Ամենևին չծանրանալով Ջրառատի հայտնի դեպքերի քրոնոլոգիայի իրավական ասպեկտների վրա, ականջ չկախելով ոչ այս, ոչ այն կողմի արգումենտներին` Երանոսյաններից մինչ Սամվել Բաբայանի կողմից «կազմակերպված» լինելու «հավաստիացումներ», փորձենք, այնուհանդերձ, հասկանալ «դիպվածի» քաղաքական անատոմիան. այն իսկապե՞ս ՕՐՕ դաշինքի համար ոչ վատ մեկնարկ էր, իր «շուրջը սեղմված օղակը» հարկավոր պահին այլ գործողություններով ֆորս մաժորի տանելու համար, թե՞ «դիպված» էր պարզապես, որ որևէ «խորք» չուներ և չէր ծառայեցվելու առավել հեռուն գնացող նպատակների:
Լինենք անկեղծ` բավականին անսպասելի էր նաև Սեյրան Օհանյանի` «դիպվածի» առնչությամբ արձագանքը՝ «երբ հայհոյում են, ապա պետք է պատժել»: Ո՞վ պետք է պատժի, ի՞նքը, ՕՐՕ՞-ն, «ա՞յլք», թե՞ օրենքը: Ի դեպ, վերջին շրջանում պաշտպանության նախկին նախարարը չի դադարում զարմացնել. նա խոսում է ցուցամատը վեր ցցած, թափ տալով, աչքերում ինչ-որ անբացատրելի-անճանաչելի «խորքով»: Ասել ենք` երկրորդ շնչառությամբ Օհանյանի մեջ ռեինկառնացիա է տեղի ունեցել. նրա վարքականոնի մեջ շատ ավելի Սամվել Բաբայան կա, քան Սեյրան Օհանյան: ՈՒ եթե սրան էլ հավելում ենք ՕՐՕ-ի նախընտրական տեսահոլովակը, որի «սիմվոլիկայի» և «նշանային» համակարգի մասին արդեն իսկ խոսել ենք, այն է` տարածականացնել, կենդանի պահել «Սասնա ծռերի»` ՊՊԾ-ի գրավման օրերի ոգին, երբ ազգը մի կերպ կարողացավ խուսափել քաղաքացիական ընդհարումից, երբ «ապստամբները» սպանեցին մի քանի ոստիկանի, երբ…
Ասել է` անկախ նրանից, թե ովքեր են մեղավոր Ջրառատի դեպքերի համար ¥իսկ կռվի մեջ գաթա չեն բաժանում¤, կատարվածը պետք է գրել ՕՐՕ-ի քաղաքական ակտիվում` չշտապելով նաև հեռուն գնացող եզրակացություններ անել: Եվ այնուհանդերձ, «կասկածել», որ պարոն Միլզի հետ հանդիպումից հետո… ձգենք պաուզան. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը, նկատեցիք, առաջինը հանդիպեց ՀՀԿ-ի հետ, ըստ ամենայնի, որ «քողարկի» իր թաքուն համակրանքը ՕՐՕ-ի նկատմամբ, ապա հանդիպեց այս դաշինքի հետ: Չմոռանանք, որ Հայաստանում ԱՄՆ-ը մի չքնաղ «ապրոբացիա» է ունեցել` հանրությանը շարժելու առումով` ի դեմս Սերժ Թանկյանի իրապես ֆանտաստիկ մարդաշատ համերգի: Չմոռանանք, որ պարոն Միլզը «Սասնա ծռերի» օրերին բավականին սրտացավ էր «ծռերի» հանդեպ, այդ հետո ԱՄՆ-ի դեսպանատունը վետո դրեց «ծռերի»` ԱՄՆ մուտքի վրա:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է` ՕՐՕ-ն ինչ-որ բանի է նախապատրաստվում: Ինչի՞, կիմանան ՕՐՕ-ն մոդերացնողները, որոնք շատ են ցանկացել, որ ԱՄՆ-ի երկու «քաղաքացիները»` Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, քով քովի լինեն, բայց դեֆակտո այդ կոնգլոմերատը ղեկավարի Սաակաշվիլու հետ ռեինկառնացվելու պատրաստ Սեյրան Օհանյանը` յուր երրորդ շնչառությամբ: Ի դեպ, նկատենք, որ պայքարի, ըմբոստության հետընտրական ֆորս մաժորի բոլոր պարամետրերն առկա են այս դաշինքում (լավ է հաշվարկված կոնգլոմերատը):
Թույլ տանք մեզ կարծել նաև՝ բացի ներքաղաքական «ֆիշկա» լինելուց, այս դաշինքը, հնարավոր է, ղարաբաղյան սպասվող զարգացումների համար է նաև «նախատեսված»: Իհարկե, չենք կարծում, որ ղարաբաղյան «գետնին» վրա շատ արագ գործընթացներ կարող են լինել, սակայն Ռուսաստան-Թուրքիա վերջին զարգացումները, Սերժ Սարգսյանի, նաև Ալիևի նոն-ստոպ այցերը Ֆրանսիա որոշակի ֆոն ստեղծում են մասամբ այդպես կարծելու համար:
Մանավանդ որ ահագին հետաքրքիր թեզ են առաջ քաշում և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան՝ ազատագրված հինգ շրջանների վերադարձի դիմաց Ղարաբաղի անկախություն կամ միջանկյալ կարգավիճակ:
Մի քիչ ֆանտաստիկ է թվում, բայց…
Ո՞Ւմ կողմից կխաղա ՕՐՕ-ն այդ ժամանակ. սա է թերևս գլխավոր խնդիրը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ