Քնի բժշկությունը համեմատաբար նոր ճյուղ է բժշկագիտության մեջ։ Քնի խանգարումներով մասնագետներն զբաղվել են երկար տարիներ, սակայն, որպես բժշկագիտության առանձին ճյուղ, այն ձևավորվել է 1970-ականներին, երբ համախմբվելով` մասնագետները որոշեցին հետազոտել տարբեր բնույթի քնի խանգարումները։ Միացյալ Նահանգներում այս ճյուղը կոչվում է քնի բժշկություն, Եվրոպայում ավելի ընդունված է սոմնոլոգիա (քնաբանություն) տերմինը։ Հայաստանում «քնի բժշկություն» ասելիս հաճախ հասկանում են բժշկություն քնի միջոցով, սակայն այն գիտություն է քնի խանգարումների ախտորոշման և բուժման մասին։
Այս թեմայի շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան, քնի խանգարումների մասնագետ ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Ըստ նրա` քնի խանգարումները բավականին տարածված են և բնույթով՝ շատ տարբեր։ Դա է պատճառը, որ այս դաշտում աշխատում են տարբեր մասնագետներ՝ հիմնականում նյարդաբաններ, հոգեբույժներ, հոգեբաններ, քանի որ գործ ունենք մարդու կենտրոնական նյարդային համակարգի հետ։ Քնի խանգարումներից են 11 տեսակի դասակարգվող անքնությունները (իմսոմնիաները), քնի շնչառական խանգարումները, որոնցից ամենաթեթև տարբերակը խռմփոցն է, ավելի ծանրը՝ շնչարգելությունը (ապնոե)։ Կան նաև վարքային և շարժողական քնի խանգարումներ (պարասոմնիաներ), որոնցից է, օրինակ, լուսնոտությունը։ Քնի խանգարումների մի մեծ խումբ էլ քնի «ժամացույցի» խախտումն է` ցիրկադիան խախտումները, երբ հիվանդները գանգատվում են ժամերի փոփոխություններից։ Դրանք կարող են լինել բնածին կամ ձեռքբերովի` ի պատասխան քնի ժամերի կամ ժամային գոտիների խախտման։ Կան մարդիկ, որոնք շատ ուշ քնում են և ուշ էլ արթնանում։ Հաճախ նրանք խնդիրներ են ունենում այն հաստատություններում, ուր հաճախում կամ աշխատում են։ Կան նաև վաղ քնող և արթնացող մարդիկ։ Եթե մարդը չլիներ սոցիումի անդամ, դրանք այնքան էլ լուրջ խնդիրներ չէին դիտվի, բայց եթե պետք է հարմարվել ընդունված ժամերին, ապա դա դառնում է պրոբլեմ, որը պետք է շտկվի։
Առանձնացվում է նաև քնի խանգարման մեկ այլ տեսակ՝ անհանգիստ ոտքերի համախտանիշը, որը խանգարում է քնին անցումը՝ քնի ընթացքում արտահայտվելով ոտքերի պարբերական շարժումներով։ Հայաստանում անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ 18-ից բարձր տարիքային խմբերում մարդկանց մոտ 8 տոկոսը տառապում է անհանգիստ ոտքերի համախտանիշով։
Քնի խանգարման մեկ այլ խումբ էլ հիպերսոմնիան է՝ քնկոտությունը։ Այն կարող է լինել, օրինակ, քնի ապնոեի, այլ քնի ընթացքը խախտող պաթոլոգիայի ախտանիշ կամ էլ հիվանդություն, որը կոչվում է նարկոլեպսիա (բառացիորեն՝ հակում դեպի քունը): Հիվանդները կարող են անհամապատասխան վայրերում հանկարծակի կամ շատ արագ քնել: Անկանխատեսելի քնկոտության հայտնի հետևանքներից են չեռնոբիլյան աղետը, ավտո, ավիա և արդյունաբերական վթարները:
Քնի բժշկության մեջ լուրջ առաջընթաց կա բուժման և ախտորոշման հարցերում։ Սամսոն Խաչատրյանի խորհուրդն է` եթե կա քնի խանգարում, ցանկալի է վաղ շրջանում այն կարգավորել։ Ցավոք, բնակչությունը, ուշադրություն չդարձնելով այդ շեղումներին, դրանք դարձնում է քրոնիկական, որի դեպքում դրա դեմ պայքարելն ավելի դժվար է։
Քնի բժշկության ամենազարգացած ինստիտուտը Միացյալ Նահանգներում է։ Հայաստանում խնդիրը բարձրացվել է 2004-2005 թվականներին, սակայն քնի խանգարումները նյարդաբանության ասպարեզում հետազոտվել են շատ ավելի վաղ շրջանից` էպլեպտոլոգիայի զարգացմանը զուգընթաց։
Քնի դերն ու նպատակն անհայտ են։ Մինչ օրս հնարավոր չի եղել ապացուցել, թե որն է քնի նշանակությունը։ Տեսականորեն հարցը դիտարկելիս կարելի է ասել՝ քունը նպաստում է օրգանիզմի որոշ ֆունկցիաների վերականգնմանը, լինի դա ֆիզիկական հոգնածություն, թե մտավոր գործունեություն։ Այն շատ մեծ դեր է կատարում հիշողության առումով։ Քունն ունի տարբեր փուլեր, որոնք ենթադրաբար պատասխանատու են տարբեր ֆունկցիաների վերականգնման համար։ Կան քնի ժամային օպտիմալ ինտերվալներ։ Բնակչության մեծամասնությունը քնում է ժամը 22-1-ի հատվածում և արթնանում՝ 6-9-ի սահմաններում։ Միացյալ Նահանգներում, հետազոտելով բնակչության մի ստվար զանգվածի, պարզվել է, որ թե՛ կարճ, թե՛ շատ երկար քնողների մեջ հիվանդացությունն ու մահացությունն ավելի բարձր տոկոսներ են կազմում։ Այսինքն, եթե 5 ժամից պակաս և 8 ժամից ավելի է տևում քունը, ապա այն գրեթե հավասարազոր վտանգ է ներկայացնում օրգանիզմի համար։ Քանի որ առողջության առումով քունը մեր ամենամեծ գանձերից մեկն է, ցանկալի է արհեստականորեն այն չկրճատել և հետևել քնի հիգիենային։ Ցավոք, Հայաստանում քնի հիգիենա հասկացությունը նոր-նոր է արմատավորվում։ Քնի հիգիենան կարելի է համարել մի կանոնակարգ, որի նպատակը խորհուրդների, վարքային փոփոխությունների միջոցով քունը նորմալ, կայուն վիճակում պահելն է։ Պետք է խուսափել նաև որոշակի գործոններից. օրինակ, կոֆեին պարունակող ըմպելիքներից, որոնք հաճախ չարաշահվում են ու կարող են դառնալ անքնության պատճառ։ ՈՒշ ժամին ուտելը նույնպես չի նպաստում լիարժեք հանգստին։ Նույնը կարելի է ասել ուշ ժամերին ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին։ Այսինքն, քնի ժամերին մոտ պետք է աշխատել շատ չծանրաբեռնել օրգանիզմը։
Անքնությունը կարելի է բաժանել երկու տեսակի՝ սուր և քրոնիկ։ Բնակչության մոտ 15 տոկոսը տառապում է քրոնիկ անքնությամբ։ Եթե մարդիկ ամսվա 15 և ավելի օրեր երեք ամսվա ընթացքում ունենում են քնի հետ կապված խնդիրներ, նշանակում է՝ նրանց մոտ քրոնիկ անքնություն է։ Ընդ որում, եթե անուշադրության են մատնում սուր անքնությունը և դիմում են ինքնաբուժության, ապա այն կարող է վերածվել քրոնիկականի։
Այստեղ կարևոր է նաև բժիշկների մոտեցումը։ Քանի որ քնի խանգարումների մասին պատկերացումները մեր բժշկական դաշտում այնքան էլ ամբողջական չեն, բժիշկները գանգատների ընդհանուր համապատկերում հաճախ մեծ տեղ չեն տալիս այդ խնդիրներին։ Ավելին, հիվանդներն իրենք հաճախ մոռանում են ներկայացնել քնի գանգատները: Շտկելով քնի հիգիենան՝ կարելի է հասնել դրական արդյունքի, նույնիսկ առանց դեղորայքային բուժման։ Եթե նույնիսկ կարիք կա դեղորայքի, դրանից վախենալ պետք չէ, բայց դեղորայքային բուժումը պետք է նշանակվի տեղին։ Հաճախ հիվանդները խուսափում են դեղատոմսով դուրս գրվող դեղերից, սակայն թերի ուժ ունեցող դեղամիջոցի օգտագործումը կարող է նպաստել քրոնիզացիային, իսկ լիարժեք ուժի դեղորայքը կարող է շատ լավ արդյունք տալ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ