Ներկայացնելով 2014 թվականի «Մարդու իրավունքների պաշտպանության» զեկույցը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասաց, որ 2014-ն աշխարհում շատերի համար եղել է տառապանքների, ահաբեկիչների իրականացրած բռնությունների, գաղափարախոսության ու տեսակետների պատճառով կտտանքների ենթարկվելու տարի։ Չինաստանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Էրիթրեայի, Իրանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի նման մի շարք երկրներում ուժեղ ճնշումներ են իրականացվել լրատվական գործակալությունների նկատմամբ, խոչընդոտվել է քաղաքացիական հասարակության զարգացումը, ձերբակալվել են լրագրողներ։ Ըստ զեկույցի, 2014 թվականին ամենամեծ սպառնալիքն աշխարհի համար եղել են «Իսլամական պետություն» խմբավորումն ու աշխարհի տարբեր հատվածներում դրա ճյուղավորումները։ Զեկույցը համարում է, որ Ռուսաստանի պետական հաստատությունները նոր միջոցներ են կիրառում ճնշելու համար որևէ այլախոհություն երկրում։ Զեկույցն անդրադառնում է Ղրիմի թերակղզին բռնագրավելու և ՈՒկրաինայի արևելյան հատվածներում ռուս անջատողականների ռազմական գործողությունների փաստին։ Ըստ զեկույցի, Իրանը շարունակում է խստորեն սահմանափակել քաղաքացիական ազատությունները, այդ թվում՝ խոսքի ու ազատ հավաքների իրավունքը։
Պետդեպարտամենտի 2014 թվականի զեկույցն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Տաջիկստանում, Չինաստանում ու Թուրքիայում պետությունն աստիճանաբար ավելի մեծ արգելքներ է դնում համացանցից ու սոցիալական լրատվամիջոցներից օգտվելու հնարավորությունների վրա։
«Կոռուպցիան մեծ տարածում է ստացել Ռուսաստանում, Չինաստանում, Վենեսուելայում, Շրի Լանկայում։ Ռուսաստանում, մասնավորապես, 2014-ին տարածում է գտել կառավարության գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում»,- ասված է զեկույցում:։
Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված է, որ 2014-ին սրվել է լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծում։ Այնուհետև կրկնվում է նախորդ տարվա զեկույցի այն հատվածը, որտեղ ասված է, որ «անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի 7 այլ շրջաններ, ինչի արդյունքում 600 հազար մարդ շարունակում է մնալ տեղահանված»։ Ըստ զեկույցի, Ադրբեջանի կառավարությունը դատական համակարգը կիրառում է այլախոհներին պատժելու համար, իրականացվում են չարտոնված, նաև՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ։
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ամենամեծ խնդիրը 2014 թվականին եղել է սիստեմատիկ կոռուպցիան ու կառավարությունում թափանցիկության պակասը, արդարադատության համակարգի սահմանափակ անկախությունը և իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիներին ընձեռված հնարավորությունների պակասը»,- ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում։ «Գործադիր ճյուղը Հայաստանում շարունակում էր քաղաքական ճնշումների տակ պահել դատարանները։ 2014-ին նկատելի է եղել բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահացությունների, ինչպես նաև նորակոչիկների նկատմամբ բռնությունների թիվը»։
Զեկույցը նաև փաստում է, որ ոստիկանությունը Հայաստանում խոստովանություններ ստանալու նպատակով շարունակել է հարցաքննությունների ընթացքում ծեծի ենթարկելու ու կտտանքների փորձառությունը։ Իսկ իշխանությունը որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել 2008-ի նախագահական ընտրություններից հետո 8 քաղաքացիների ու երկու ոստիկանների սպանության համար։ Չնայած Հայաստանի օրենքները ճանաչում են անմեղության կանխավարկածը, ըստ զեկույցի, իշխանություններն այդ օրենքը չեն հարգում։
Հայաստանում մեծաթիվ մարդիկ են կարողացել քննադատել կառավարությանը։ Սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը հիշեցնում է նոյեմբերի վերջին ու դեկտեմբերին տեղ գտած հարձակումներն ընդդեմ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ խորհրդարանի ընդդիմադիր անդամի։ Զեկույցը հիշեցնում է նաև նախագահի դեմ որևէ կերպ խոսողների «ականջները կտրելու» մասին փոխոստիկանապետի սպառնալիքը։
Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ամենամյա զեկույցում ասված է, որ ի հակադրություն ինտերնետային պարբերականների, Հայաստանում տպագիր ու ռադիոհեռուստատեսային կայանները հիմնականում զրկված են եղել քաղաքական տարբեր կարծիքներ արտահայտելու հնարավորությունից։ «Հայաստանում, չնայած կառավարությունը հաճախ է հարգել ազատ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը, իշխանությունները երբեմն իրականացրել են դրանք խոչընդոտելու քայլեր, իսկ ոստիկանությունը՝ կիրառել անհամաչափ ուժ ընդդեմ ցուցարարների»,- փաստում է զեկույցը։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը «Մարդու իրավունքների պաշտպանության» ամենամյա զեկույցները կազմում է՝ հենվելով իր դեսպանություններից ու հյուպատոսություններից ստացած հաղորդագրությունների վրա՝ հիմք ընդունելով նաև ոչ կառավարական ու միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու հետազոտությունները։ Պետդեպարտամենտի զեկույցն էլ հիմք է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը մշակելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, օտար երկրներին օգնություն տրամադրելու համար։