ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Սերժ Սարգսյան. Հրայր Թովմասյանը նոր մարդ չէ իրավական հանրության համար

Սերժ Սարգսյան. Հրայր Թովմասյանը նոր մարդ չէ իրավական հանրության համար
24.03.2018 | 12:50

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ՍԴ նիստերի դահլիճն անվանակոչվել է հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով: Մինչ այդ նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է արդեն Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը: ՍԴ նախագահը նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ ավելի հասանելի դարձնել օգտվողների համար:

Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու ժամանակ ՀՀ նախագահը շնորհավորել է նախաձեռնությունն ու հաջողություններ է մաղթել ՍԴ ներկա և նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացման կարևորագույն և պատասխանատու աշխատանքում: «Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի: Հայ իրավական միտքը զարգացման շատ կարևոր ճանապարհ է անցել: Եվ դեռևս 200 տարի առաջ Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով և խոսել ինստիտուտների կարևորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետությունների կայացման համար: Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար և, իհարկե, շատ կարևոր է լինելու նաև այն մարդկանց համար, ովքեր երբևէ մտնելու են այս դահլիճ:


Շնորհավորում եմ բոլորիս այս լավ նախաձեռնության և անվանակոչության համար: Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորում նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: ՈՒստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում: Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին: Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն:

Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին: Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիս և բարի երթ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ