ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2017-ի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 2013-ին ծնված տղա երեխայի մարմինը, ում մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, նա դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։