Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մի ամբողջ կինոհասարկություն են քաշում իրենց գավառականության հատակը

Մի ամբողջ կինոհասարկություն են քաշում իրենց գավառականության հատակը
27.06.2024 | 16:45

Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին,

- ով 2017թ-ից ներքաշված է սեռական ոտնձգությունների հիմքով դատերի մեջ,

- ով անցնում է նկարահանման խմբերի տասնյակ անդամների, այդ թվում անչափահասների հանդեպ սեռական բռնությունների գործերով,

- ում մասնակցությամբ սերիալներն ու ֆիլմերը հանվել են արտադրությունից,

- ում շնորհիվ ամերիկյան կինոինդուստրիան հարյուրավոր միլիոնների վնասներ է կրել,

- ում առջև փակ է մուտքը ամերիկյան նկարահանման հրապարակներ,

- ումից պարտքերի պատճառով բռնագրավել են իր տունը,

- ով վերջին 7 տարում նկարահանվելու ընդամենը 3 առաջարկ է ստացել, որոնցից 1-ը տապալվել է, 2-րդում երևացել է 1 րոպե, իսկ 3-րդում միայն ձայնագրվել է,

- ով սկանդալներից հետո պաշտոնապես հրավիրվել է միայն մեկ կինոփառատոնի կողմից ու դա եղել է Տաշքենդի փառատոնը՝ ՈՒզբեկստան, ահա այս Սփեյսին պատվավոր հյուրի կարգավիճակով գալու է Երևան (Սնուփ Դոգի ականջը կանչի)։

Անբովանդակ մեր կինոկրկեսին ես վաղուց չեմ հետևում։

Մարդիկ հետ են մնացել համաշխարհային կինոյի ընթացքից, չեն հասկանում՝ ինչ է կատարվում կինոյում, գուցե երբևէ չեն էլ հասկացել։

Ի վերջո, այդ մարդկանց անձնական աճը իրենց խնդիրն է։

Մեր խնդիրն այն է, որ նրանք մի ամբողջ կինոհասարկություն են քաշում իրենց գավառականության հատակը։

Բացատրեմ ինչու։

Օսկարակիր Քևին Սփեյսին յոթ տարի դատերի մեջ է, իսկ Հարվի Վայնշթեյնը ընդհանրապես բանտում, որովհետև ժամանակակից կինոինդուստրիան որոշել է, որ կինոյում կանոնները փոխվել են։

Կինոն պատասխանատու է դարձել, ու 21-րդ դարում ինդուստրիան մաքրվում է խտրականության ախտից։

Օսկարակիր դերասանն այլևս չպետք է սիրտը ուզած պահին ձեռքը տանի անչափահաս տղաների ամորձիներին։

Պրոդյուսերն էլ չպետք է դերասանուհուն ստիպի կքանստել իր դեմ՝ դեր ստանալու համար։

Միայն փոխադարձ ցանկությամբ։

Վերջ։

Ոմանք սրա մեջ փարիսեցիություն են տեսնում, ոմանք կրկնակի ստանդարտներ, ոմանք, նաև ես, իսկապես հավատում են, որ այդպես կինոն դառնում է ավելի լավը։

Փաստն այն է, որ համաշխարհային կինոինդուստրիան քայլ առ քայլ համոզում է բոլորին՝ ոչ ռասիզմին, ոչ սեքսիզմին, ոչ խտրականությանը․․․ ով ուզում ես եղիր։

Հակառակը պնդողների համար մեծ ինդուստրիան փակ է, բաց են միայն Տաշքենդի ու Երևանի կինոփառատոները։

Ես այստեղ ոչ բարոյախրատական տեքստ եմ գրում, ոչ ատելություն եմ սերմանում հայ կինոն թաղած խմբակի դեմ։

Մի կերպ կարող եմ հասկանալ, որ կազմակերպիչների մեջ մի մարդ չկա, ում հասու են կինոյի ժամանակակից տենդենցները։

Բայց ես կտրուկ չեմ հասկանում, երբ սեփական կինոն չունեցող երկիրը բարդույթավոր խակ պատանու նման ցփնեում է պարտքով վերցրած փողերը մարգինալ խրախճանքների վրա՝ փորձելով հասուն երևալ։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ