«Իրատես de facto»-ի 2014-ի թիվ 29-ում անդրադարձել էիք մեր բուհերի ռեկտորների ընտրության զավեշտական դրամային: Անկասկած, բուհի ռեկտորը նաև մեր մտավորականության դեմքն է: Հոդվածի հեղինակը լուսաբանել էր երկու բուհերի ընտրված ռեկտորների գործունեությունը՝ իմա՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի՝ Արա Ավետիսյան և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի՝ Գայանե Գասպարյան: Եթե համարենք, որ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի հարցը «փակված է» (մինչդեռ պատասխանատվության հարցը բաց է մնում), ապա լեզվաբանական համալսարանի ռեկտորը շարունակում է իր «փայլուն» գործունեությունը: Ձեր անդրադարձից հետո պարզապես աշխատանքից ազատվել է բուհի հաշվապահը (իր դիմումի համաձայն), կարծես հոդվածում նշված գումարների անհետացումը հաշվապահի ձեռքի գործն էր: Տեսնելով, որ հարցը լուծում չի ստանում, Գ. Գասպարյանը դիմել է էլ ավելի հանդուգն քայլի, պահանջելով աշխատակիցներից ամառվա արձակուրդն անցկացնել... առանց արձակուրդայինների` դիմում գրել և, հանուն հարազատ համալսարանի, արձակուրդայիններից հրաժարվել, որն արդեն կամայականության վերջնակետն է: Պարզվում է, որ Հայաստանում կարելի է անտեսել մարդու հիմնարար իրավունքները, շրջանցել աշխատանքային պայմանագիրը, մարդկանց զրկել աշխատավարձից, հետո արձակուրդայիններից, հետո... Հետո նվազեցնել աշխատավարձը, ավելացնելով բեռնվածությունը:
Բա օրե՞նքը, հարգարժան պատասխանատուներ, որ ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Բա միլիոնները, որոնց անհետանալու պատճառով էլ Վ. Բրյուսովի անվան համալսարանում ստեղծվել է այս իրարանցումը: Ասում են, որ լեզվաբանական համալսարանը դիմելու է էլ ավելի ծայրահեղ քայլերի. վաճառել իր Ծաղկաձորի հանգստյան տունը և բուհի տպարանը:
Ս. թ. հունիսի 19-ին կայացած ընդհանուր ժողովում Գ. Գասպարյանը հայտարարել է, որ ֆինանսական ճեղքվածքն առաջացել է տարվա ընթացքում երկու անգամ քսանական տոկոսով աշխատավարձերի բարձրացման պատճառով։ Հաջորդ օրը խոսել է գրադարանի աշխատակիցների հետ` ռեկտորին աշխատավարձերի նվազեցման մասին դիմում-խնդրանք գրելու վերաբերյալ: Աշխատակազմը, որն առանց դրա էլ ստանում է նվաստացուցիչ աշխատավարձ, ըմբոստացել է։ Ռեկտորին պարզ առաջարկել են. «Չես կարող աշխատել, գնա...»:
Նման իրավիճակում իրոք կարելի է մոռանալ ուսումնական գործունեության մասին, մանավանդ որ... Խնդիրը պարզաբանել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` աշխատանքի վերցնելով լեզվաբանական համալսարանի ազատված նախկին գլխավոր հաշվապահին և 245 միլիոն դրամ հատկացնելով բուհին` պարտքերի մի մասը փակելու նպատակով: Ռեկտորական արկածները սրանով չսահմանափակվեցին. վճարվեց արձակուրդայինը ու չվճարվեց աշխատավարձը` սկսած հունիսից: Բա ո՞ւր գնաց 245 միլիոնը: Գումար չկա, իսկ ռեկտորը... գործուղվել է և հիմա Ավստրիայում է:
Մի՞թե Հայաստանում չկան ազնիվ և գիտակ մարդիկ, որոնց կարելի է վստահել գոնե նման կարևորագույն պաշտոնները: Իսկ գուցե նմաններ արդեն չկան ՀՀԿ-ո՞ւմ:
Ամենաթողության մթնոլորտում լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու դասախոսները սպասում են ղեկավարության կողմից էլ ավելի քստմնելի արարքների, մինչդեռ լռում և հասարակությանը պատասխան կամ պարզաբանումներ չեն տալիս թե՛ բուհի ռեկտորը, թե՛ ՀՀ կրթության նախարարությունը:
Ինչո՞ւ եք լռում, տիկնայք և պարոնայք:
Սուսաննա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ