Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը այսօր է՝ մարտի 21-ին` ժամը 18-ին, Շահումյանի գերեզմանատանը կից «Սան Լազար» սգո սրահում, հուղարկավորությունը՝ վաղը, ժամը 14-ին։ Նրա մարմինը կհանձնեն հողին, հանգստություն կգտնի՞ հոգին: Մեկ տարի հետո այսօր աղմկողներից քանի՞ մարդ կհիշի Հաց բերողին: Անցյալ հուլիսին ՊՊԾ գունդ կրակահերթի տակ հաց տանելու պատմությունը Վերնիսաժի փայտ փորագրողին բոլորիս հայտնի դարձրեց: Հետո ձերբակալեցին ու մի քանի ամսից ազատ արձակեցին, որ երկրորդ անգամ ձերբակալեն: Հացի պատմությունը սկսեց դառնալ մարդու իրավունքի ու ազատության համար պայքարի պատմություն: Ինչպես ՊՊԾ գնդի պաշարման օրերին անմտած գործողությունների պատճառով՝ «հեղափոխական» դարձրին Սարի թաղի անլույս ու անգազ մնացած բնակիչներին, այնպես էլ իրավապահների անօրինական ու անմտած գործողությունները պատճառ դարձան, որ 49 տարեկան, հաշմանդամ ու ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող Արթուր Սարգսյանը ընտրի պայքարի այդ տարբերակը: Նրա վախճանվելուց հետո փողոցներում երթեր անողները, «Եռաբլուրում» հուղարկավորում պահանջողները գոնե մի պահ իրենք իրենց հարց տվեցի՞ն՝ իսկ իրենք հարգո՞ւմ են Հաց բերողի հիշատակը, իսկ «Սասնա ծռերի» զոհերը մեկով էլ չավելացա՞ն, ու նրանց խիղճը մաքո՞ւր է:
Իրենց հարց տալի՞ս են, թե ովքեր են հանգչում «Եռաբլուրում»՝ Սոսե մայրիկից՝ Անդրանիկ Զորավար, Վազգեն Սարգսյանից՝ քառօրյա պատերազմի հերոսներ, ազատամարտիկներ ու զինվորներ, որ թշնամու դեմ են կռվել, ու որտե՞ղ է համեմատության եզրը: Որտե՞ղ է Վահան Տերյանի, Կոմիտասի, Հրանտ Մաթևոսյանի, Հակոբ Հակոբյանի, Սերգեյ Փարաջանովի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի հետ Պանթեոնում հուղարկավորվելու հիմքը: Նախընտրական շրջան է, մթնոլորտը լարված է: ՊՊԾ գունդը գրոհողների անավարտ պատմությունը շարունակելու ցանկություն կա: Երևանում միշտ կան մարդիկ, որ պատրաստ են նետվել փողոց ու հրապարակ: Միշտ կան նաև այնպիսիները, որ պատրվակ են որոնում իրենց ամբիցիաների, կյանքից ու աշխարհից դժգոհության, թույնի ու ատելության հորձանքը ժողովրդի անունից ներկայացնելու, վստահ, որ իրենց անունը ոչինչ չի նշանակում: Իրավապահներն էլ իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկելու ի վիճակի չէին ու չեն: Հասկանալի է, բայց մարդ է մահացել: Մահվան ու հանգուցյալի նկատմամբ մարդկային հարգանք պե՞տք է, թե՞ ոչ: Իշխանությանը մեղադրելու առիթներն ու պատճառները վերջացե՞լ էին, այս մե՞կն էր մնացել: Հնարավոր չէ՞ մարդուն հանձնել հողին, հետո պահանջել մեղավորներին պատժել: Թե՞ հետո մեղքը մեղք չէ: Ի վերջո, որտե՞ղ էին փողոցներում աղմկողները, երբ նա ազատազրկված էր ու հացադուլ էր անում՝ գնային, համոզեին, որ կյանքի համար վտանգավոր է, նախարարի ու դատավորների, դատախազի հրաժարական պահանջեին այն ժամանակ: Չթողնեին, որ հիվանդանոցից տուն գնա՝ առանց բուժվելու:
Ո՞Ւր էին այն ժամանակ: Ոչ հիմա, երբ մարդու դիակը սեղանին՝ սկսել են սեփական անձի հերոսացումը: Անվայել է: Անվայել է, երբ փորձ է արվում մեղադրել բժիշկներին՝ իրավապահներից պատասխանատվությունը նրանց վրա փոխադրելով, անվայել է, երբ հոգևորականը հրաժարվում է հոգեհանգստի արարողությունից, անվայել է, երբ ինչ-որ ազգային-ազատագրական հանձնախմբեր են կազմվում, հայտարարություններ ու հակահայտարարություններ արվում, երբ մարդու մահը և հուղարկավորությունը դառնում են նախընտրական քարոզչության մաս ու շահարկում:
Պատճառը նաև Արթուր Սարգսյանի հարազատներն են, որ անմիջապես չհայտնեցին իրենց որոշումը և թույլ տվեցին՝ Հաց բերողի լուսավոր հիշատակը այսքան ու այսպես ոտնահարվի, ով ասես ու ինչպես ասես նրա մահվան հաշվին հերոսանա: Մինչդեռ Հաց բերողը մարդ լինելու դաս էր տվել, հաց էր տվել սովածին: ՈՒ դա արժանի է հարգանքի: Նվազագույնը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արթուր Սարգսյանը մահացավ մարտի 16-ին, վեց օր է՝ նրա լուսավոր հիշատակը հարգելու փոխարեն հիստերիաների վկա ենք, որի պատճառը մեր աղճատված արժեքներն են, որ արժեզրկում են կյանքն էլ, մահն էլ: Մենք արժանի չենք, որ մեզ Հաց բերեն՝ Հացի հասկացությունը մենք խառնում ենք ատելության ու թույնի հետ ու դարձնում ենք անարգանք: Գուցե ճիշտը Հասմիկ Պապյանն էր՝ հուղարկավորել Արթուրին երևանամերձ որևէ բլրի վրա, մատուռ կառուցել, որ միշտ արթուն մնա մարդկանց հոգիներում խլացող խիղճը: Խիղճը, բայց ոչ կռապաշտությունը: Հանգուցյալի հաշվին ինքնահաստատումը: Հացի սրբության ոտնահարումը: