Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանը դիտարկում է Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությունը

Հայաստանը դիտարկում է Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությունը
17.02.2021 | 10:16

Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020-ի պատերազմից հետո թուրք պաշտոնատար անձինք քանիցս հիշատակել են, որ, հնարավոր է, պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը: Բայց Հայաստանում, որտեղ Թուրքիայի նկատմամբ անվստահոթյունը հասել է ռեկորդային մակարդակի՝ Ադրբեջանին Անկարայի վճռական ազդեցությունից հետո, նրանց խոսքերը ընդունվել են կասկածանքով: Մինչև վերջին պատերազմը ամեն ինչ մի քիչ այլ էր: 1993-ին, Լեռնային Ղարաբաղի համար առաջին պատերազմի ժամանակ, Թուրքիան միակողմանիորեն փակեց սահմանը և խզեց Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության և բողոքի Ղարաբաղի շրջակա տարածքները Հայաստանի կողմից գրավելու համար: Հայաստանի պաշտոնական տեսակետն էր, որ Թուրքիայի սահմանը միակողմանի փակելը հավասարազոր է շրջափակման և Երևանը կողմ է սահմանը բացելուն: 2020-ի պատերազմի հետևանքով Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը 1990-ականներին կորցրած տարածքներից մեծ մասի վրա: Հիմա, երբ խոչընդոտը վերացել է, թուրք պաշտոնյաներն ասում են, որ շահագրգռված են հարցի վերանայմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է ստեղծել 6 պետությունների «պլատֆորմ», ներառյալ Հայաստանը, տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար:

«Եթե այդ ուղղությամբ դրական քայլեր ձեռնարկվեն, մենք կբացենք մեր դռները» Հայաստանի առաջ՝ ասել է նա դեկտեմբերի 10-ին Բաքու այցի ժամանակ: Հունվարին Washington Post-ը մեջբերել է Էրդողանի անանուն բարձրաստիճան խորհրդականի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է «կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Խորհրդականը հավելել է. «Մեզ համար միշտ խնդրահարույց էր, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Հիմա այդ խնդիրը լուծված է: Եթե Հայաստանը պատրաստ է քայլ անել, մենք պատրաստ ենք»:

Բայց առայժմ պարզ չէ՝ կոնկրետ ինչ քայլեր է Անկարան սպասում Երևանից: Բացի այդ՝ հայերը տագնապով են ընդունել Թուրքիայի նվազ հաշտվողական հայտարարությունները՝ ներառյալ դեկտեմբերի ռազմական շքերթում Էնվեր փաշայի Էրդողանի հիշատակումը՝ հայերի ցեղասպանության գաղափարախոսներից մեկի:


«Մեր գնահատականը հիմնված է ոչ թե խոսքերի, այլ գործերի վրա, և այստեղ բազում հակասություններ կան» Eurasianet.org-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը: «Սահմանը Հայաստանը չի փակել, այդ պատճառով թուրք-հայակական սահմանի բացման հարցը առաջին հերթին պետք է հասցեագրել Թուրքիային: Հայաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային ամբողջ հաղորդակցության ապաշրջափակմանը»՝ ասել է նա՝ հավելելով, որ այդ պահին սահմանների բացման հարցը չի քննարկվում: ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 10-ին զգուշավոր հետաքրքրություն է դրսևորել սահմանի բացմանը, ասելով, որ Թուրքիան «պատճառ չունի փակ պահելու»:
Պատերազմի ավարտից հետո նոյեմբերի 10-ին տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ՝ կապված տարածաշրջանի բազում փակ սահմանների: Ռուսաստանի, Հայաստանի ու ԱԱդրբեջանի ղեկավարները հանդիպել են հունվարի 11-ին, որպեսզի քննարկեն տրանսպոևտային հաղորդակցության «ապաշրջափակումը» և այդ ժամանակից 3 երկրների պաշտոնյաները մի քանի լրացուցիչ հանդիպումներ են ունեցել մանրամասների մշակման համար: Այդ գործընթացի շարժիչ ուժը ակնհայտորեն Մոսկան ու Բաքուն են, իսկ հայերը, կարծես, առավել պասիվ դիրքորոշում ունեն:


Հունվարի 30-ին 3 երկրների ԱԳ փոխնախարարների հանդիպման «ամենազարմանալին այն էր, որ Հայաստանը ոչ օրակարգ ուներ, ոչ քննարկելու թեմա, ոչ պահանջ»՝ Eurasianet.org-ին ասել է Երևանում գտնվող հետազոտական «Տարածաշրջան» կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրակոսյանը: «Նրանք դա չեն ցանկանում,-ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայի հետ սահմանի բացումը:- Փաշինյանի պրիմիտիվ դիրքորոշումն է՝ «մենք չափազանց խոցելի ենք, չափազանց թույլ, որ նորմալացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ»: «Հայաստանի կառավարությունը հիմա կենտրոնացած է ոչ դրա վրա,- Eurasianet.org-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմաններով:- Չի եղել ոչ մի նախապատրաստություն, նոր փաստաթուղթ, կամ գոնե հների քննարկում»: Հայաստանում կարծում են, որ Անկարան կարող է Երևանին կատարված փաստի առաջ դնել, որին Երևանը պատրաստ չէ: «Նույնիսկ եթե Հայաստանն ասի «ոչ», Թուրքիան թույլ չի տա երկար «ոչ» ասել,- CivilNet-ին ասել է Լիխայի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Արման Գրիգորյանը:


«Եթե Թուրքիան միակողմանի բացի սահմանը, մենք չենք ծրագրել արձագանքման միջոցառումներ, չենք մշակել հնարավոր սցենարները. և մենք կարող ենք զրկվել դիվանագիտական բոլոր դիվիդենտներից՝ ասելով ոչ, մի բացեք մենք պատրաստ չենք ազգային անվտանգության տեսակետից և այլն,-ասել է Ռիչարդ Գիրագոսյանը:-Մարտավարության բացակայությունը միայն դրդում է Թուրքիային, որ օգտվի իրավիճակից»: Թուրքիայի հետ հարաբերությունների թեման Հայաստանում շատ ցավագին է: Երևանն արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը՝ պատճառաբանելով ազգային անվտանգության նկատառումներով: Քաղաքական ընդդիմությունը փորձում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել Ադրբեջանի ու Թուրքիայի «գործակալ», որ ավելի է բարդացնում որևէ որոշման ընդունումը Երևանում:


Հայաստանի նախկին նախագահ և Փաշինյանի թշնամի Ռոբերտ Քոչարյանին, որ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, հունվարի 2-ի հարցազրույցում հարցրել են «տպավորության մասին, որ Փաշինյանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար բարենպաստ թեկնածու է»: Քոչարյանը խուսափողական պատասխանեց, որ Փաշինյանը «արել է ամեն ինչ, որ թշնամական պետությունը ցանկանում էր, որ Հայաստանում կատարվեր»: Կառավարության մեկ այլ հայտնի քննադատ՝ Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Փաշինյանի մերձավոր դաշնակից, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի լրտես է: Նաև մտավախություն է հայտնվել, որ Հայաստանը՝ հաշվի առնելով թուլացած վիճակը, կարող է հարկադրված լինել նվազեցնել Օսմանյան կայսրությունում 1915-ին հայերի ցեղասպանության ճանաչման իր պահանջները: Շատ հայեր դեմ էին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերջին փորձին, որ սկսվեց 2008-ին Սերժ Սարգսյանի օրոք պատճառաբանելով, որ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը: Հայ թուրքագետ, Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիան կարող է լրացուցիչ պայմաններ առաջադրել հարաբերությունների կարգավորման համար: «Մենք հիմա թույլ դիրքում ենք, և Թուրքիան կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հրաժարվելու ցեղասպանության ճանաչումից»՝ ասել է նա Sputnik Armenia-ին: Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի զգուշավոր հետաքրքրությունը սահմանները բացելու նկատմամբ «սխալ ու ռիսկային է»:
Անի Մեջլումյան, Eurasianet (ԱՄՆ)


Հ.Գ. Հայաստանը երբեք ոչնչի պատրաստ չէ՝ պատրաստ չէր անկախության՝ անկախացավ՝ 1918-ին, հետո 1991-ին, պատրաստ չէր պատերազմի, կռվեց ու հաղթեց 1994-ին, պատրաստ չէր պատերազմի, կռվեց ու պարտվեց 2020-ին, պատրաստ չէր հեղափոխության, հեղափոխություն արեց 2018-ին... Եվ ընդհանրապես ինչի՞ ենք մենք պատրաստ՝ բացի օրընթաց խնդիրներ լուծելուց: Մենք մասնագետ ենք ինքնաքրքրման, բայց ոչ երբեք ապագան ծրագրելու, այդ ծանր գործը մենք թողնում ենք մեր թշնամիներին ու ոխորիմ բարեկամներին: Իրե՞նց ենք խանգարում, իրենք էլ թող որոշեն ինչ անել, մենք որոշել ենք որոշում ընդունել, ու դա մեզ լրիվ հերիք է: Համենայն դեպս մի 100 տարի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 105422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ