Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում հիվանդանոց տեղափոխված հինգ վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինչ խոսք, լավ լուր է, բայց հարցը սրանով չի փակվում, այլ իրականում նոր է սկսվում: Առաջին հայացքից տպավորություն է, թե ոստիկանությունը լավ է աշխատում, նույնիսկ` «ավելիով»: Բայց իրականում իրավապահ այս կառույցը անհավասարաչափ է բաշխում ուժերն իր պարտականությունների համալիրում: Ոստիկանությունը հաճախ ջանում է այնտեղ, որտեղ առանձնապես ջանքերի կարիք չկա` բողոքի զանազան ցույցերի ցրում, ակտիվիստների հետապնդում և այլն, և մատների արանքով է նայում այն հարցերին, որոնք առանձնակի ուշադրություն են պահանջում. խուլիգանություններ, ամենաթողությանը նպաստող իրավիճակներ և այլն:
Հայաստանը խաղաղ երկիր է: Անկախ ամեն ինչից: Հայի բնույթն է այդպիսին: Սովետի ժամանակ անդրկովկասյան երեք հանրապետությունների մեջ ամենահանգիստ երկիրը Հայաստանն էր: Նույնիսկ ուշ երեկոյան Երևանում առանց վախի կարող էիր զբոսնել, եթե մտքովդ անցել էր վայելել գիշերային մայրաքաղաքը: Մեր օրերում այնպես են փոխվել արժեքներն ու չափանիշները, և այնքան անհետևողական է դարձել ոստիկանությունը, որ ոմանք ազատ զենք են կրում, ավելին` համարձակություն ունեն այն գործածելու օրը ցերեկով, մարդաշատ վայրերում` համոզվածությամբ, որ անպատիժ կմնան: Իսկ եթե քաղաքում կրակոցներ են հնչում, նշանակում է` ոստիկանությունը լուրջ խնդիրներ ունի:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ պատեհ առիթով նշում է ոստիկանության մակարդակի բարձրացման, իրավապահների` քաղաքացուն մոտ կանգնելու անհրաժեշտության և այլ նման արժեքների մասին: «Վերնիսաժում» կատարվածից հետո երևանցիները խոսում են, թե քաղաքում ազատ անցուդարձը վտանգավոր է դառնում: Ի դեպ, դա կարող է վանել նաև զբոսաշրջիկներին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ