Արցախում քաղաքական ուժերի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախապատրաստությունները մտնում են նոր փուլ: Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մասնագիտական հանձնաժողով է ձևավորվել: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանն ասել է, որ մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների առաջարկով է հանդես եկել: «Հանձնաժողովը դեռ նոր է ստեղծվել և ոչ մի կոնկրետ դրույթի վրա դեռ կանգ չենք առել, հայեցակարգ պետք է ներկայացվի»,-ասել է Գագիկ Պետրոսյանը: «Ազատ հայրենիք» կուսակցության համար սահմանադրական փոփոխությունների ամենաառանցքային կետերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է: Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավետ է համարվել:
Հանձնաժողովի անդրանիկ նիստում նշվել է, որ փոփոխությունները պետք է առնչվեն կառավարման համակարգին, որը պետք է ձերբազատվի ներքին հակասություններից և լիազորությունների կրկնությունից, ունենա իշխանության թևերի հստակ ձևակերպված զսպող և հակակշռող մեխանիզմներ։ Պիտի բարեփոխվեն դատական համակարգը, տեղական ինքնակառավարման ինստիտուտը: Տեղական ինքնակառավարման ինստիտուտի վերաբերյալ առաջարկություն կա, որ փոքր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չլինեն, մեծ համայնքներում՝ լինեն: Ավագանին ընտրվի, ավագանուց մի թեկնածու դառնա համայնքապետ, վարչական ղեկավարները ընտրովի լինեն, ոչ թե նշանակովի: Առաջարկությունների տարբեր ձևաչափեր կան: Հանձնաժողովը պետք է աշխատի, բոլոր առաջարկներում և դրական կողմեր կան, և բացասական:
ԼՂՀ-ն չունի Սահմանադրական դատարան, կա սահմանադրական պալատ, առաջարկություններ կան, որ սահմանադրական դատարան լինի, առավել ևս, եթե ցանկություն կա անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը չի կարծում, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա:
«Ազգային վերածնունդը» դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ գտնելով, որ տասը տարին մեկ սահմանադրություն չեն փոխում, որ դա վատ կանդրադառնա Արցախի միջազգային կերպարի վրա, և վատ նախադեպ կարող է դառնալ ամեն նոր իշխանության համար, քանի որ ամեն նոր իշխանություն կարող է իրեն ցանկալի կերպով փոխել իշխանությունը: «Ազգային վերածնունդ» որոշել է մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, որ ներկայացի իր ընտրողների շահերը: