ԱԺ միջանցքներում ԴԱՀԿ-ի նախկին նախագահ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանն ասաց, որ իր դերը կունենա օրենսդիրում։ Ինչը, բնականաբար, մեր մեջ հարց առաջացրեց` ինչպե՞ս է այն արտահայտվելու։
«Ես երկար տարիներ աշխատել եմ և՛ տնտեսական, և՛ իրավաբանական ոլորտներում և պատրաստ եմ օրենսդիրում ունենալու իմ դերը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Միհրան Պողոսյանը։ Այսինքն, պատգամավորը իրեն տեսնում է որպես պատգամավորի՞, թե՞ հանձնաժողովի նախագահի դերում։ «Եթե կուսակցությունը որոշի, որ պետք է լինեմ որևէ հանձնաժողովի նախագահ, ապա այդպես կլինի»,- ասաց պատգամավորը։ Սակայն, քանի որ լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել էր, թե բավական է օֆշորի հետ կապված հարցեր տաք, մեզ հետաքրքրեց` Միհրան Պողոսյանը մտածե՞լ է, թե ինչու է այդ հարցը անընդմեջ իրեն տրվում։ «Կարծում եմ` դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է»,- նշեց պատգամավորը։ Փաստորեն, ըստ Միհրան Պողոսյանի, ոչ թե օֆշորային սկանդալն է խնդիր, այլ լրատվամիջոցների մոտեցումը, իսկ գուցե խնդիրն այն է, որ այդ մութ պատմության վրա լույս այդպես էլ չսփռվեց։
Մեր այս դիտարկմանը պատգամավորը չհամաձայնեց․ «Ինֆորմացիան լիարժեք տրվել է։ Հասկանում եմ, որ Ձեզ՝ լրագրողներիդ համար ինտրիգը ավելի հետաքրքիր է։ Այսօր լրագրողական դաշտը պետք է մտածի մարդկանց բարի տրամադրություն փոխանցելու ուղղությամբ։ Բացասական երևույթները տարածելու հնարավորություն ունենալով նպաստում եք, որպեսզի մարդիկ հեռանան երկրից»։ Այստեղ են ասել` «Ով աշխատի, ով ուտի»։ Բայց և այնպես, Միհրան Պողոսյանի վերջնական խոսքը այս զրույցում` «Ես թույլ չեն տալիս խոսել օֆշորի մասին», բազմաթիվ բազմակետերի տեղիք տվեց, մինչդեռ մեր հարցը շատ տրամաբանական էր։ Ընդամենը ասացինք, որ, այսպես, թե այնպես, օֆշորն ինքնին բացասական երևույթ է։ Մեր այս հարցին հետևեց պատգամավորի վերը նշված պատասխանը, որից հետո նա չուզեց շարունակել զրույցը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ