ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին

Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին
13.06.2018 | 16:17

Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ու մյուս ամբաստանյալները: Այսօր՝ հունիսի 13-ին նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվեց: «Նոր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ առաջին ատյանի սահմանած պատժաչափը՝ 10 տարի 5 ամիս ժամկետով, նվազեցվեց եւ վերջնական պատժաչափ սահմանվեց 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը: Դատարանը նաեւ բավարարեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը եւ որոշեց ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, նրանց կողմից 500.000-ական դրամ վճարելուց հետո, ազատ արձակել Սեֆիլյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Սերգեյ Բագրատյանը եւ «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ պատժաչափ սահմանվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը: Սաֆարյանը, սակայն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Գործով մյուս ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանն ու Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեցին 2-ական տարի ժամկետով ազատազրկման: Նրանք նույնպես չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք»-ից Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը, իսկ Ներսես Պողոսյանի համար՝ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանին՝ ընդհանուր 5 տարի 5 ամիս, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի 5 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինի պատժի կրման ժամկետն ավարտվել է, եւ մայիսի 31-ին նա ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երեւանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ՝ 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի մայիսի 18-ը կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցվել:

Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանն ու Հովհաննես Պետրոսյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից):

Գեւորգ Սաֆարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ