ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որ ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա:
Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ: Վալերի Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն: Ոստիկանության պետը, նշելով, որ վերջերս շատացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, հանձնարարեց հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի վրա:
Խորհրդակացության ընթացքում հանձնարարվեց բարելավել ծառայությունը ոստիկանության հենակետերում, ուշադրություն դարձնել անձնակազմի կարգապահությանն ու արտաքին տեսքին: