Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Ի՞նչ է ուզում պրոֆեսոր Մոմճեանը

Ի՞նչ է ուզում  պրոֆեսոր Մոմճեանը
16.12.2016 | 00:15

Չգրված կանոն կա. երբ սփյուռքահայերն ինչ-որ պնդումներ են անում, որոնց հետ համաձայն չես, ապա հայրենական մամուլում դրանց սովորաբար չես անդրադառնում: Սակայն երբ հարցն առնչվում է ազգէական խնդրի` լռելն անթույլատրելի է:
Ներկա պարագայում խոսքը վերաբերում է պատմագիտության դոկտոր, ամերիկաբնակ Կարապետ Մոմճեանին: Սա մարդը «Արեւելք» լրատվականի խնդրանքով մեկնաբանել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությունն առ այն, որ Սսի կաթողիկոսական աթոռի վերադարձման հայցով դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, մերժում ստացել և հիմա պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Մեկնաբանությունը վերնագրված է. «Ժողովրդին հարցրե՞լ է, Հայաստանի իշխանությանը հարցրե՞լ է, սփյուռքին հարցրե՞լ է. օսմանագետը՝ կաթողիկոսի նախաձեռնության մասին» և հրապարակվել է ս. թ. դեկտեմբերի 7-ին (www.arevelk.am/am/content/2/1721): Եթե մեկ նախադասությամբ բնորոշելու լինեմ, ապա այստեղ ասվածը ընդամենը դժգոհ մարդու կարծիք է, որը մասնագիտական առումով ոչ միայն հիմնազուրկ է, այլև կարող է ունենալ վնասակար հետևանքներ:


Գործն օրինական, պարտադիր ճանապարհով, ընդունված կարգի համաձայն ՄԻԵԴ փոխադրելը պարզապես զայրացրել է Կ. Մոմճեանին, և նա` հագնելով դատավորի կամ չգիտես ում շահերը ներկայացնող փաստաբանի պատմուճան, բարձրացնում է ժխտողականության, մերժողականության մի ամբողջ փոթորիկ: Նախ, մեջտեղ է բերում տխրահռչակ Փերինչեքի գործը. «Չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը այն վայրն է, որտեղ մեկ տարի առաջ Փերինչեքի դատավարության հարցում հայերս «շռնդալից պարտություն» կրեցինք»: Փերինչեքի գործն ի՞նչ կապ ունի սսապատկան կալվածքների վերադարձման հետ, դա առնչվում էր խոսքի ազատությանը և որևէ աղերս չունի կալվածքների վերադարձման կամ ֆինանսանյութական փոխհատուցման պահանջի հետ:


Ապա Մոմճեանն սկսում է ենթադրություններ անել. «Առաջին, ենթադրենք՝ ՄԻԵԴ-ը դատում է հօգուտ հայության և Թուրքիային պարտավորեցնում է վերադարձնել կալվածքը: Սա անհնար է, քանի որ չես կարող նման բան պարտադրել որևէ ինքնիշխան պետության, ինչքան էլ միջազգային ճանաչված կառույց լինես, լինի դա ՄԻԵԴ-ը, ՄԱԿ-ը կամ նման կշիռ ունեցող մեկ այլ կառույց: Ինքնիշխան պետությունը, իսկ Թուրքիան ինքնիշխան պետություն է, պարտավոր չէ ենթարկվել այլ կազմակերպությունների որոշումների»: Հարց է ծագում` Մոմճեանն ի՞նչ գիտե, թե Թուրքիան ինչպես է վարվելու, թուրքերը նրա ականջին արդեն փսփսացե՞լ են: Հիշեցնեմ, 1952 թ. մարտի 20-ին ընդունվեց Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի թ. 1 արձանագրությունը (1994 թ. մայիսի 11-ին ենթարկվել է փոփոխությունների): Դրա 1-ին հոդվածը կոչվում է «Սեփականության պաշտպանություն» և ունի հետևյալ բովանդակությունը. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր սեփականության նկատմամբ հարգանքի իրավունք ունի: Ոչ ոք չի կարող զրկվել իր ունեցվածքից այլ կերպ, քան ելնելով հանրային շահերից և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:


Նախորդ դրույթները չեն նսեմացնում պետության իրավունքը ապահովելու այնպիսի օրենքների կատարումը, որոնք նա անհրաժեշտ է համարում վերահսկելու համար սեփականության օգտագործումը ընդհանուր շահերին համապատասխան կամ ապահովելու համար հարկերի կամ այլ գանձումների կամ տուգանքների վճարումը»:
Հիմա, երբ Սսի հարցը նոր-նոր է մուտք եղել ՄԻԵԴ, երբ որևէ վճիռ կայացված չէ (նման դատավարությունները երկար ժամանակ, երբեմն` տարիներ են տևում), Մոմճեանը որտեղի՞ց գիտի, որ Թուրքիան պատասխանելու է` հայերի սեփականության բռնազավթումը կատարվել է «ընդհանուր շահերին համապատասխան»:


Թուրքիան անդամակցում է ՄԻԵԴ-ին, իսկ դա նշանակում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ: Թուրքերն իրենք բազում հայցեր ունեն ընդդեմ Հունաստանի, Կիպրոսի (և հակառակը), բայց դա հո չի՞ նշանակում, թե թուրքերը միայն պահանջատեր են, իրենց հայցերը պիտի բավարարվեն, իսկ իրենք ուրիշներինը` ոչ:


Մոմճեանը շարունակում է. «Երկրորդ, ենթադրենք, ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցնում է հայերին վճարել հայցում ներկայացված գումարը: Սա նույնպես պարտություն է, քանի որ հարցը երբեք գումարային չի եղել, դրամ ստանալու հարց չի դրված»: Պրոֆեսորը չարաչար սխալվում է, հարցը գումարային եղե՛լ է, դրամ ստանալու հարց դրվել է և այն էլ` շատ վաղուց: 1919 թ. փետրվարին Փարիզի Հաշտության կոնֆերանսին ներկայացվեց երկու հուշագիր. մեկում հայ ժողովուրդը առաջ էր քաշում իր քաղաքական (տարածքային) պահանջները, մյուսը նվիրված էր Առաջին աշխարհամարտի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների համար դրամական փոխհատուցման խնդրին (ռեպարացիաներ)։ Հայտնի է, որ Խաղաղության վեհաժողովում հայ ժողովրդի շահերը ներկայացնում էին երկու մարմին՝ Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի ղեկավարությամբ: Հայոց նյութական պահանջների վերաբերյալ միասնական հուշագրում, ըստ այդ պատվիրակությունների հաշվարկի, թուրքերի հասցրած վնասները կազմում էին 19 մլրդ 130 մլն 932 հազար ֆրանկ (1919 թ. Ֆրանսիայում գործող գներին համապատասխան), որից Արևմտյան Հայաստանին բաժին էր ընկնում 14 մլրդ 598 մլն 460 հազ., իսկ Հայաստանի Հանրապետությանը և Կովկասի հայաբնակ շրջաններին` 4 մլրդ 532 մլն 472 հազ. ֆրանկ: Հետևաբար, պարոնի պնդումը, թե «հարցը երբեք գումարային չի եղել»` պարզապես սին է:


Մոմճեանը հաջորդ «հաղթաթուղթն» է հանում թևքից. «Երրորդ հնարավորությունն այն է, որ ՄԻԵԴ-ը մեր օգտին չդատի: Այս դեպքում արդեն կլինի իսկական պարտություն և նախադեպ կդառնա բոլոր այն անհատ հայերի համար, որոնք իրենց ձեռքի տակ ունեն պապենական կալվածքների փաստաթղթեր և պատրաստվում են Թուրքիայից պահանջել իրենց հողերը՝ անձնական դատական հայցերով դիմելով ՄԻԵԴ:
Եթե եկեղեցական իշխանության դատը մերժվի, ապա անհատների առջև արդեն կփակվի դեպի ՄԻԵԴ տանող ճանապարհը, նկատի առնելով, որ նման հարցով ավելի մեծ դատ այդ կառույցում արդեն մերժվել է…
Ստացվում է, որ եկեղեցական իշխանությունը, իմանալով, որ մերժվելու է, խոչընդոտում է նաև այն մարդկանց, որոնք անհատական նախաձեռնություններով կարող էին հանդես գալ և վերստանալ իրենց պապենական հողերը»:
Նախ, պրոֆեսորը համոզվա՞ծ է, որ ՄԻԵԴ-ը նախադեպային իրավունք է կիրառում, եթե այդպես լիներ, ապա նա դարդ պիտի չունենար` այդ իրավակիրառմամբ վճիռներ կկայացներ ու տարիներով գործեր չէր քննի:


Երկրորդ, երբ ասում է` «պատրաստվում են Թուրքիայից պահանջել իրենց հողերը՝ անձնական դատական հայցերով դիմելով ՄԻԵԴ», կուզենայի հարցնել` 100 տարի պատրաստվո՞ւմ են, ինչո՞ւ մինչ հիմա հայցեր չեն ներկայացրել: Այ, սա՛ պիտի մտահոգի, սա՛ պիտի պարզել: 1970 թ. լիբանանաբնակ պատմաբան, գրական գործիչ Լևոն Վարդանը իր «Հայկական Տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» գրքում նշում էր. «Խօսիլ հայկական պահանջներու մասին՝ ըրին շատեր, գրել՝ նո՛յնպէս. եւ, սակայն, այդ բոլորին մէջ, այդ բոլո՛ր տեսակի պահանջներուն մէջ յաճախ մոռցուելու դատապարտուեցան կարելիութիւնն ու անհրաժեշտութիւնը լքեալ գոյքերը դրամանիշով արտայայտող թիւ ու քանակին, եւ այս մէկը՝ կա՛մ անոր համար, որ հայկական պահանջներով զբաղողներ հետապնդել ուզեցին նախ հող հայրենին եւ ապա՛ միայն այլ բան, եւ կամ ալ անոր համար, որ երկրորդական թուող լքեալ գոյքերը արդէ՛ն իսկ կը նկատուէին վերջնականօրէն կորսուած: Բայց Հայկական Դատի անբաժանելի մէկ մասն է պահանջը հայերու նիւթական կորուստներուն»: Այստե՛ղ է պատճառը, մենք նեղացրել ենք Հայ դատի գաղափարը, ուզել ենք նախ հող հայրենին, ապա միայն այլ բան, մոռանալով, որ «Հայկական դատի անբաժանելի մէկ մասն է պահանջը հայերու նիւթական կորուստներուն»: Ոչ ոք չի հրաժարվում քաղաքական պահանջներից, հող հայրենիից, սակայն ինչո՞ւ հրաժարվենք ֆինանսանյութական փոխհատուցումից, դատաիրավական հետապնդումից, ինչը նախաձեռնել է Արամ վեհափառը և ինչը Հայ դատի անքակտելի մասն է, ինչո՞ւ սա դուր չի գալիս պարոն Մոմճեանին:


Կրկին վերադառնամ նախադեպային իրավունքին: Ենթադրենք, Արամ վեհափառի փոխարեն մեզրեցի Ֆաբրիկատորյանների ժառանգները դիմեին ՄԻԵԴ` իրենց պապերի բռնազավթված տեքստիլ ֆաբրիկայի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով ու մերժվեին, դա նախադե՞պ պիտի լիներ ամասիացի Նշան Յայլիյանի ժառանգների նույնանման հայցը մերժելուն: Եվ այնժամ Մոմճեանը պիտի փնովեր Ֆաբրիկատորյանների՞ ժառանգներին:
Ի վերջո, Մոմճեանը հնչեցնում է ցնծերգը. «Հիմա այստեղ հարց է ծագում՝ կաթողիկոսը հարցրե՞լ է ամբողջ հայությանը նման դատ բացելուց առաջ, սա ամբո՞ղջ հայության դատն է, թե՞ մեկ անհատի քմահաճույք: Հայաստանի Հանրապետությանը, որն այսօր միջազգային ատյաններում հայությունը ներկայացնող միակ իրավասու կառույցն է, հարցրե՞լ են, սփյուռքի կազմակերպություններին հարցրե՞լ են: Ինչ վճիռ որ ՄԻԵԴ-ը արձակի, բոլորս պիտի ենթարկվե՞նք…»:


Ի՞նչ է նշանակում` հարցնել, իրավունք կամ թույլտվությո՞ւն խնդրել: Ինչպե՞ս: Դիմեր «ամբողջ հայության» կենտրոնական վարչությանը, որի ատենապետը Մոմճեա՞նն է: Թե՞ համահայկական հանրաքվե կազմակերպեր. ինչպե՞ս:
Հայաստանի Հանրապետությա՞նն ինչու պիտի հարցներ, մեր պետությունը դեյուրե չի կարող լինել արևմտահայոց և առհասարակ Օսմանյան Թուրքիայի հայերի իրավահաջորդը, դա նոնսենս է:
Սփյուռքի ո՞ր կազմակերպություններից թույլտվություն խնդրեր և ինչո՞ւ, երբ ինքը` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը, Սփյուռքի բարձրագույն հոգևոր իշխանությունն է:
Արամ Ա կաթողիկոսը գործել է ի՛ր իրավասության սահմաններում և ամենևին կարիք չուներ որևէ մեկից թույլտվություն հարցնելու:


Հիմա «հարցնել» բառը փոխարինենք «տեղյակ պահել» բառերով: Արամ վեհափառը նախօրոք տեղյակ պահե՞լ է հայությանը: Այո, գրավոր ու բանավոր ելույթներով բազմիցս տեղեկացրել ու շարունակում է տեղեկացնել իր նախաձեռնության ու գործի ընթացքի մասին: ՈՒրեմն ինչի՞ց է դժգոհ Մոմճեանը: Ըստ իս, միայն մեկ պատճառ կա` անձամբ Մոմճեանից խորհուրդ չի հարցրել: Խորհրդակցել է միջազգային իրավունքի տասնյակ այլ մասնագետների հետ ու եթե Մոմճեանին չի հարցրել` ճի՛շտ է վարվել:


Ինքնահաստատման բարդույթ, սեփական անձը գերագնահատելու խնդիր ունեցող ցանկացած ոք, ով գայթակղություն ունի քարի փշրանք նետելու Արամ Ա կաթողիկոսի ուղղությամբ, թող մտածի` վեհափառը մեր ժամանակների այն հատուկենտ նվիրյալներից է, ով շալակել ու տանում է հայոց ծանր բեռը:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ