Անցյալ տարի, հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (մականունը՝ Լիսկա) առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպը խլեց Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի կյանքը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը վիրավորվեց: Քանի որ այս գործը հասարակական հնչեղություն ստացավ, միջադեպից հետո մարզպետի պաշտոնից ազատվեց Սուրեն Խաչատրյանը, իսկ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը կալանավորվեցին՝ որպես գործում ներգրավված մեղադրյալներ: Սակայն հետո իրավիճակը փոխվեց, և մարզպետի որդին ու թիկնապահն ազատ արձակվեցին: Գործի քննությամբ զբաղվող զինդատախազ Գևորգ Կոստանյանն էլ ունեցավ պաշտոնեական առաջխաղացում: ԱԺ ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց, և Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ:
Երկար տարիներ որպես Սյունիքի մարզպետ պաշտոնավարած, մարզում ահ ու սարսափ տարածած Սուրեն Խաչատրյանի մասին այժմ լուրեր են տարածվում, որ, հաշվի առնելով հնարավոր զարգացումները, իր ընտանիքը տեղափոխել է Եվրոպա, և ինքն էլ պատրաստվում է որոշ ժամանակ անց մեկնել այնտեղ:
irates.am-ը Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց, թե ինչպես են հասնելու արդարության վերականգնմանը, մեղավորներին պատժելուն այն դեպքում, երբ Սուրեն Խաչատրյանի ընտանիքը մեկնել է Հայաստանից:
«Ես տեղյակ չեմ իրենց աշխարհագրական դիրքից, ինձ դա չի հետաքրքրում: Քրեական գործին վերաբերող իմ երեք բողոքները քննվում են Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարանում: Եթե այդ բողոքները բավարարվեն, ապա Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ կվերսկսվի քրեական հետապնդումը»,- հավաստիացրեց Հայկ Ալումյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ