ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գլադիատորական մարտեր Հայաստանում

Գլադիատորական մարտեր Հայաստանում
25.12.2018 | 12:23

Դեկտեմբերի 21-ին դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց գեներալ Մանվել Գրիգորյանին, որ մեղադրվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորված էր հունիսից: Կես տարում հետաքննությունը գործը դատարան չհանձնեց: Թեպետ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութում ամեն ինչ այնպես էր ներկայացվում, որ գործը բացահայտված է, մնում է մեղավորին դատել: Կես տարի ի՞նչ էր անում հետաքննությունը: Ինչու՞ քրեական գործը այդպես էլ դատարան չհասավ` այս հարցը այսօր ոչ ոք չի տալիս: Փոխարենը Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակման պահից չեն դադարում բողոքի ցույցերը, ու այդտեղ մեղքի իր բաժինն ունի նաև դատարանը, որ չհանրայնացրեց, թե դատավորի որոշման համար ի՞նչն է հիմք դարձել: Կա միայն փաստաբանի տեսակետը` պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։ Որ Մանվել Գրիգորյանը իրոք հիվանդ է, ոչ մեկի համար նորություն չէ, որ բժշկական էպիկրիզը բավարար հիմք է մինչև դատավարությունը կասկածյալին ազատ արձակելու` պիտի դատարանն ասեր:
Փոխարենը շատ արագ գործողության մեջ մտավ դատախազությունը` արդեն հաջորդ օրը հայտարարելով, որ բողոքարկելու է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը:


Առանձին քննության նյութ է` ու՞մ դրդումով ու ինչու՞ են փողոց դուրս եկել էջմիածինցիները և որքանո՞վ է իրավաչափ Երևան-Էջմիածին ճանապարհը փակելու քայլը: Ի՞նչ իրավունք ունեն այս կան այն որոշման դեմ բողոքող քաղաքացիները ավտոմայրուղիներ փակել` այս հարցը աստիճանաբար դառնում է խիստ արդիական: Իրավական պետության քաղաքացիները իրավունք ունեն իրենց տեսակետը հայտնել և ազատ խոսքի նրանց իրավունքը ոչ ոք չի վիճարկում, բայց ինչու՞ պիտի քաղաքացիների մի մասի իրավունքը իրացնելը լինի քաղաքացիների մեկ այլ մասի իրավունքների հաշվին:


Երեկ բողոքող էջմիածինցիներին ընդունելով` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գերազանցեց բոլոր սպասումները` բառացի հայտարարելով` «Դատարանի որոշումը չի արտահայտում հասարակության կարծիքը»: Եթե ասողը լիներ շարքային քաղաքացի` հասկանալի կլիներ, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան, այն էլ գլխավոր դատախազը հիանալի գիտի, որ արդարադատությունը ու հասարակական կարծիքը միմյանցից կախված չեն ու իրարից չեն բխում: Հասարակական կարծիքը խմբային անպատասխանատվություն է ի վերջո, առավելևս, որ այդ հայտարարություն անող դատախազը չի նշում հասարակական կարծիքի որևէ ուսումնասիրություն, որով պարզել է, թե հարցվածների ո՞ր տոկոսը ի՞նչ կարծիք ունի: Փաստացի` գլխավոր դատախազը` հակառակ իր բարձր պաշտոնի` տուրք է տալիս պոպուլիզմին ու ասում է այն` ինչ ուզում են լսել դատախազության առաջ բողոքի ցույց անողները, փոխարենը նրանց բացատրի իրավական ընթացակարգերը: Չէ, իհարկե, ինչ-որ բացատրություն փորձել է տալ: Օրինակ` հնարավո՞ր է, որ դատարանը հանրային ճնշման դեպքում ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն կարող հանդուրժել Նոր տարուն Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ գտնվելը հարցին, դատախազը պատասխանել է. «Պետք է մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ, բայց այ նիստն արագ նշանակել, քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո, հնչեղ գործերով կա այսպիսի մոտեցում, և, եթե նկատեցիք, մենք էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ՝ մեկօրյա ժամկետում տանում ենք վերաքննիչ բողոք»։


Եթե գործն այդքան հնչեղ էր, կես տարի ինչու՞ դատարան չհասավ: Կամ` ի՞նչ հիմքեր է տեսնում դատախազը, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով խոչընդոտելու է նախաքննությանը: «Մենք տեսնում ենք այդ հիմքերը, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի, մենք այդ կանխատեսումները հիմնավորում ենք, դրա համար էլ գնում ենք, իսկ գործի տվյալների մասին, կարծում եմ, առաջիկայում, երբ որ կավարտվի նախաքննությունը հրապարակային կներկայացնենք»` կարճ է կապել գլխավոր դատախազը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մանվել Գրիգորյանին ոչ արդարացնելու, ոչ մեղադրելու ցանկություն ու իրավունք չունենալով` չեմ կարող չհարցնել` էլ ի՞նչ հետաքննություն, ի՞նչ դատարան, ի՞նչ դատավոր ու դատախազ, ավելի լա՞վ չէ բոլոր հարցերը լուծել Հանրապետության հրապարակում` բերում եք կասկածյալին, կանգնեցնում եք մշտապես գործող բեմում ու հանդիսատեսին հարցնու՞մ եք` մեղավո՞ր է: Եթե բութ մատը վեր պարզեց, ազատ եք արձակում, ներքև` բանտ եք տանում: Եվ արագ է, և հեշտ: Ի՞նչ ենք ընկել ձևականությունների հետևից, միևնույն է, ամեն ինչ վճռում է «հասարակական կարծիքը»: Դատական համակարգի «օպտիմալացումը»` արդարադատության փոխարինումը «հասարակական կարծիքով»` սպառնալիք է ոչ միայն համակարգին, այլև առաջին հերթին քաղաքացուն, որ ինքնադատաստանը ու դատարանը խառնել է իրար ու իրեն վեր է դասում պետությունից: Թե՞ պետությունը իր դերը դեռ չի գիտակցել` գլուխը խառն է` ինքն էլ է օպտիմալացվում:

Դիտվել է՝ 4284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ