ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

...ՈՐ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ՉՄՆԱՆ

...ՈՐ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ՉՄՆԱՆ
30.07.2010 | 00:00

ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում ամփոփեց հունիսի 1-ին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևած քննական մարաթոնի արդյունքները։ ԳԹԿ տնօրենը քննությունների ընթացքը համարեց նորմալ և հաջողված, հավելելով, որ թեև միասնական քննությունների հիմնական փուլում որոշակի դժվարություններ գրանցվեցին հայոց լեզվի, հայ գրականության թեստերի հետ կապված, սակայն քննությունների երկրորդ փուլն անցավ առանց ցնցումների, իսկ բանավոր քննությունները, իրոք, հաջողված էին։
Բուհ ընդունվածների անունները կփակցվեն մինչև օգոստոսի 5-ը։ Ընդ որում, հանրապետական ընդունող հանձնաժողովն աշխատում է այնպես անել, որ հնարավորինս քիչ դիմորդներ դուրս մնան մրցույթից. «Մենք, ըստ էության, լուծում ենք օպտիմալ տարբերակի խնդիր, որպեսզի եղած տեղերը լրիվ իրացվեն, և թափուր տեղեր չմնան։ Բնական է՝ սա շատ բարդ խնդիր է։ Որոշ մասնագիտություններ գուցե և չհաջողվի ամբողջությամբ կոմպլեկտավորել»։ ԳԹԿ տնօրենը նշեց նաև, որ թափուր տեղեր առաջանալու դեպքում լրացուցիչ մրցույթի խնդիր առայժմ դրված չէ, մանավանդ որ առջևում հեռակա ուսուցման մրցույթն է։
Այս պահին, բնականաբար, բոլորին հետաքրքրում են անցողիկ միավորները։ Դրանց շեմը համարյա բոլոր մասնագիտությունների գծով ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի։ Մասնավորապես, տնտեսագիտական բլոկում մոտ 5 միավորի տեղաշարժ կլինի։ Օրինակ, բժշկական համալսարանում անցողիկ վերին շեմը կտատանվի 36-37-ի սահմաններում։
Գուրգեն Խաչատրյանը միասնական քննությունների ցածր արդյունքները պայմանավորեց հանրապետության ընդհանուր կրթական մակարդակով։ Անցած ուսումնական տարում ԳԹԿ-ն ընթացիկ գնահատումներ է անցկացրել Երևանում և հանրապետության երկու մարզերում։ Այս տարի նախատեսվում է այդ աշխատանքներն ավելի մեծ ծավալներով կատարել, որպեսզի մշտապես պարզ լինի դպրոցում տիրող վիճակը։ Ընթացիկ ստուգումները ցույց են տվել, որ դպրոցներում կրթական մակարդակն այնքան էլ բարվոք չէ։ ԳԹԿ-ի ստացած արդյունքներն ու աշակերտների կիսամյակային միջին գնահատականները մոտ երկու անգամ տարբերվում են։ Հետաքրքիրն այն է, որ հանրությունն այս հանգամանքը գրեթե անտեսում է, իսկ երբ ընդունելության քննությունների ընթացքում դիմորդների առաջադիմության հետ կապված կոնկրետ փաստեր են ի հայտ գալիս, արձագանքը բավականին սուր է լինում։
Ինչ վերաբերում է թեստերի բարդությանը, ակումբի հյուրը նշեց, որ երբեք մասնագետներին հանձնարարություն չի տրվել կազմելու շատ բարդ թեստեր. «Հակառակը, միշտ խնդիր է դրվել անել այնպես, որ միջին բալը տատանվի 12-13 միավորների սահմանում։ Բայց ստացվեց այն, ինչ ունենք։ Եվ դա խոսում է այն մասին, որ կրթական մակարդակը բարձր չէ։ Հուսանք, որ ավագ դպրոցների ներդրումը կշտկի վիճակը»։
Նա նաև հույս հայտնեց, որ ավագ դպրոցները կնպաստեն կրկնուսույցների դերի նվազմանն ու այդ համակարգի վերացմանը։ Ավագ դպրոցը, ըստ բանախոսի, իրեն լիովին կարդարացնի, եթե այնտեղ դասավանդեն բարձրակարգ մանկավարժներ և ստանան բարձր վարձատրություն։
Անդրադառնալով մարզերի կտրվածքով միջին միավորներին՝ Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ դրանք գրեթե հավասար են։ Օրինակ, «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի ընդհանուր միջին միավորը 11,4 է, Արագածոտնում՝ 10,7, Արարատում՝ 11,4, Արմավիրում՝ 11,2, Գեղարքունիքում՝ 11, Կոտայքում՝ 11,6, Երևանում՝ 12,1, Շիրակում՝ 11,3։ «Մաթեմատիկա» առարկայի ընդհանուր միջին միավորը 10 է, Արագածոտնում՝ 8,7, Արարատում՝ 9,4, Արմավիրում՝ 9,2, Գեղարքունիքում՝ 9,5, Երևանում՝ 11։ Տվյալների վերլուծությունից պարզվում է, որ, ընդհանուր առմամբ, բոլոր առարկաներից ամենաբարձր միջին միավոր ունեցել են Երևանի շրջանավարտները: Սակայն կան մարզեր, որոնց շրջանավարտների միջին ցուցանիշներն ավելի բարձր են Երևանի միջին արդյունքներից (օրինակ, աշխարհագրությունից` Սյունիքի և Կոտայքի մարզերի միջին միավորները): ԳԹԿ տնօրենն անդրադարձավ նաև թեստային համակարգին. «Թեստային համակարգն ունի իր առավելություններն ու թերությունները։ Սակայն թեստը հզոր զենք է և շատ մեծ ճշտությամբ ցույց է տալիս դիմորդի իրական գիտելիքները։ Ի վերջո, թեստային 80 հարցերը մեծ ծավալ են ընդգրկում և բացահայտում են դիմորդի ամբողջական գիտելիքները։ Այլ հարց է, որ այն ունի նաև զարգացման հեռանկարներ»։ Մյուս տարի դպրոցներն ավարտական դասարաններ չեն ունենալու, ինչի հետևանքով բուհեր դիմողների թիվը կտրուկ կնվազի։ Բնականաբար, ընդունվելն ավելի կհեշտանա, սակայն թեստերը բովանդակային առումով շատ չեն տարբերվի։ Որպես կանոն, թեստերը պետք է լինեն այնպիսին, որ դրանց արդյունքները մի քանի տարի էապես չտարբերվեն։
Անդրադառնալով թեստերի արտահոսքի թեմային՝ Գուրգեն Խաչատրյանը հատուկ ընդգծեց, որ խոսքն իններորդ դասարանի թեստերի մասին է։ Առաջին անգամ այդ մասին ԳԹԿ-ն տեղեկացել է մայիսի վերջին և, իր հերթին, փաստի մասին տեղեկացրել ԱԱԾ աշխատակիցներին։ Հարցով այժմ զբաղվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Առայժմ արդյունքներ չկան։ Ըստ ԳԹԿ տնօրենի, բավականին բարդ է որոշել, թե արտահոսքը որ օղակից է եղել։ Ընդ որում, նման դեպք եղել է նաև նախորդ տարիներին։
Ամփոփելով ասուլիսը՝ ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ, այս պահի դրությամբ, մոտ 600 դիմորդ բուհերի ընդունող հանձնաժողովներին չի ներկայացրել ավարտական վկայականները։ Իսկ ատեստատները չներկայացնելու դեպքում նրանք դուրս կմնան մրցույթից և չեն դառնա ուսանող, եթե նույնիսկ քննություններից բարձր միավորներ են հավաքել, ուստի դիմորդներն իրենց ատեստատները բուհերի ընդունող հանձնաժողովներ կարող են ներկայացնել մինչև հուլիսի 30-ը՝ ժամը 16.00։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ