ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նորացած հին ցավերի մեջ ենք

Նորացած հին ցավերի մեջ ենք
17.07.2023 | 11:02

Ստեփանակերտում բնակվող տեղացի ծանոթ կնոջ հետ էի խոսում, հարցեր էր, որ տեղում էի, պատասխանները՝ մեկը մյուսից տխուր:

Զորքում ավագ խոհարար է, ամենաշատը ցնցեց, երբ ասաց՝ մթերքը հազիվ ձգում ենք, որ զորքին կերակրենք....

Երկար ժամանակ լռել էի, չէի կարղանում խոսել:

Կուզեի հարցնել՝ գոնե զորքին կարողանու՞մ եք անհրաժեշտը քիչ-միչ հասցնել, ի՞նչ են ուտում:

Բա որ հանկարծ ասեր՝ շատ քիչ, կամ՝ սոված են մնու՞մ... Ավելի լավ է չլսեմ:

Համ էլ հիշեցի, որ շատ մոտ ենք, թշնամին հանկարծ չլսի, որ զորքը սոված է, չուրախանա, հետևություն չանի:

90-ականներին, երբ ռացիայով կապվում էինք Արցախում կռվող մեր ջոկատների հետ, արանքում թշնամու գծերն էլ էին խառնվում, նստած էին մեր գծերի վրա, կոդերով ու հատուկ տերմիններով էինք խոսում, որ չհասկանան, չջոկեն՝ ով է խոսում, ինչ տարածքից:

Զորք բառն իսկ սրբություն է, անունն անգամ տալը՝ ծայրահեղ զգույշ, բայց չես կարող չմտածել՝ ջահել տղերք, աճող օրգանիզմ. չկերակրես՝ վաղը թշնամու բանակին ես կերակրելու:

Ժողովուրդը գիտի, դիմանում է, զրկում է իրեն:

Մարդիկ կան՝ տներում մի գդալ շաքարավազ էլ չունեն, ասում է՝ էն երկու մեռած երեխու մերը գնացել էր շաքարավազի հետևից...

Ցավն ու զայրույթը նոր ալիքով են խփում... Հիշեցի 93-ի հունվարը. շաքարավազ չկար ոչ միայն տանը, նաև՝ խանութներում, ավելին՝ տալոնով էլ չէին տալիս և՝ ոչ մի տեսակի մթերք, միայն՝ չոր հաց:

Ես էլ՝ ծանր, առանց նարկոզ վիրահատություն տարած, գոնե առավոտյան մի բաժակ քաղցր թեյ խմելը պարտադիր էր, որ կարողանայի ոտքի վրա մնալ, ոտքով ամեն օր մերոնց օգնությամբ գնալ վիրակապման. ոչ տաքսի կար, ոչ մեքենա, ոչ էլ բենզին:

Ամեն ինչ՝ ջոկատներին, բանակին էր ուղղված, դիմանում էինք: Հիմնարկի ավտոներն էլ էին տանում, կամ մեր կամքով էինք տալիս:

Իսկ քաղաքն ու գյուղերն էլ՝ գրեթե ամենօրյա հրետակոծումների տակ, ամեն օր՝ խաղաղ զոհեր, փլվող֊, վառվող տներ, խեղվող ճակատագրեր:

Ինչ օրեր քաշեցինք, ու մեր ողջ տառապանքը գետը լցվեց ու դեռ շարունակում է լցվել, վերջն էլ չի երևում:

Չգնահատեցինք ոչ արյամբ ձեռք բերվածը, ոչ էլ՝ մեր քաշած սև օրերն ու տարիները:

Մեր յեղն ու բրինձը տան կողքով քայլող պատահական բարեկենդանի շալակը տվեցինք, թե՝ տար, քեզ ղուրբան, մեզ փրկիր յեղից էլ, բրնձից էլ, յեղ ու բրինձ բերողի՛ց էլ:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ