Ըստ hra.am կայքի՝ խմբագրություն զանգահարած «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը պահանջում է, որ մինչև ժամը 18.00-ն իրեն այցելեն ՀՀ արդարադատության նախարարը և բժշկական հանձնաժողով, հակառակ դեպքում նա սպառնում է ինքնասպանություն գործել: Համլետ Ղազարյանի խոսքերով՝ ինքը 20 օրից ավելի է՝ կուլ է տվել իրար կապած մեխեր, ածելի, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց վիրահատության։ Նա ասում է, որ որպես բողոքի նշան, անցած շաբաթ օրը երիկամների մեջ է մտցրել ասեղներ, բայց քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ոչինչ չի ձեռնարկում։ Նաև ասում է, որ դիմում է գրել արդարադատության նախարարին և մարզի դատախազին, սակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի ստորագրում և խոչընդոտում է դրա ուղարկմանը։
Ներկայումս Համլետ Ղազարյանը գտնվում է բուժմասում։ Նա ասում է, որ բուժքույրերը պարբերաբար ճնշումն են չափում, որը նորմայից ցածր է (50/80), մի քանի անգամ իրեն տարել են ռենտգեն հետազոտության, որը ցույց է տվել, թե ինչեր կան նրա օրգանիզմում, սակայն իրեն չեն վիրահատում։
www.hra.am