Սահմանադրական բարեփոխումներն ընդունելուց հետո հանրության ակտիվ հատվածն այս օրերին զբաղված է նոր «Ընտրական օրենսգրքի» նախագծի մշակման աշխատանքներով:
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում, Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնություններին»:
Կասկածից վեր է, որ ընտրական իրավունքը մարդու կարևորագույն սահմանադրական իրավունքներից մեկն է, ինչը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում լիարժեք մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքին:
ՄԱԿ-ի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» սահմանվում է, որ «Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության, իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պետք է գտնի պարբերական և անկեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում»:
Ընտրական նոր օրենսգիրքը լրջագույն ազդեցություն կունենա խորհրդարանական ուժերի ընտրության գործում, և բոլորս պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի կասկած և մտավախություն չլինի, թե կարող են ընտրակեղծիքներ լինել։ Քաղաքացին պետք է համոզված լինի, որ խորհրդարանում իրենց տեղը կգտնեն արժանավորները՝ իրենց ծրագրերով, ոչ թե խոստումներ տալով: Ներդրված մեխանիզմները պետք է հաշվի առնեն միջազգային փորձը, արժանանան հասարակական- քաղաքական ուժերի հավանությանը, մեծացնեն վստահությունը մեր երկրում ընտրական գործընթացի նկատմամբ: Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը ակտիվորեն պետք է մասնակցեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
Համոզված եմ, որ նոր Ընտրական օրենսգիրքն առանցքային է լինելու և նվազագույնի է հասցնելու ընտրախախտումները: Փոխվում է սերունդը, բնականաբար, փոխվում է նաև հանրության վերաբերմունքը, բոլորս էլ պատասխանատվության մեր բաժինը պետք է ունենանք նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործում՝ հավասար պայմաններ ապահովելով ընտրական իրավունքի իրականացման համար:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ»
եզդիների ազգային
միավորում ՀԿ
խորհրդի նախագահ