Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ:
«Իրատեսի» հետ զրույցում նախագծերի հեղինակն ասաց, որ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված էր կրթության կազմակերպման ու որակյալ արդյունքներ ապահովելու գործին էականորեն խոչընդոտող, անթույլատրելի, հանրային հարթակներում խրախուսվող ծառայությունների (ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ և այլ ավարտական աշխատանքներ) կանխմամբ. «Խնդրի կարգավորման համար գովազդն արգելող նորմի հետ պետք է սահմանել նաև դրա վերահսկողության և պատասխանատվության հիմքերը: Պետք է այնպես անել, որ այս փոփոխություններին զուգահեռ բուհերը սկսեն պայքարել երևույթի դեմ: Գրագողության դեմ կիրառվող էլեկտրոնային ծրագրերի ու գործիքների, ինչպիսիք են, օրինակ՝ «Moodle», «Blackboard», «Canvas», մրցույթ հայտարարել ու դրանք ներդնել ուսումնական գործընթացի մեջ»:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այս փաթեթով չեն սահմանափակվելու, առաջիկայում նմանօրինակ ծառայություններն առհասարակ արգելող նախաձեռնությամբ են հանդես գալու. «Դիպլոմայիններ, կուրսայիններ գրող գրասենյակներն ու առցանց ծառայությունները պետք է պատժվեն օրենքով, բայց քանի որ համացանցային տիրույթը վերահսկելի չէ, խնդրի վերջնական լուծումը պետք է բուհերը գտնեն»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ