Մեկ ամսից ավելի է` պատերազմն ընթանում է‚ և հայտնի չէ‚ թե որքան կշարունակվի։ Պատերազմը ներգրավել է հասարակության բոլոր շերտերը։ Այս ընթացքում շատ կարևոր են թիկունքում հասարակական առողջ մթնոլորտի ձևավորումն ու պահպանումը, այն հստակ գիտակցումը‚ որ ամեն ինչ պետք է անել ի նպաստ բանակի։
Մեր օրերում ամեն ինչ բոլորին հեշտ հասանելի է‚ և ամեն վայրկյան կարող ենք ունենալ տեղեկություն‚ որը պատրաստ չենք ընկալելու‚ և որը կարող է ազդել մեր գիտակցության‚ ենթագիտակցության‚ հույզերի ու վարքագծի վրա։ Քանի որ պատերազմը նաև նյարդերի պայքար է‚ պետք է կարողանալ գրագետ պաշտպանվել տեղեկատվական հոսքերից։ Հաշվի առնելով‚ որ պատերազմն առնչվում է բոլորիս‚ պետք է նկատել‚ որ հոգեբանական նման ազդեցությունները կարող են մեծապես անդրադառնալ հանրության վրա։ Այս ամենից խուսափելու համար պետք է հենվել իրականության վրա‚ չստեղծել երևակայական վտանգներ ու անիմաստ չպայքարել երևակայական վտանգների դեմ։
Մասնագետները նշում են‚ որ հատուկ աշխատանք պետք է իրականացվի մի շարք խոցելի խմբերի՝ վիրավորների‚ կորուստ ունեցող ընտանիքների և Արցախից տեղահանվածների հետ։ Նշենք‚ որ այս օրերին բազմաթիվ հոգեբաններ կամավորական հիմունքներով կատարում են այդ աշխատանքը։ Հոգեբանները կոչ են անում նշված խմբերի մարդկանց դիմել մասնագետներին և իրենց վշտի հետ չմնալ մենակ‚ չսպասել‚ որ հոգեբաններն իրենց գտնեն։ Պատերազմից տուժածներին պարտադիր հոգեբանական օգնություն տրամադրելու մեխանիզմներ չկան‚ մանավանդ որ այս թեման շատ անհատական է‚ և յուրաքանչյուրի հետ պետք է տարվի առանձին‚ երկարատև աշխատանք։
Նշենք‚ որ տուժածներին օգնում են ոչ միայն հայ մասնագետները. տարբեր երկրներից Հայաստան են ժամանում հոգեբույժներ‚ հոգեթերապևտներ, հայաստանցի մասնագետների համար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ