճի), այգեպան էին»:
Ժամանակի ընթացքում առաջացան թուրքական համազգային նախանձ ու անհանդուժողականություն. միլլէթը հաքիմէն աղքատ ու կիսաքաղց գոյություն էր քարշ տալիս, իսկ իրավական տեսակետից անպաշտպան հայը քրտնաթոր աշխատանքով արարում-ստեղծում էր և բարեկեցիկ կյանք վայելում:
Օսմանյան Թուրքիայում հայոց նկատմամբ բռնություններ, հարստահարություններ, ունեցվածքային անպատժելի բռնազավթումներ եղել են միշտ և հնուց անտի` XV դարից ի վեր: Սկզբում դրանք կրում էին տարերային բնույթ, և հապացույց ասվածի բերենք Բերրի քաղաքին վերաբերող մի վկայություն. «1895-ի թալանէն 20 տարի առաջ նորէն թալան մը եղած է: Այս պատճառով Բերրիի և այլ հայկական կեդրոններու մէջ գրեթէ հարստութիւն չէ մնացած հայերու մօտ, քանի որ այդ թալանի ընթացքին հայկական տուներու մէջ հին աւել մըն ալ չէր մնացած»:
Ընչազավթման տարերայնությունն աստիճանաբար վերածվեց համակարգվածության, և ուղենշային դարձան 1894-1896 թթ. համիդյան ջարդերը, որոնք թուրքին ցույց տվեցին հայասպանությամբ և ընչազավթմամբ արագորեն հարստանալու, բարեկեցիկ կենսապայմանների տեր դառնալու հեշտ ուղին: Մեջբերենք մի քանի վկայություն. «Առանց աշխատանքի ապրելու և վայելելու հոգեբանութիւնը տիրական էր անոնց հոգիին մէջ»:
«Քաղաքս (Ակնը- Խ. Դ.) իւր շրջակայ հայոց գիւղերով բաւական չէին անդադար ի հնուց ի վեր կրած հարստահարութիւնքն, վերջին ահաւորագոյն հարուած մը ունեցաւ 1896 տարւոյ սեպտեմբերի մէջ: Հայոց Վերին թաղի տներու մեծագոյն մասն հրոյ ճարակ եղան: Ընդհանուր անձանց կորուստն ըստ լրագրաց համարուեցաւ 2000 հոգի: Ամենայն անասելի խժդժութիւնք ի գործ դրուեցան, հայոց կրկին եկեղեցիք այրուեցան և երիցունք սպանուեցան: Նոյն թշուառութիւնն պիտի գար քաղաքիս վրայ 1895-ին, եթէ հայք 1500 լիրա փրկանք չտային: Այս դէպքէն վերջ հարուստ Ակնի ողջ մնացած ժողովուրդն բոլորովին յետին աստիճանի աղքատացաւ և մինչև անգամ չոր հացի կարօտ մնաց»:
«Թուրք բեռնակիրներ և անոթիներ սկսան վաճառականութիւն ընել շնորհիւ աւարառութեան, մինչ նախկին հայ ունեւորները ալ այդպիսիներուն քով ծառայութեան մտան՝ ապրուստ ճարելու անհրաժեշտ պէտքէն մղուած»:
Հաջորդ ուղենիշը 1909 թ. Ադանայի սոսկալի կոտորածն էր. «1909 թ. ապրիլին Ադանայի վիլայեթում կազմակերպված կոտորածներով, որոնց հետևանքով զոհվեցին մոտ 30000 անմեղ հայեր, 300 կալվածք այրվեց, հափշտակվեց ավելի քան 10000 գլուխ անասուն, իսկ նյութական վնասները հասան 20 միլիոն թուրքական լիրայի (մոտ 500 միլիոն ֆրանկի)»:
Թուրքերի նկատմամբ հայոց տնտեսական առավելությունը փաստելու համար բերենք ընդամենը մեկ՝ Սեբաստիայի նահանգի օրինակը: 1912-1913 թթ. այստեղ.
-մանուֆակտուրա ներմուծող 20 վաճառականներից 18-ը հայ էր, 2-ը` հույն
-կաշվեղեն և այլ ապրանքներ ներմուծող 25 վաճառականներից 23-ը հայ էր, 2-ը` թուրք
-մետաղներ ներմուծող բոլոր 12 վաճառականները հայ էին
-8 ալրաղացներից 4-ը պատկանում էր հայերին, 4-ը` թուրքերին
-բոլոր 10 սեղանավորները` ֆինանսավարկային գործունեությամբ զբաղվող անձինք, հայ էին
-9800 խանութպաններից և արհեստավորներից 6800-ը հայ էին, 2250-ը` թուրք, 750-ը` այլազգի
-150 արտահանող վաճառականներից 127-ը հայ էր, 23-ը` թուրք
-166 ներմուծող վաճառականներից 141-ը հայ էր, 13-ը` թուրք, 12-ը` այլազգի
-153 գործարանատերերից և արդյունաբերողներից 130-ը հայ էր, 20-ը` թուրք, 3-ը` այլազգի
-37 դրամատերերից ու սեղանավորներից 32-ը հայ էր, 5-ը` թուրք։
Նմանատիպ իրավիճակ էր Թուրքիայի գրեթե բոլոր 125 հայաբնակ քաղաքներում: Անգամ մայրաքաղաք Կ. Պոլսում 1908-1910 թթ. ութ խոշորագույն ներմուծող-արտահանող ֆիրմաներից երկուսը հայապատկան էին (Գյուլբենկյաններ և Բ. Մահչուփյան), վեցը` եվրոպական:
Այդ նույն թվականներին, որպես Բալկանյան պատերազմի արդյունք, Թուրքիայի 106437234 ֆունտ ստեռլինգ արտաքին պարտքի մի մասը զեղչվեց, իսկ մի մասն էլ բաժանվեց Իտալիայի, Հունաստանի, Սերբիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի միջև:
Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես Թուրքիան «Թեքալիֆը հարպիյե կոմիսիոնը» կոչվող հանձնախմբերի միջոցով պետական կողոպուտի ենթարկեց գլխավորապես քրիստոնյա հպատակներին: Ըստ ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի, «այդ բռնագրավումները զանգվածային կողոպուտ էին»:
Պատերազմ վարելու համար Թուրքիային ֆինանսական միջոցներ էին հարկավոր, և՝ բռնազավթումներին զուգընթաց, նա փոխառություններ ստացավ. 1915 թ. հունվարի 19-ին՝ Գերմանիայից 5 մլն դոլար, նույն թվականի մայիսի 23-ին՝ դարձյալ Գերմանիայից 2 մլն դոլար (կամ 10 մլն ֆրանկ), որից 2/3-ը՝ Բեռլինից, 1/3-ը՝ Վիեննայից:
Բացի հային, հույնին, ասորուն կողոպտելուց Թուրքիան բռնագրավեց նրանց շարժական և անշարժ գույքը, բնականաբար՝ կոտորելով օրինական տերերին:
Բերենք Ադանայի օրինակը. «1915-ին տեղահանութեան ենթարկուած հայերուն շարժուն եւ անշարժ բոլոր հարստութիւնները «Լքեալ գոյքեր» («Էմվալը մէթրուքէ») օրէնքին համաձայն գրաւուեցան թիւրք կառավարութեան կողմէ:
Այսպէսով գրաւուած հայապատկան կալուածներն ու գոյքերը ծախուեցան ոչինչ, շատ չնչին ու ցած գիներով: Իսկ գոյք ու կալուածոց մէկ մասն ալ իւրացուեցաւ թիւրք անհատներու կողմէ: Ասոնք իբր «պահանջատէր» ներկայանալով կառավարութեան, կեղծ վկաներով ու կեղծ մուրհակներով կամ շինծու պարտաթուղթերով անհիմն դատեր բացին, եւ դատարանները ամբաստանեալ «պարտական» հայերուն ի բացակայութեան վճիռներ արձակելով՝ անմիջապէս այսպիսի կեղծ դատավճիռները գործադրութեան դրին, եւ շատ թիւրքեր աննշան գիներով կառավարութեան ձեռքէն գրաւեցին հայապատկան կալուածները:
Օրինակ, այսպիսի մեքենայութեամբ էր որ գրաւուեցաւ Պապիկեան պարտէզը, ընդարձակ եւ արժէքավոր:
Ի գործադրութիւն վերոյիշեալ օրէնքին, հայերու պատկանող ամբողջ հարստութիւնը, ինչպէս նաեւ ազգապատկան կալուածները, դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները մէկ օրէն միւսը մէկ հարուածով թիւրք պետութեան ու ժողովուրդին սեպհականութիւնը դարձան»:
Պատերազմի առաջին տարում՝ 1914-1915 թթ., զորակոչի ենթակա 20-23 տարեկաններից բացի, 24-25 տարեկաններից յուրաքանչյուրից Նիզամիյեի (գործող) բանակի համար բռնագանձեց 63 ոսկի (315 դոլար), իսկ պահեստազորի տարիք ունեցողներից՝ 40 ոսկի (200 դոլար): Դրանից հետո բոլորին զորակոչեց՝ կոտորելու նպատակով:
1915-1916 թթ. թուրքահպատակ հայ քաղաքացիների կողոպուտը կատարվեց պետականորեն ծրագրված ու մանրամասնորեն մշակված կերպով՝ կառավարական պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ ու նրանց վերահսկողության ներքո: Այդ ամենի մասին պահպանվել են բազմաթիվ փաստաթղթեր, մասնավորապես՝ 1915 թ. փետրվարի 18-ի, մարտի 25-ի, մայիսի 10-ի, ընդհուպ մինչև 1915 թ. սեպտեմբերի 26-ի «Լքյալ գույքերի մասին» տխրահռչակ օրենքը:
Հայերից բռնագրաված գումարները, ինչպես նաև նրանց անշարժ և շարժական գույքի ընդհանուր արժեքը կազմեց 5 միլիարդ դոլար:
Ֆինանսատնտեսական ցեղասպանությամբ Թուրքիան լուծեց մի քանի խնդիր:
Նախ, մահմեդական փախստականներին, գաղթականներին՝ մուհաջիրներին, տեղավորեց հայերից խլված տներում:
Երկրորդ, հայերից յուրացրած ֆինանսական միջոցներն օգտագործեց ներքին և արտաքին պարտքերը մարելու համար:
Երրորդ, պատերազմը տեղափոխեց Արևելյան Հայաստան, Անդրկովկաս և 1918 թ. մոլեռանդ մահմեդականների հետ Բաքվում կոտորելով 30000 հայի՝ ստեղծեց Ադրբեջանի Հանրապետությունը:
ՄԱՍՆ Դ. ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Դեռևս 1916 թ. ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախաձեռնությամբ ծրագրվեց և Անդրկովկասի տարբեր վայրերում կատարվեց Արևմտյան Հայաստանի հայ բնակչության կոտորածների կազմակերպման և իրականացման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում՝ «Վշտապատում» անվանմամբ, որի նպատակն էր «ճշտել վերջին պատերազմի պատճառով Թուրքիայում հայերի ունեցած զոհերի, նյութական կորուստների ծավալը, կուլտուրական վնասի չափը»: Թեև հարցումները վերաբերում էին հիմնականում Արևմտյան Հայաստանին և ոչ ամբողջ Թուրքիայի հայությանը, ինչպես նաև գլխավորաբար ընդգրկում էին գյուղերն ու գյուղախմբերը, այդուհանդերձ, դա առաջին փորձն էր:
1918 թ. հոկտեմբերի 31-ին Թիֆլիսում կայացավ Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստ՝ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։ Խորհուրդը որոշեց Հաշտության վեհաժողովին հայ ժողովրդի կողմից մի հուշագիր կազմելու և ներկայացնելու համար ընտրել հանձնաժողով: Նոյեմբերի 21-ին ստեղծվեց «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով», որի նախագահ ընտրվեց Ամենայն հայոց բանաստեղծը:
Հանձնաժողովի չորս բաժիններից մեկը` Տնտեսականը, պետք է զբաղվեր աշխարհամարտի ընթացքում հայության ունեցած նյութական կորուստների հաշվառումով: Այն գործում էր որոշակի կանոնադրությամբ ու հատուկ հրահանգով: Ունենալով պետական կարգավիճակ, հանձնաժողովը նաև որոշ ֆինանսավորում էր ստանում Հայաստանի Հանրապետության կառավարությունից:
1919 թ. հունվարի 18-ին սկսվեց Փարիզի Հաշտության վեհաժողովը, որտեղ հայ ժողովրդի շահերը ներկայացնում էին երկու մարմին՝ Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի ղեկավարությամբ: Փետրվարին ներկայացվեց երկու հուշագիր. մեկում հայ ժողովուրդը առաջ էր քաշում քաղաքական (տարածքային) պահանջներ, մյուսը նվիրված էր Առաջին աշխարհամարտի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների համար ֆինանսական փոխհատուցման խնդրին (ռեպարացիաներ)։ Հայոց նյութական պահանջների վերաբերյալ միասնական հուշագրում, ըստ այդ պատվիրակությունների հաշվարկի, թուրքերի հասցրած վնասները կազմում էին 19 մլրդ 130 մլն 932 հազար ֆրանկ (1919 թ. Ֆրանսիայում գործող գներին համապատասխան), որից Արևմտյան Հայաստանին բաժին էր ընկնում 14 մլրդ 598 մլն 460 հազ., իսկ Հայաստանի Հանրապետությանը և Կովկասի հայաբնակ շրջաններին ` 4 մլրդ 532 մլն 472 հազ. ֆրանկ:
Ակնհայտ է, որ այդ գումարաչափերը խիստ մոտավոր էին, բայց նույնիսկ դրանք չբավարարվեցին: Բնականաբար, որևէ որոշում չկայացվեց նաև տարածքային պահանջների վերաբերյալ:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ