Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայ ազգը մեկ է, և հայությունը մեկ ամբողջություն է

Հայ ազգը մեկ է, և հայությունը մեկ ամբողջություն է
15.05.2009 | 00:00

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
Շատ է հոլովվում Սփյուռք հասկացությունը և ընդհանրապես Սփյուռքի գործոնը` հայության ու Հայաստանի կյանքում։ Արդարև, դա մեր ազգային իրականության կարևորագույն փաստն է։ Բայց պետք է հասկանանք, որ չկան և չեն կարող լինել Սփյուռք-Հայաստան կամ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններ, համագործակցություն ու փոխադարձ օգնություն և այլն, որովհետև չկա և չի կարող լինել Սփյուռք` որպես առանձին կողմ, առանձին ինքնություն։ Որովհետև հայ ազգը մեկ է, և հայությունը մեկ ամբողջություն է` բաղկացած (մեծ մասամբ արտաքին գործոններից առաջացած դեպքերի բերումով) աշխարհագրորեն տարածված հատվածներից, մասնիկներից, որոնք ժամանակավոր ձև ու բնույթ ունեն։
Այս պատճառով հայ ազգի կազմակերպական կառավարումը ևս մեկ պետք է լինի` ընդգրկելով հայության բոլոր հատվածները, մասնիկները` անկախ ամեն ինչից։
Սփյուռքի` որպես առանձին ինքնության հասկացությունն արհեստականորեն է ստեղծված և վնասակար է, քանի որ հակառակ է մեկ Ազգ, մեկ Հայրենիք, մեկ ճակատագիր թե՛ գաղափարին, թե՛ փաստացի իրականությանը և թե՛ այդ ուղղությամբ այն զարգացնելու մեր ջանքերին, որ պարտավոր ենք կատարել։ Դա Խորհրդային Միության պայմաններից ու շահերից բխող դասավորում էր` հայությունը բաժանել Խորհրդային Հայաստանի հայերի և կապիտալիստական երկրների հայկական համայնքների (գաղութների): Դրա համար էլ չէր ընդունվում նաև ո՛չ խորհրդային Սփյուռք հասկացությունը, ո՛չ էլ փաստը։
Սովետների հռչակած «Հայաստանը` համայն հայության հայրենիք» քաղաքական նշանակությամբ տեսական դրույթն անկախ Հայաստանը պիտի իրականացներ ոչ թե խորհրդային իշխանության նման` ձևականորեն և հետին նպատակներով, այլ ամենաիրական ազգային առումով։ Դրա համար անհրաժեշտ է (այն էլ անհապաղ), որ մեկ Ազգ, մեկ Հայրենիք, մեկ ճակատագիր գաղափարը հստակեցվի, պարզաբանվի, ամրապնդվի և դառնա Հայոց պետականության ներքին ու արտաքին քաղաքականության և յուրաքանչյուր հայի ազգային-պետական-քաղաքացիական ինքնագիտակցության անկյունաքարերից մեկը։
Այն ժամանակ Հայաստան-Սփյուռք համահայկական խորհրդակցություններն իրապես օգտակար կլինեն, խնդիրները կլինեն մեր իրավիճակին համապատասխան ու կդրվեն ազգային-գաղափարական հիմնավորումներով և, ըստ այնմ, սպասումներն իրապաշտորեն կհստակեցվեն։ Այս դեպքում հավաքները, մտքերի փոխանակումները, ծանոթացումներն ու ծանոթությունները կունենան թե՛ բարոյական վերելքի և թե՛ գործնական` կառուցողական ու ստեղծագործ շատ ավելի մեծ նշանակություն։
Այն ժամանակ Հայաստանը կդառնա հայության բոլոր հատվածների, մասնիկների կենտրոն։ Ձգող կենտրոն, որպես անդաստան հոգու, գաղափարի, որպես տուն-հայրենիք և երջանկության բնակավայր ու նաև որպես գործունեության դաշտ։
Այն ժամանակ Հայաստանի հետ պիտի ցանկանան և կարողանան անմիջական հարաբերություններ հաստատել արտերկրի բոլոր հատվածների ու մասնիկների բոլոր տեսակի կազմակերպությունները, կառույցները, խավերն ու անհատները` գործարարից մինչև տնային տնտեսուհին, փորձագետ-մասնագետից մինչև թոշակառուն, պաշտոնյայից մինչև ուսանողն ու աշակերտը, քանի որ Հայաստանը կունենա համապատասխան օրենք, քաղաքականություն ու համապատասխան անձնակազմով և կարգավիճակով կառույցներ, որոնք եղբայրաբար, բայց միաժամանակ պետական մակարդակով, անմիջականորեն կարձագանքեն արտերկրից հղվող դիմումներին, կընդունեն եկողներին և միաժամանակ կգտնեն ու կհաղորդակցվեն արտերկրի ամեն մի անկյան հայության բեկորի հետ...
Այն ժամանակ ազգի, հայրենիքի ու պետականության ճակատագիրը կբաժանեն և կդարձնեն իրենցը աշխարհի տասը միլիոն հայերը` որպես ինքնաբուխ պարտաճանաչությամբ քաղաքացիներ...
Սա է արդարը, ճիշտն ու օգտակարը, որը պետք է իրականացվի։ Այդ կարելի է անել նույնիսկ համեմատաբար շատ արագ կերպով, եթե ազգային ու պետական` գաղափարական, գիտակցական և պատշաճ գրագիտությամբ մասնագիտական համապատասխան մոտեցում ցուցաբերվի...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐ
Սփյուռք-Հայաստան կամ Հայաստան-Սփյուռք որպես կողմերի հարաբերություններ հասկացությունը չի համապատասխանում ո՛չ գոյություն ունեցող իրավիճակին, ո՛չ էլ այն բարվոքելու պահանջներին:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հաստատման կամ զարգացման և գործնականացման հարցը դնելուց առաջ նախ` պիտի ճշտել, թե ի՛նչ է Սփյուռքը։ Իր պատմական, հոգեբանական, բարոյական, քաղաքական և ներկա գիտակցական ու կազմակերպչական տարբեր պայմաններում գտնվող Սփյուռք կոչվող հայության արտերկրի հատվածներն արդյոք կարո՞ղ են Հայաստանի համար համարվել «կողմ», որի հետ որոշակի փոխըմբռնում առաջանա, պայմաններ ճշտվեն, և հաստատվի կայունորեն համակարգված ու կառավարվող համագործակցություն։ Փաստն այն է, որ Սփյուռքն այդպիսի «կողմ» չէ, ու, հետևաբար, որպես կողմի նրա հետ ցանկացած նպատակադրում և ջանք ապարդյուն կանցնի։ Ավելին, հուսախաբություն և հոգեբանական վնաս կհասցվի` բացասական զգալի հետևանքներով։ Ներկայումս գործադրվող ջանքերի զորացումն այս պայմաններում հավանաբար կհանգեցնի միայն ավելի մեծ թվով անհատների հետ ավելի սերտ հարաբերությունների ու մասամբ նաև գործակցության հաստատման, բայց ոչ Սփյուռք կոչվող հայկական գերհատվածի, որպես առանձին կողմի հետ համագործակցության, քանի որ այն կողմ չէ։
Այլ հարց է, թե ի՛նչ պիտի անել, որ Սփյուռքը «կողմ» դառնա, և այլ հարց է նաև, թե արդյոք պե՞տք է ձգտել դրան։ Քանի որ Սփյուռքը լոկ հայության հատվածն է, հարկ է այն դիտել իբրև այդպիսին և չփորձել անգամ փոխել այս իրողությունը, այլ զարգացնել այն` հասնելու համար մեկ Ազգ, մեկ Հայրենիք, մեկ ճակատագիր կարգախոս-նպատակի իրագործմանը։
Մի ուրիշ հարց. Հայաստանը որքանո՞վ է «կողմ», երբ Հայաստանը հայրենիքն է համայն հայության, և ինչո՞ւ պիտի հանդես գա որպես «կողմ», երբ դրանով օտարանում է իր ժողովրդի մեծամասնությունը կազմող արտերկրի հատվածներից։ Սա` առաջին, և երկրորդ` արդյոք Հայաստանի քաղաքացիների մեջ համահայկական գաղափարն ու համազգային կազմակերպական կառավարման հիմնադրույթն այնքան հիմնավորվա՞ծ են, որ կարող են լիազորել իրենց պաշտոնյաներին որոշակիորեն կենսագործել այն, թե՞ դրանք Հայաստանի մեկ-երկու ղեկավարների և նրանց մեկ-երկու խորհրդականների տեսակետներն են և հիմնականում սուբյեկտիվ բնույթի ու առանց հիմքի, հաշվարկի, հետևապես և` հեռանկարի։
Ինչո՞ւ և ո՞վ է հիմնավորել, որ հայությունը պիտի տարանջատվի Հայաստանի և Սփյուռքի։ Այդ դեպքում Սփյուռքն ինչպիսի՞ տարանջատումների պիտի ենթարկվի։ Օբյեկտիվորեն դատելով` ազգային ո՞ր չափանիշներով, ո՞ր հաշվարկից է դա բխում, և որքանո՞վ է այն օգտակար, արդար ու բարոյական, և մի՞թե կարող է այդ մոտեցումը ստեղծել համահայկական ազգային ինքնության գիտակցություն, համահայկական ազգային պատկանելության և հոգեկան ու քաղաքացիական պարտաճանաչության, ինքնագիտակցված, ինքնաբուխ և կարգապահ պարտաճանաչության գաղափար։ Այսինքն, ստեղծել այն շաղախի տարրերը, որոնք ի զորու են աշխարհագրական, իրավական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական, լեզվական, մշակութային, կենցաղային, հոգեբանական նկարագրի, սովորույթի ու այլ տարբերություններ ունեցող հայության հատվածներից գոյացնել զորեղ, դիմացկուն ու կենսունակ ազգապետական զգացումներով, գիտակցությամբ և պարտաճանաչությամբ ԱԶԳ, քանի որ առանց դրա, ի վերջո, Հայրենիք Հայաստան էլ չի կարող գոյություն ունենալ, առավել ևս` Ազգապետական, Ազատ, Անկախ, ապահով ու բարգավաճ Հայաստան։
ԴԱՐՁՅԱԼ ԱԶԳԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայության հայրենաբնակ ու արտերկրի հատվածների հնարավորությունների, կարողությունների և ներունակության լրիվ ու արդյունավետ օգտագործումը բոլոր բնագավառներում և հատկապես Հայ դատի, Հայաստանի զարգացման ու վերելքի և ընդհանրապես հայ ազգի հանրային դիվանագիտության համար, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, չկա և չպիտի փորձել ստեղծել Սփյուռք-Հայաստան, որպես երկու կողմերի հասկացություն։ Կա և պիտի լինի մեկ հայություն, մեկ ազգ, որն ինչ-որ ժամանակի համար բաղկացած է տարբեր հատվածներից։ Ինչպես և ունենք նաև մեկ հայրենիք, որն ինչ-որ ժամանակի համար առայժմ հատվածների է բաժանված։ Չէ՞ որ, առնվազն հոգեբանական ու գաղափարական առումով, Վանը Վանաձորից պակաս հայրենիք չէ, Մուշը` Մեղրիից կամ Ղարսը` Գյումրիից։
Ազգի ու Հայրենիքի կենսական ու բնական շահերի առումով, անկախ նրանից, թե քաղաքական, սոցիալական, տնտեսական, լեզվամշակութային ու այլ առումներով աշխարհագրական ինչպիսի տարածում ունի հայությունը, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, որպես Հայաստանի այն հատվածը, ուր կա հայկական փաստացի ներկայություն, պետականություն և պաշտոնական իշխանություն` Հայաստանի Հանրապետությունը։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը համայն հայության պետականությունն է, և նրա իշխանությունը պարտավոր է կազմակերպել ու կառավարել համայն հայությունը։ Իսկ ինչպիսի՞ լիազորություններով, ինչպիսի՞ կարգավիճակով, ինչպիսի՞ քաղաքականությամբ պիտի կառավարի հայրենի իշխանությունը, և համայն հայության կողմից ինչպե՞ս պիտի ձևավորվի «կառավարվողը պիտի ընտրի կառավարողին» սկզբունքը, սա այլ հարց է։ Բայց, հոյակապորեն լուծելի։ Այն կլուծվի տարբեր պայմանների ու պահանջների համաձայն. միշտ պահպանելով ազատ ընտրության, կարգապահ ենթակայության ու արդյունավետ գործառնության սկզբունքը և գործնական դրությունը։ Այս սկզբունքով ու իմաստով Հայաստանի կառավարությունը պիտի կազմի և համապատասխան կառույցներով, միջոցներով ու եղանակներով կենսագործի համայն հայության կառավարման բոլոր ծրագրերը։
Այս ամենը ժամանակի պայմաններին համապատասխան իրականացնելու գործում անհրաժեշտ է հայության տարբեր հատվածների, կազմակերպությունների, խավերի ու անհատների ուղղակի և անուղղակի մասնակցությունը։ Դա անհրաժեշտ է թե՛ գործակցության օգտակարության և թե՛ իրավունքի ու պարտականության սկզբունքի կիրառման իմաստով։ Բայց և այնպես, այդ գործընթացը կազմակերպելու և կառավարելու թե՛ իրավունքը, թե՛ պարտականությունն ու պատասխանատվությունն ընկնում են Հայոց պետական իշխանության վրա։
Նույնը վերաբերում է նաև հայոց միջազգային հանրային դիվանագիտությանը։ Այն պիտի մշակի Հայաստանի կառավարությունը` օգտագործելով նաև հայության տարբեր հատվածների հավաքական ու անհատական համապատասխան գիտելիքներն ու փորձը, առաջադրանքներ տա և ղեկավարի դրանց իրականացումը։
Հանրային դիվանագիտության, հատկապես Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան զարգացումների և դրանց առնչվող հարցերի վերաբերյալ Հայոց Հայրապետությունը պետք է ստանձնի իրեն հատուկ ուրույն պարտավորություն։ Դրա կատարումը ոչ մի կերպ չի խաչաձևի, այլ կլրացնի ազգային ու այլ կառույցների համանման ջանքերը։
Հայ ազգի այս արդար ու օրինական կազմակերպական կառավարման պահանջի բավարարումը ինչքան կենսականորեն կարևոր է, այնքան էլ կապված է բազմաթիվ բարդ ներազգային և միջազգային խնդիրների հետ։ Բայց դրանց լուծումը լիովին հնարավոր է համապատասխան ոգու, գիտակցության, կամքի և գիտելիքների առկայության պարագայում։ Հարկ է միայն գործել` խորհրդակցել, ծրագրել, կազմակերպել և գործադրել…
Հավատքով կարող ենք հուսալ, որ հայությունը կապահովի այդ կենսական պահանջի բավարարման համար անհրաժեշտ մակարդակը։ Մինչ այդ, սակայն, այդ առումով անդրադառնալով ներազգային խնդիրների լուծմանը, հակիրճ միայն նշենք, որ դրա համար կարևորագույն նախապայման է հայության մեջ ընդհանրապես, և մասնավորապես մեր տարբեր հատվածների, խավերի, կառույցների ու անհատների միջև հարգանքն ու կատարյալ վստահությունը փոխադարձ ազնվության, արդարամտության, ճշտապահության, իրազեկության, հմտության ու... անկաշառ նվիրումի մասին։ Տվյալ պարագայում էական ու վճռական նշանակություն ունի Հայաստանի ղեկավարության նկատմամբ այդ հատկությունների վերաբերյալ բացարձակ վստահությունը։
Ազգի ու հայրենիքի կայացման, ապահովության և վերելքի համար էական է, որ յուրաքանչյուր հայ, ուր էլ լինի, հայոց հոգևոր ու աշխարհիկ ղեկավարությանը կարողանա հավատալ, ինչպես հավատում է ինքն իրեն և դեռ ավելին, ինչպես կհավատար հայ ազնվական ասպետին և վասն Հիսուսի, վասն Հայրենյաց։ (Եվ դա արդար է, որ այդպես լինի և կլինի՛, եթե խորապես գիտակցենք` ով է հայը, որտեղից է գալիս և ուր է գնում, և ի՞նչ է նշանակում հայոց պատասխանատու ղեկավար, իշխանավոր լինել), այնժամ կլուծվեն, այն էլ բավականին դյուրին ու հեշտ, թե՛ տվյալ և թե՛ շատ ու շատ այլ առկա ու գալիք խնդիրներ` լինեն ներազգային, թե միջազգային...
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՏՎԱԾՆԵՐ
Հայ իրականության մեջ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցն առաջացել է հատկապես հետեղեռնյան արտաքին Սփյուռքի գոյացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ։ Մոսկվա-Երևանում մշակվող և Կրեմլում հաստատվող Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ակնկալվում էր.
l Սփյուռքի հակախորհրդային տրամադրությունների խափանում,
l խորհրդայնամետ միջազգային քարոզչության նպաստում,
l խորհրդային հատուկ ծրագրերին հնարավոր օգնություն:
Այս նպատակների իրագործման համար խորհրդային իշխանությունը մասնագիտական ընդարձակ, լուրջ և հետևողական աշխատանք էր տանում նախ` ճանաչելու և հասկանալու համար, թե ինչ են արտախորհրդային Ափյուռքը (ներքին Սփյուռքի մասին խոսք էլ չէր լինում), նրա տարբեր հատվածները, խավերը, կազմակերպությունները, և ինչ գաղափարներ, կարողություն, առավելություններ ու թերություններ ունեն առանձին անձինք։ Երկրորդ` աշխատում էր համապատասխան հարաբերություններ ստեղծել կազմակերպությունների ու անձանց հետ, սիրաշահելու, հեղինակությունը բարձրացնելու և օգտագործելու կամ հակառակը` վարկաբեկելու և չեզոքացնելու համար։ Այս և այլ նպատակներին հասնելու համար խորհրդային իշխանությունն աշխատում էր նաև օգնել ու խրախուսել Սփյուռքին մշակութային, կրթական, մարզական-երիտասարդական, մասնագետների պատրաստման և այլ ծրագրերի միջոցով, որով նաև սեր ու կապվածություն էր ստեղծում Խորհրդային Հայաստանի նկատմամբ։
1991 թվականից սկսյալ` Երրորդ հանրապետության ղեկավար շրջանակների ակնկալությունները նույնպես հիմնականում արտաքին Սփյուռքի հետ էին կապված, բայց այն տարբերությամբ, որ դրանք համարյա նյութական էին, սակայն սպասելիքները հիմնականում չարդարացան, և Հայաստանի կողմից խորհրդանշական իսկ օգնությունն աստիճանաբար չքացավ։ Ճիշտ է, Հայաստանի միջոցները խիստ նվազել էին, բայց ճիշտ է նաև, որ հատուկ ջանքեր չգործադրվեցին` եղած միջոցներն օգտագործելու և տարբեր խոչընդոտները վերացնելու համար, որպեսզի հայության երկու հատվածների ազգային միասնության խնդիրը, այնուամենայնիվ, իրագործվի համապատասխան մասշտաբով ու արդյունքով:
Սփյուռքյան մասնագիտական ներուժից օգտվելու մասշտաբներն աննշան էին, և այդ ուղղությամբ առաջընթացի փորձերը հիմնականում հաջողության չհասան, որովհետև արտերկրի հայության հետ հարաբերությունների նպատակի գաղափարական հիմքը թույլ էր, գործընթացը սուբյեկտիվ բնույթ էր կրում և խիստ քաղաքականացված էր, այս անգամ` իր տեսակի մեջ։
Այժմ, երբ Հայաստանի իշխանությունները Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ըստ երևույթին, ավելի պետական մոտեցում են ցուցաբերում, մեր կարծիքով, այդ միտումն ի զորու կլինի դրված խնդիրը հաջողությամբ կատարել, եթե ապահովվեն որոշ նախապայմաններ։ Դրանցից են, նախ, այս մեծ, կարևոր և պատասխանատու նպատակի համար կազմակերպական կառավարման նոր սկզբունքով և բովանդակությամբ կառույցի ստեղծումը` ընդգրկելով դրա մեջ համապատասխան գաղափար, գիտելիքներ և փորձառություն ունեցող անձանց։ Երկրորդ, անցյալի թե՛ դրական և թե՛ բացասական փորձը ճիշտ ու ամբողջությամբ հաշվի առնելը։ ՈՒրեմն, Հայաստանի և Սփյուռքի` Արգենտինայից մինչև Ֆրանսիա և Սիբիր, Ավստրալիայից մինչև ԱՄՆ և Իրան ցրված բազմաթիվ տարբերություններով հայերի միջև հարաբերություններ ստեղծելու, դրանք գործնականացնելու և ազգի ու հայրենիքի վերելքի համար արդյունավորելու համար այդ հարաբերությունների ճարտարապետները, կառուցողները և ուղղություն տվողները ոչ միայն պետք է խորապես ու ճիշտ հասկանան համայն ազգի որակական հատկությունների արդի վիճակը, այլև նպատակադրվեն և կարողություն ունենան շեշտակիորեն ազդելու այդ հատկությունների վրա, բարձրացնելով դրանք հայ ազգի տոհմիկ որակի մակարդակին։ Դա պետք է արվի այն հաշվով, որ այդ ազդեցության արդյունքում ստեղծվի մեր հայրերի հավատքից բխող և դրա վրա հիմնված ազգային գաղափարախոսության այն մթնոլորտը, որում Մեկ Ազգին, Մեկ Հայրենիքին ծառայելը դառնա յուրաքանչյուր հայի կյանքի գլխավոր իմաստը, գերագույն նպատակը և, մանավանդ, հոգու սրբազան պարտքը։
Մեր համոզմամբ, հայ ազգի վերոհիշյալ գերխնդրի կատարման հիմնական նախապայմանը հայերի հոգու և գիտակցության մեջ այդ մթնոլորտի ստեղծումն է։ Եվ այս ուղղությամբ հայությանն իրենց օրինակով առաջնորդելու պատրաստ ռահվիրաները պետք է լինեն ազգի և պետականության ղեկավարությունը, մտավորականությունը և հոգևորականությունը։
Ազգի համար ճակատագրական այս նպատակի կենսագործման համար էական նշանակություն ունի բոլոր, բայց հատկապես` պատասխանատու ղեկավարների մարդկային-ազգային, հոգեբարոյական և գաղափարական մակարդակը, ինչպես նաև նրանց ազգային գիտակցությունից բխող վճռականությունը։ Որպեսզի նրանք ի վիճակի լինեն պատշաճ ջանքեր գործադրելու, հատկապես համայն հայության հոգևոր անաղարտության, բարոյական կորովի, գաղափարական վեհության և ազգային առողջ ինքնագիտակցության վերականգման ու ի հարկի վերակերտման խնդրին, մանավանդ նոր սերնդի ազգային տոհմիկ կերպարի և նկարագրի կերտմանը, որպես նախապայման հայության և Հայաստանի ապահով ու արժանավայել ներկայի ու ապագայի։
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ