«Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ սահմանադրական խառնաշփոթի հարցով` հայտնում է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: «Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է ՀՀ նախագահին ընտրել Ազգային ժողովում։ Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմումի տեքստն ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում բանավեճ է խորհրդարանում ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների սահմանադրականության հարցի շուրջ: Ասվում է, որ նոր Սահմանադրությունն ամբողջ ծավալով ուժի մեջ է մտնում առաջիկայում ընտրվելիք նախագահի պաշտոնակալության օրը միայն, հետևաբար՝ նախագահը պետք է ընտրվի համաձայն հին Սահմանադրության կարգավորումների: