Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Մենք «այո» ենք ասում

Մենք «այո» ենք ասում
29.09.2015 | 10:31

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:
ՀՀ գործող սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք»:
Նշված սահմանադրական նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքները, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակութային կյանքին մասնակցելու իրավունքները: Նախատեսված երաշխիքները կարելի է ասել անվերապահորեն կատարվում են մեր հանրապետությունում: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում նույն նորմը պարունակում է 54-րդ հոդվածը, որի 3-րդ կետով սահմանվում է, որ սույն հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով: Այսինքն՝ կընդունվի օրենք ազգային փոքրամասնությունների և նրանց հարաբերությունների համապարփակ կարգավորման վերաբերյալ: Սակայն ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն նույնիսկ հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանդաբար բարյացակամ, հանդուրժող հարաբերություններ են ունեցել ազգային փոքրամասնությունների հետ և խտրական որևէ վերաբերմունք չեն դրսևորել նրանց նկատմամբ: Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ոչ մի պատմաբան և ազգագրագետ բացասական որևէ բան չի արձանագրել, ոչ թե չի ուզել, այլ որովհետև չի եղել, և հավատացած եմ, որ երբեք էլ չի լինի: Մեր հանրապետությունը փոքր է, և բոլորս էլ պարզ տեսնում ենք, որ մեր ներկայացուցիչը չկա Ազգային ժողովում և կառավարությունում, որն ինչ-որ տեղ խախտում է պաշտոններ ստանձնելու հավասար պայմանների ապահովման սահմանադրական դրույթը: Եվ մեր իրականությունը լիարժեք չի արտացոլում մեզ ընձեռված իրավունքների կատարումը:
Մեր երկրում օրենսդրական ակտերում խտրականություն չկա, բայց պետք է ընդունել, որ ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի հետ կապված ամենամեծ բացը հստակ իրավական երաշխիքների բացակայությունն է: Առանց նման պայմանների ստեղծման, հավատացեք, անգամ ամենաժողովրդական երկրներում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի: Բոլորս էլ քաջ գիտենք, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը ՀՀ Սահմանադրությունն է:
Փառք Աստծո, սահմանադրության նոր նախագիծը լրացնում է այդ բացը, հստակ քաղաքականություն մշակում, նպաստում է ազգային փոքրամասնությունների փաստացի հավասարության խթանմանը: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը և հանձնաժողովին նման քաղաքական որոշում կայացնելու համար:
Սահմանադրության նոր նախագիծը շատ ու շատ հարցերում համապատասխանում է մեր միավորման պատկերացումներին, և մենք ամենայն պատասխանատվությամբ կմասնակցենք սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը: Մենք հավատացած ենք, որ անցնելով խորհրդարանական համակարգին, որն ավելի ժողովրդավար կառավարման ձև է, հիմքեր կստեղծվեն մեր երկրի առջև ծառայացած խնդիրների լուծման համար: Չնայած մենք առաջարկություններ ենք արել, որոնք լրիվ չեն ընդունվել նախագծում, բայց կարող եմ ասել, որ այն նույնպես կլուծվի, և մեր երկիրը գնալու է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների հուսալի պահպանման, ժողովրդավարության զարգացման, բարեկեցիկ կյանքի ապահովման ուղիով:
Փաստեմ, որ շատ են շահարկումները և մեկնաբանությունները, թե սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը ոչ ժամանակին է կամ անհրաժեշտ չէ: Նույնիսկ գտնվել են այնպիսիք, որ առանց սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման պնդում են, թե պետք է մերժել այդ դրույթը: Նրանց խորհուրդ կտայի գոնե լռել և իրենց կարծիքն արտահայտել միայն սահմանադրության նախագիծը լրիվ ուսումնասիրելուց հետո, մասնագիտորեն: Ես կարծում եմ, որ այդ հոդվածով սահմանադրորեն ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այս նորմի սահմանմամբ մեր պետությունը ևս մեկ անգամ ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և հավասար պայմաններ ստեղծում իր քաղաքացիների համար երկրի իշխանության մարմիններում ընդգրկվելու: Այն անրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Պետության նման վերաբերմունքը ժամանակին է և միայն գնահատանքի է արժանի:
Սահմանադրությունը ոչ թե որևէ պաշտոնյայի կամ քաղաքական ուժի համար է, այլ ժողովրդի և սերունդների:
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերը պարտավոր են ստեղծել այնպիսի պայմաններ, որ ազգային փոքրամասնությունները ոչ միայն իրավունք, այլ նաև հնարավորություն ունենան մասնակցելու պետության կառավարմանը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, մասնավորապես 21-րդ հոդվածում, սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:
Մենք բոլորս էլ գիտենք, որ 1991 թ. անկախության նվաճումից հետո Հայաստանը որդեգրել է համաշխարհային ու եվրոպական կառույցներին ինտեգրվելու, քաղաքակիրթ պետությունների հանրության լիիրավ անդամ դառնալու քաղաքականություն: Իսկ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:
Տարբեր մեխանիզմների ընդունմամբ, հատուկ քաղաքականության մշակմամբ, ինչպիսին է քվոտաների ընձեռումը, նոր գաղափարների ու մոտեցումների իրականացմամբ, հավատացած եմ, որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, և սահմանադրական նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը կհարգվի և կպաշտպանվի յուրաքանչյուրի կողմից, ում համար թանկ են մեր երկրի միջազգային վարկը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մեր երկրի իշխանության մարմիններում տեսնելու ցանկությունը:
Կարևորելով սահմանադրական բարեփոխումները և նրանում տեղ գտած համակարգային լուրջ փոփոխությունները, մենք «այո» ենք ասում սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ