Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հրդեհի մարում բենզինով

Հրդեհի մարում բենզինով
13.06.2008 | 00:00

«Առաջնահերթ են ունիվերսալ արժեքները, և հետո արդեն մնացածները։ Դա վերաբերում է նաև ժողովրդավարությանը։ Սկզբունքի առաջքաշումն այդ սկզբունքի առկայությունից պակաս կարևոր չէ»։

Պերագ Հաննա. «Երկրորդ աշխարհ. կայսրությունները և ազդեցությունը նոր աշխարհակարգում» գրքից

Ցանկանում են, թե ոչ, բայց մեր տնաբույս ռազմավարներից և քաղաքական տեխնոլոգներից շատերը, ովքեր հանդես են գալիս պետության կառավարման կոշտ մեթոդների օգտին, հարկադրված են խոստովանել, որ այսօր տոտալիտար ռեժիմի կառուցումը որևէ առանձին երկրում ոչ միայն անհեռանկար, այլև շատ կողմերով վտանգավոր է այդ տոտալիտարիզմը կառուցող բռնապետների և տվյալ պետության համար ամբողջությամբ։ Թեպետ, օրինակ, գլխավոր դատախազությունը «ռնգեղջյուրի համառությամբ» շարունակում է ձերբակալություններ իրականացնել, կարծես չի էլ նկատում, որ ընտրությունները և դրանց ուղեկցող քաղաքացիական ելույթները երբևէ արտաքին աշխարհի կողմից այդքան մանրակրկիտ և ընդգծված մտահոգության չեն արժանացել։ Տառացիորեն հերթական արևմտյան «ռևիզորների» ժամանման նախօրեին «փայլուն օպերացիայից հետո» իրականացվել է ՀՀՇ¬ական գործիչների հերթական ձերբակալությունը։

Նկատի ունենանք, որ այս փաստը ոչ միայն շոկ է առաջացրել հասարակության մեջ, այլև բազմաթիվ իշխանական գործիչների շրջանում, որոնք առանց չափազանցության ողջ օրն աշխատում էին, որպեսզի ինչ¬որ ձևով Ստրասբուրգում կայանալիք լսումների նախաշեմին «սվաղեն» երկրի ոչ բարենպաստ քաղաքական իմիջը և միաժամանակ հուսով էին, որ իրականություն կդառնան համաներման մասին շրջանառվող լուրերը։ Անկեղծ հուզմունքով էին նրանք խոսում այն մասին, որ գլխավոր դատախազը, կարծես չնկատելով իրերի իրական վիճակը և երկրի առջև ծառացած վտանգները, շարունակում է հայտարարել, թե հետագայում էլ պատրաստ է զարգացնել և ապացուցել «դավադրության» թեորիան։

Մինչդեռ հասարակությունն առիթ է ունեցել գնահատելու Աղվան Հովսեփյանի «վճռականությունն ու անհողդողդությունը», երբ նա դեռևս 1999¬ին «Միջազգային համաներում» կազմակերպության դիտորդ Նիկոլա Դակվորդի հարցին, թե արդյոք ծեծո՞ւմ են ձերբակալվածներին Հայաստանում, ռուսերեն պատասխանեց, որ ծեծել են, ծեծում են և ծեծելու են ու, իբր, այլ կերպ հնարավոր չէ։ Միանգամայն հավանական է, որ այդպիսի համառությունը հավանության կարժանանար անտառահատման տեղամասում, բայց այսքան բարդ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում գլխավոր դատախազության գործողությունները հիշեցնում են հրդեհը բենզինով մարելու մարտավարություն։ Ավելին, գլխավոր դատախազի «կորչագինյան» անհողդողդությունը, ամենայն հավանականությամբ, միանգամայն արդյունավետ կերպով օգտագործվում է որոշակի ուժերի կողմից ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում՝ իրենց անձնական և պետության շահերին հակասող նպատակների համար։

Սակայն այս հանգամանքը, ամենայն հավանականությամբ, վերլուծության առիթ և գլխացավանք պիտի դառնա իշխանություն ներկայացնող այն պատգամավորների համար, որոնց մտահոգում է այն հարցը, թե որքանով է արտգործնախարարությունը արժանի հակահարված տալիս ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնություններին։ Թերևս նկատենք միայն, որ ամերիկյան հայտնի դոկտրինները՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կամ էլ «սա մեր շան տղան է», վաղուց ի վեր մնացել են անցյալում։ Դրանք ոչ միայն ժողովրդականություն չեն վայելում, այլև անարդյունավետ են, որովհետև տարիների ընթացքում պարզվեց, որ այն կառավարման համակարգերը, որոնք հիմնված են բռնապետական ռեժիմների վրա, նույնիսկ արտաքին աշխարհից զգալի աջակցության պայմաններում հանդիսանում են ոչ կայուն, քիչ արդյունավետ և պաշտպանված չեն այլ արտաքին ազդեցություններից։ Որպես դրա հետևանք՝ Արևմուտքը շատ արագ հրաժարվեց այդ մոտեցումներից իր արտաքին քաղաքականության մեջ և առաջ քաշեց նոր դոկտրին՝ հիմնված ժողովրդավարության նորմերի և համամարդկային արժեքների պաշտպանության վրա։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ թերևս արժե հիշեցնել մի կարևոր հանգամանք։

Վերջին տարիներին կիրառված քաղաքական տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության տարածումն այս կամ այն պետության վրա ընթանում է հիմնականում երկու ուղղությամբ, որոնք իրարից տարբեր են ինչպես տրամաբանությամբ, այնպես էլ արդյունավետությամբ։ Առաջին ուղղությունն իրենից ներկայացնում է կոշտ և ուղղագիծ միջամտություն այլ պետության ներքին գործերին, դրածո ռեժիմներին աջակցություն՝ առանց հաշվի առնելու տվյալ պետության բնակչության տրամադրությունները, չխուսափելով նույնիսկ տվյալ երկրում ուժով իշխանությունը փոխելու տարբերակից։ Այս մոտեցումը վերջնահաշվում հանգեցնում է հիշյալ քաղաքականությունը նախաձեռնող կամ կիրառող ուժից տվյալ պետության բնակչության օտարացմանը։

Մինչդեռ երկրորդ մոտեցումն իրենից ներկայացնում է տվյալ երկրի բնակչության ձգտումների նուրբ հաշվարկ, նրա կամքի արտահայտության հարգում այդ պետությունն իր ազդեցության ոլորտում ընդգրկել ցանկացող աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից։ Եվ արդյունքում ապահովվում է լիովին չպարտադրված և ներդաշնակ համագործակցություն։ Այս կապակցությամբ բնութագրական է Կոլումբիայի համալսարանին կից պատերազմի և խաղաղության Զալցմանի ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Բետսի կարծիքը. «Որպեսզի հնարավորություն ունենա հաջողությամբ խաղալու բարի և մեծահոգի հեգեմոնի դերը, Միացյալ Նահանգները պետք է հետևողականորեն ձգտի միջազգային իրավունքի ամրապնդմանը՝ տապալելով արյունարբու վարչակարգերը»։

Եթե հայկական խնդիրներին մոտենանք կոնցեպտուալ տեսանկյունից, ապա դժվար չէ հանգել եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր հանդիսանում է այդ երկու հակադիր ռազմավարական մոտեցումների իրագործման օրինակելի «պոլիգոն»։ Անհրաժեշտ է ընդգծել, որ երկու հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանը և Արևմուտքը, ընդգծված ուշադրությամբ են հետևում Հայաստանում զարգացող գործընթացներին։ Ընդ որում, Արևմուտքն իր մոտեցումները կիրառում է հեռանկարը հաշվի առնելով. նրանք բանավեճեր են նախաձեռնում «արևմտյան մոդելով» երկրի ժողովրդավարացման մասին, ինչը բոլորովին էլ չի նշանակում իշխանության տապալում, բայց միաժամանակ հասարակության հետ իրականացվող աշխատանքն անարդյունք չի անցնում։ Մինչդեռ Ռուսաստանը, համենայն դեպս իշխանական կառույցի մի մասը՝ Պուտինի գլխավորությամբ, կարծես շարունակում է Հայաստանում գործել բնակչության կարծիքն անտեսելու և քաղաքական ու վարչական էլիտայի առավել պահպանողական հատվածի վրա հենվելու ճանապարհով։

Արդյունքում միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս Հայաստանում կրկին բախվեն արևմտյան քաղաքական ռեսուրսը՝ եվրոպական վերահսկողությամբ և ոչ միայն ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ, և ռուսական ռեսուրսը` ի դեմս վարչատնտեսական կլանների։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս տարվա ընտրական և հետընտրական գործընթացները բացառիկ էին Հայաստանի պատմության մեջ իբրև կարևոր ջրբաժան, որից հետո երկիրը կա՛մ կընթանա արևելյան տոտալիտար կառավարման մոդելով, կա՛մ կփորձի դուրս գալ ժողովրդավարության մայրուղի։ Հետևանքները երկու սցենարների իրականացման պարագայում էլ դժվար չէ գուշակել։ Ավելին, ժամանակ, որպես այդպիսին, քիչ է մնացել, կան գործընթացներ, որոնք, թափ հավաքելով, սկսում են զարգանալ իրենք իրենց, և դրանց հետագա առաջընթացն արգելակելը խիստ բարդ է։

ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 8481

Մեկնաբանություններ