Հարգարժան վարչապետ, ինձ երբեմն թվում է, թե 3-րդ հանրապետության առանձին մարմիններ իրենք իրենց հայտարարել են օրենքից դուրս, վարվում են օրենքի, օրինականության և մարդկային ճակատագրերի հետ սեփական հայեցողությամբ և անձնական ողորմածությամբ: Եվ մնում են անպատիժ, քանի որ նրանց այս անըմբռնելի ազատամտությունը, ըստ էության, անվերահսկելի է: Գոնե Ձեզ ներկայացվող պատմության համատեքստում:
«Երեկոյան Երևան» թերթի աշխատակից Գևորգ Մուրադյանը 1995-ին Երևանի աճուրդի կենտրոնից ձեռք է բերում «Աբովյանի գարեջրի գործարան»-ի 20 բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով, ընդամենը 200000 դրամ կշռով, «Երևանի հրուշակեղենի կոմբինատ»-ի 22 և վերջապես, «Արտաշատի գինու, կոնյակի գործարան»-ի 66 բաժնետոմս, յուրաքանչյուրը դարձյալ 10 հազար դրամ անվանական արժեքով։ Սակայն շատ ջրեր են հոսում նորհայկական-շուկայական գետերի հուներով, պղտոր ջրեր։ Այսպես, «Աբովյանի գարեջրի գործարանը», որ աշխատում էր բավականին մեծ եկամտաբերությամբ, այնուամենայնիվ, ժամանակ չէր գտել շատերի, նաև Գևորգ Մուրադյանի բաժնետոմսերը վավերացնելու ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում։ Այն տարիներին ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովը, բարձրության վրա գտնվելով, հստակ պահանջում է գարեջրագործ-սեփականատերերից պատշաճ ձևով գրանցվել դեպոզիտարիայում։ Այստեղ, ի դեպ, իր գործուն մասնակցությունն ունեցավ վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Ի վերջո, Կոտայքի տարածաշրջանի նոտարը ծանուցում է Գևորգ Մուրադյանի ժառանգներին` ձեր անվամբ առկա է 57245 դրամ գումար։ Հավանաբար, Աբովյանի գարեջուրը աղբյուրի ջրի գնով էր վաճառվում, քանի որ անհասկանալի է, թե ինչ ֆինանսական հաշվարկի արդյունքում է քսան բաժնետոմսը իր բաժնետիրոջը «նվիրաբերում» այս նվաստացուցիչ 57 (հիսունյոթ) հազար դրամը։ Սա թողնենք «Աբովյանի գարեջրի գործարանի» սեփականատերերի խղճին։
Պատմվող ոդիսականում օրինապահ է գտնվում միայն Երևանի «Հայհրուշակ» գործարանը։ Այստեղ Գևորգ Մուրադյանը ուներ 22 բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով։ «Հայհրուշակի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը Գևորգ Մուրադյանի իրավահաջորդներին վճարում է 740 հազար դրամ։
Սակայն շան գլուխը գարշահոտում է «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, ուր հանգուցյալ Գևորգ Մուրադյանը 66 հատ 10 հազար անվանական արժեքով բաժնետոմսերի սեփականատերն էր, վերոնշյալ ՓԲԸ-ի ընդհանուր սեփականության 0,5 տոկոսի տերը։ Երկար տարիներ այս ընկերության գլխավոր բաժնետերն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը տնօրինում էր ՓԲԸ-ի բաժնեմասի 98 տոկոսը։ Բարով տնօրիներ, սակայն ինչո՞ւ է նրա աչքից «վրիպում» էական մի հանգամանք. վերոնշյալ ՓԲԸ-ի բաժնետերերի խորհուրդը երբևէ ժողով չի հրավիրել և չի տեղեկացրել սեփականության մնացած երկու տոկոսը տնօրինողներին գործերի վիճակի մասին։ 2002-ին «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կառավարումն իրականացնում է ոչ անհայտ գործարար Լյովա Արզաքանցյանը, որը մեր բարձրաձայնած խնդիրն ուսումնասիրող լրագրող Մարիամ Ստեփանյանին տարիներ առաջ հավատացնում է, որ գործարանի արտադրանքի 95 տոկոսն իրացվում է ռուսական անբավ շուկայում։ Լյովա Արզաքանցյանը վերը հիշատակված լրագրողին նաև հավատացնում է, որ միանգամայն հնարավոր է լուծել մնացած 2 տոկոս բաժնետոմսերի խնդիրը, այսինքն` ձեռք բերել դրանք, միայն թե անհրաժեշտ է Հովիկ Աբրահամյանի ցանկությունը։ Հովիկ Աբրահամյանը նման ցանկություն, պարզվում է, չուներ։ Թե ինչու, դժվար է ասել։ Եվ այս հարցի պատասխանը կարող է տալ միայն նա, ընդ որում, հրապարակայնորեն։ Չի բացառվում, որ նրան ժամանակին թյուրիմացության մեջ են գցել։
Գևորգ Մուրադյանի անժամանակ մահից հետո նրա կինը` Գոհար Սարգսյանը, և դուստրը` Մանե Մուրադյանը, դիմում են ՀՀ Երևանի Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակ` իրենց ժառանգությունը հաստատելու նպատակով։ Կենտրոն տարածքի նոտար Ալվարդ Մելքումյանը 2006-ի հունվարի 24-ին նրանց է հանձնում ժառանգության վկայագիրը։ Գործարանը շարունակ աշխատում է, այն էլ մեծ շահութաբերությամբ։ Սակայն 66 բաժնետոմսերի ժառանգորդ մայրն ու դուստրն այդպես էլ մնում են ձեռնունայն։ Նրանք 2012-ին կրկին դիմում են Երևանի Կենտրոն նոտարական տարածք, իրենց ժառանգությունը վերաձևակերպելու նպատակով։ Եվ շան գլուխը դուրս է գալիս իր գարշահոտ անկյունից...
Այսպես, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանը հարցում է կատարում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա` Գևորգ Մուրադյանին պատկանող «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» (արդեն ԲԲԸ-ից) սեփականության տեղեկանք ստանալու նպատակով։ Դեպոզիտարիան (29.11.2012 թ.) անվրդով իրազեկում է, որ Գևորգ Մուրադյանը վերոնշյալ ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեգիստրում գրանցված չէ։ Ո՞վ չի գրանցել Գևորգ Մուրադյանի բաժնետոմսերը. իհարկե, «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ-ն: Սակայն 66 բաժնետոմսերի սեփականատիրոջ բաժնեմասը չեղարկելը անհասկանալի ձևով չի ընդունվում ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Դատարանը զարմանալի դյուրությամբ է շրջանցում հիմնարար այս փաստը։ Ինչո՞ւ։ Որպեսզի դույզն-ինչ չխաթարվի գլխավոր բաժնետերի ֆինանսական անդո՞րրը, իհարկե:
Հարգարժան վարչապետ, այժմ Ձեզ եմ ներկայացնում ՀՀ դատական ատյանների վճիռներից երկու դրվագ, որոնք վերջնական լույս են սփռում այս տրագիֆարսային պատմության վրա։
«Հայաստանի Հանրապետություն
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
19 փետրվարի, 2014 թ.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ և 130-132, 140 հոդվածներով դատարանը
ՎՃՌԵՑ
Մանե Մուրադյանի հայցն ընդդեմ «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, երրորդ անձ` Գոհար Սարգսյանի` Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին մերժել։
Դատավոր Ելենա Քոչարյան»...
Գործը, բնականաբար, հասնում է ՀՀ վճռաբեկ դատարանին։
Վճռաբեկ դատարանը 2014-ի նոյեմբերի 28-ին կայացնում է հետևյալ որոշումը. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»։
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ շա՜տ կարևոր մի հանգամանք կա, որը զարմանալի համառությամբ շրջանցում են ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանները. «ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի «Բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կանոնակարգելու մասին» թիվ 41 որոշման (ուժի մեջ է մտել 10.04.1997 թվականին, ուժը կորցրել է 10.05.1999 թվականին) 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետերերի կամ այլ արժեթղթերի սեփականատերերի թիվը 50 և ավելի է, պարտավոր են արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել մասնագիտացված կազմակերպության` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական ձեռնարկության միջոցով»։ Հեռահար նպատակով «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ԲԲԸ-ն չի կատարել ռեեստրի վարման և պահպանման վերաբերյալ իր պաշտոնական պարտականությունը: Այս ակնհայտ փաստը հասու չէ ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանին և նրա այն դատավորներին (ներառյալ դատարանի նախագահ Գագիկ Սարգսյան), ովքեր «խղճի մտոք» են ուսումնասիրել սույն գործը:
Շարունակենք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման ընթերցումը։
«Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.05.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 240-241.2-րդ հոդվածներով` վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»։
Սույն ծանրակշիռ փաստաթուղթը վավերացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի նշյալ նիստը նախագահող Ե. Խոնդկարյանը և ինը դատավորներ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է այս խնդրի կարգավորումը: Հրապարակավ (հոդվածով և նամակով) դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, նախարարի իրավասությունից ևս դուրս է օրինականության հաստատումը: Ահա արդարադատության նախարարի պատասխանը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նախարարության նամակ-պատասխանի վերջին պարբերության վրա. «Հայտնում ենք նաև, որ դիմումը չի պարունակում դատավոր Ա. Հովհաննիսյանի կողմից՝ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող պարտքի կատարման մասին առերևույթ հիմքեր»:
Այսպիսով, ապօրինության զոհ դարձած ՀՀ քաղաքացիներ Գոհար Սարգսյանը և Մանե Մուրադյանը մնում են ձեռնունայն: Խորհուրդ տվեք, հարգարժան վարչապետ, ո՞ւմ դիմել և ի՞նչ հույսով:
Այսպիսով ակնկալում եմ Ձեր հիմնավոր միջամտությունը այս գործին: