ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Մեր երկրում իշանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա:
Պատմական այս բարդ ժամանակաընթացքում մենք պատրա՞ստ ենք արդյոք գալիք խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելուն: Այո, եթե... Երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավոր են մեր ժողովրդի մեջ ընտրությունների, արդար, ազատ, թափանցիկ և արժանահավատ անցկացման նկատմամբ կայուն հավատ հաստատել: Պետք է վերացնեն անվստահության դաշտը՝ հանրային լայն լուսաբանմամբ, փոխադարձ պատասխանատվությամբ: Այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ մենք մեր առջև դրված խնդիրը լուծենք ոչ թե թուլացած և միմյանց դեմ թշնամացած, այլ ավելի ուժեղացած, այս մոլորակում մեծացնելով Հայաստան աշխարհի դերը:
Սահմանադրական բարեփոխումներով մեր երկրի պետական և ժողովրդավարական հաստատությունների դերի ամրապնդման և առաջընթացի համար, փառք Աստծո, ստեղծվել են ռեալ պայմաններ: Միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ երկրի քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բանակցությունների ընթացքում դրսևորելով ողջամիտ զիջումներ, քաղաքացիական համաձայնությամբ ընդունել են նոր Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա իրականացնելու լավ ընտրություններ: Այն բոլորիս պարտականությունն է: Իսկ օրենքի գերակայության պայմաններում ընտրությունները մեզ հակացուցված չեն, դրանք մեզ համար են, դրանք կարևոր են բովանդակային և կառուցվածքային փոխհարաբերություններն իրականացնելու կառավարման մոդելում: «Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, մենք համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում եղած անհարթությունները, փոքր խնդիրները, կարծում եմ, խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ»,- իր խոսքում ասել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք չպետք է տրվենք այս կամ այն պարտադրված խաղին: Իրավիճակի ռեալ գնահատումը մեզ համախմբման է կոչում, վստահության և հավատի: Վերջ տանք բամբասանքին, միմյանց չհավատալուն, չարախոսությանը և կեղծ չեզոքությանը:
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:
Կարևոր է, որ այդ հարցը լուծվեց, և ՀՀ ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը երկրի խորհրդարանում, որն արդարացի առաջընթաց է, արժանի դրական գնահատանքի: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը և մեր հասարակությանը նման քաղաքական որոշում կայացնելու համար: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար, պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության ղեկավարության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիք: Ազգային ժողովում պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, առաջնորդվում իր խղճով և համոզմունքներով: Այսօր քաղաքական դաշտում դրսևորած անտարբերությունը ակնհայտորեն վերափոխումների առաջընթաց չի ապահովի: Մեր մտահոգության առարկան պետք է լինի հասարակական մտածողությունը համապատասխանեցնել մեր երկրի կայունությանը, անվտանգությանը, հզորությանը, բարեկեցությանը, արդար հասարակության և ժողովրդավարացման է՛լ ավելի կայացմանը:
Այս ընտրությունները մեկ քայլ առաջ պետք է լինեն որակական, կազմակերպչական, քաղաքական դաշտի կայացման առումով, մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրագործումը, բոլորիս «թթվածինը» ուժեղ, կայուն և բարեկեցիկ Հայաստանում է: Մենք բոլորս պետք է ղեկավարվենք օրենքով, մեր ներքին համոզմունքով, մեր հասարակությանը հատուկ մաքուր բարքերով և առողջ մտածողությամբ: Պահպանենք վստահությունը միմյանց և ընտրական գործընթացի նկատմամբ, ընտրություններն անցկացնենք հավուր պատշաճի, որ արդյունքները լինեն արդար, մեր կամքին համահունչ: Լավ ընտրությունների անցկացումը բոլորիս պարտականությունն է: Մեր իղձերը, ցանկությունները, նպատակներն արդյունավետ իրականացնելու և աշխարհում առկա մարտահրավերները հաղթահարելու համար: Լինենք միասնական և միակամ, որ աշխարհի հզորները և վտանգավոր հարևանները «հաշվի» նստեն Հայաստանի հետ: Իսկ այսօրվա աշխարհն օգնում և գնահատում է նրան, ով ուժեղ է, ով ինքն է իրեն օգնում, ով մրցունակ է, պատվախնդիր, ով հավասարակշռված է ու կանխատեսելի:
Համոզված եմ, որ ՀՀ-ում ստացած մեր դաստիարակությունը, մեր բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ մեր պարտքը մեզ երբեք չեն շեղի ճիշտ ուղուց: Եվ մեզ պարտադրված բոլոր փորձություններից մենք դուրս կգանք է՛լ ավելի ամրացած: Ինչպես Սերժ Սարգսյանն է ասում. «Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որ մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց»:
Խորհրդարանական ընտրությունները պետք է ամրապնդեն մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ: Մերժելով հեղափոխականությունը՝ պահպանենք մեր հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Այս ընտրությունները պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ մեր ընդհանուր Հայրենիքի հզորացմանը: Կա քաղաքական կամք, ստեղծվել են բավարար հնարավորություններ, ուրեմն անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ