Երկու տարի ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փոխանցում է, որ Հայաստանի օմբուդսմենի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները այցելել են ազատազրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը: «Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար:
Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2017-ի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերպվեն Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժումը»,- ասված է հաղորդագրությունում:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության: Տրոիցկի շրջանի դատարանը նրան 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։