Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Ասպատակությունը` Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակում

Ասպատակությունը` Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակում
01.03.2016 | 00:15

Ահազանգը, անգամ մեր ամենաթողությամբ լի իրականության համար, արտասովոր էր. ապօրինի շինարարությամբ բռնախեղվում է Արարատի մարզի Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակը քաղաքապետ Սաշա Հակոբյանի «հոգատար» հայացքի և ամենակարող աջի ներքո։ Մեզ հետ էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։ Մասիս քաղաքում արդեն մի ամբողջ տասնամյակ պայքարի մեջ են գործարար Օլգա Սարգսյանը և բազմավաստակ մանկավարժ Ջուլիետա Ավագյանը։ Նրանց հետ հանդիպեցինք Մասիսի Հանրապետության հրապարակում, ուր փլուզված մայթեր են, խորհրդային տարիների անմար հուշը պահպանող ասֆալտը և հրապարակի ու Մասիս քաղաքի բնակիչների հպարտության առարկա լճակ-ջրավազանը։ Ջրավազանը երկու տարի է` ջրազրկված է, ջրավազանամերձ թթենիները հատվել են, և լճափնյա շինարարությունն է բուռն թափով առաջ ընթանում։ Զրույցը սկսեցինք ահազանգ հնչեցնողների հետ։

-Տիկին Օլգա, ի՞նչ է կատարվում Ձեր քաղաքի սրտում։
-Այստեղ ժամանակին կանաչ տարածք էր, լճափնյա հանգստյան գոտի։ Ծառերը հատելով քաղաքապետ Սաշա Հակոբյանը առաջ է քայլում` հրապարակը դարձնելով քարե ջունգլի։
-Տիկին Ջուլիետա, Դուք ևս քաղաքի հանրային ակտիվն եք ներկայացնում։ Ձեր մեկնաբանությունը։
-Իսկապես, քաղաքապետը քարե ջունգլի է կառուցում, դրա համար զոհաբերել է բազմամյա թթենիները, տեղափոխել է տրանսպորտային կանգառը և այլն։ Լիճն անցյալ տարի ջրազրկված էր, քաղաքային իշխանությունը հայտնի գործելաոճով է առաջնորդվում. ամայացնել որոշակի տարածք` այն անտերության մատնելով, հետո վրա հասնել և «փրկել» տարածքը սեփական օբյեկտները կառուցելով։ Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի օրոք 32 մլն դրամի չափով ներդրումներ են կատարվել, բարենորոգման աշխատանքներ են իրականացվել։ Սակայն նպատակն այլ էր` հետագայում գրավել ու վայելել հրապարակը։ Լճի ափը, փաստորեն, պատկանում է քաղաքի ներկա փոխոստիկանապետ Զորիկ Թազայանին։ Թե ինչ միջոցներով է պարոն Թազայանն այս ամենը կառուցում, մեզ համար հանելուկ է, քանի որ նա գործարարությամբ չի զբաղվում։ Այս գործամոլները փակել են անգամ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Իսկ լճափնյա հատված թթենիները կեսդարյա պատմություն ունեին։
-Տիկին Ջուլիետա, երբվանի՞ց եք պայքարում։
-Պայքարում ենք 2004-ից, երբ մեր քաղաքի հրապարակը մաս-մաս հատկացվում էր ոմանց` բիզնես ծավալելու համար։ Այս ամենը կատարում են իրար փոխարինող երկու քաղաքապետերը` Դմիտրի Նազարյանն ու Սաշիկ Հակոբյանը։
-Հասկանալի է, Մասիսը վերածվել է նրանց տնամերձի։ Ցավոք, սա սովորական իրողություն է Հայաստանում։ Ի՞նչ եք նախաձեռնում, տիկին Օլգա։
-Հնարավոր ամեն բան։ Անթիվ-անհամար նամակներ ենք ուղարկել պատկան կառույցներին, վերջերս հեռագրեցինք հանրապետության պատասխանատու պետական այրերին։ Սովորաբար պետական կառույցները համաձայնում են մեր բարձրացրած հարցի բովանդակության հետ, փորձում են կանխել ակնհայտ ապօրինությունը, ցավոք, ընդամենը փորձում են, քանզի ապօրինություններն ավելի մեծ ծավալով են կատարվում։
-Տիկին Դանիելյան, ներկայացրեք Ձեր եզրակացությունը։
-Նախ, ասեմ, որ սա գործելակերպ է, ժամանակին այն բուռն ընթացք ուներ մայրաքաղաքում։ Այսօր Երևանում, կարծես, սահմանափակվել են նման ոտնձգությունները, սակայն, պարզվում է, շարունակվում են հանրապետությունում։ Ի դեպ, գործում են բավականին հնարամտորեն։ Նախ չեն ջրում ծառերը, շրջակայքը ծածկում են աղբով, կանաչ տարածքները այսպիսով մատնվում են անտերության, ու դրանց կնքահայրերը կարծես զարմացած դիմում են մեզ, Դուք, ի՞նչ է, այս աղբավայրերի և առնետանոցների համա՞ր եք պայքարում, ավելի լավ չէ՞ այստեղ շենք կառուցենք։ Ինչ խոսք, Մասիս քաղաքի կենտրոնում իրականացվող այս կառուցապատումները մեծ վնաս են հասցնում և՛ քաղաքին, և՛ նրա բնակիչներին և բնաշխարհին։
-Իսկ հնարավո՞ր է, որ Սևանա լճի օրինակով այս գողտրիկ ջրավազանում էլ խեցգետին բուծեն, խեցգետնի բիզնեսը, հանրահայտ է, բավականին շահութաբեր է։
-Գուցե, դա ժամանակը ցույց կտա։

. Մասիսում էր Հայոց բանակի պահեստազորի գնդապետ, 1990-95 թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր և նախագահության անդամ, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։


-Պարոն Բաղդասարյան, այսօր էլ «մարտի դաշտում եք», գուցե ավելի ահեղ մի պատերազմում, քանի որ երկիրը ավարառվում է։ Դուք ներկայացնում եք «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը։ Ձեր կարծիքը այստեղ կատարվածի մասին։
-Զարմանում եմ, որ այն, ինչը կատարվել և կատարվում է Երևանում, հաջողությամբ իրականացվում է նաև երկրի մյուս բնակավայրերում։ Սա հարստանալու մոլուցքի տիրույթում է, այս գործերից առաջացող գումարները պետական գանձարան չեն մտնում, դրանք ապօրինությունների հեղինակների գրպանում են հայտնվում։ Բայց այս ամենի վերջը մի օր գալու է, վստահ եղեք։ Այս պահին սրտանց ողջունում եմ Մասիս քաղաքի հասարակական գիտակցություն ունեցող բնակիչներին։
-Տիկին Ջուլիետա, ահա իմ ձեռքում է մի դիմում, ժամանակին ուղղված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Արա Արամյանին, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին և Մասիս քաղաքի քաղաքապետ Սաշա Հակոբյանին։ Դիմումով Մասիսի թիվ 1 շենքի 82 բնակիչներդ խնդրում եք, որ քաղաքի միակ կանաչապետ տարածքը չվաճառվի մասնավոր անձանց։ Բարի, բայց այսօր Դուք և տիկին Օլգան եք պայքարի բովում։ Ինչո՞ւ են լռում քաղաքի բնակիչները։
-Նրանք հոգով ու սրտով մեզ հետ են, բայց շատերը զգուշանում են բացահայտ պայքարելուց, նրանց կամ տարբեր մեթոդներով ահաբեկում են, կամ էլ սիրաշահում են։ Այնուամենայնիվ, մենք նրանց պատվիրակներն ենք և անհրաժեշտ պահին հուսանք, որ ողջ քաղաքը կկանգնի մեր կողքին։

. Հաջողություն մաղթելով Մասիս քաղաքի քաղաքացիական գիտակցությունը չկորցրած բնակիչներին` մեր կողմից ավելացնենք, որ այս խնդիրը մնալու է «Իրատեսի» ուշադրության կենտրոնում։ Այսինքն` արվելու է ամեն բան, որ Մասիսի Հանրապետության հրապարակի կանաչ տարածքները վերականգնվեն, որ ջրավազան-լճակը ծառայի քաղաքին և քաղաքացուն, և որ ապամոնտաժվեն մեր ընթերցողների ուշադրությանը ներկայացվող այս բաբելոնյան շինությունները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Դեռ 2004-ի ապրիլից Մասիսի բնակիչները դիմում են պետական ատյաններին։ Թերևս տեղին է ներկայացնել առանձին պատառիկներ նրանց պատասխաններից. «ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար պարոն Հ. Քոթանյանին
Հարգելի պարոն Քոթանյան
Մասիս քաղաքի N1 բնակելի շենքի բնակիչների խնդրանքը` Մասիս քաղաքում ծառահատումներ թույլ չտալու վերաբերյալ, տեղեկացվում է, որ այն կանխվել է և ոչ մի ծառ չի հատվել։
ՀՀ Արարատի մարզպետ
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07. 06. 2004 թ.»

«Արարատի մարզի Մասիս քաղաքի N1 շենքի բնակիչներին
Ի պատասխան Ձեր 13.04.04 թ. դիմում-բողոքին տեղեկացնում եմ, որ Ձեր նամակում բերված փաստարկները համապատասխանում են իրականությանը։ Մասիսի քաղաքապետարանի 15.09.03 թ. N30 որոշմամբ վարձակալության կարգով հողահատկացում է կատարվել։ Տվյալ գործարքը սահմանված կարգով անվավեր ճանաչելու համար Մասիսի քաղաքապետը դիմելու է դատարան։
ՀՀ բնապահպանության
նախարար Վ. ԱՅՎԱԶՅԱՆ
23.04.2004 թ.»։
(Անցավ ճիշտ մեկ տասնամյակ։ Պետական մարմինները շարունակում են փակուղի խցկել Մասիս քաղաքի բնակիչների արդար պահանջը)։

«ՀՀ Արարատի մարզ, Մասիս քաղաքի N1 շենքի բնակիչ
Միշա ԲԵԳՈՅԱՆԻՆ
Ձեր 2014 թվականի դիմումի կապակցությամբ տեղեկացվում է, որ բարձրացված հարցը տեղում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից, այնուհետև Մասիս համայնքի ղեկավարի և ճարտարապետի մասնակցությամբ քննարկվել է նախարարությունում, ինչի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել նշված վայրում այսուհետ ծառահատումները բացառելու և որևէ շինարարական աշխատանքի իրականացում չթույլատրելու վերաբերյալ։
Միաժամանակ նշվում է, որ հողամասում արդեն ծառատունկ է իրականացվել, իսկ ապագայում տարածքը պետք է բարեկարգվի և վերածվի մանկական խաղահրապարակի։
Հարգանքով` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ,
16.04.2014 թ.»։
Սա էլ հեռագիրը` ուղարկված օրեր առաջ.

«Հայտնում ենք, որ Մասիս քաղաքի հրապարակին հարող լճի տարածքում կատարվում է ապօրինի շինարարություն քաղաքապետի թույլտվությամբ` նրա ազգականների կողմից, իսկ քաղաքապետը ոչ մի միջոց չի ձեռնարկում ապօրինի շինարարությունը դադարեցնելու համար։
Մասիս համայնքի բնակիչներ`
Օլգա ՍԱՐԳՍՅԱՆ
Ջուլիետա ԱՎԱԳՅԱՆ»։

Հեռագրի հասցեատերերն են` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ