Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Իրանի ապագա նախագա՞հ

Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Իրանի ապագա նախագա՞հ
25.01.2021 | 12:17

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նորից ուշադրությունը բևեռեց իր վրա: Իրանի Etemad-ը հրապարակեց նրա ինտրիգային հայտարարությունը, որ «Թեհրանը կարող էր համագործակցել ԱՄՆ-ի հետ Պարսից ծոցում անվտանգության և նավթի վաճառքի հարցերում»:

Ինտրիգը՝ հայտարարությունը չի ընկալվում իբրև Թեհրանի նոր նախաձեռնություն՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր երկխոսության վերաբերյալ, նախարարի արձագանքն է Արևմուտքի՝ բանակցությունները շարունակելու առաջարկին: Հիմքեր կան ենթադրելու, որ դեռ մինչև պաշտոնակալությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազդանշաններ է ուղարկել Թեհրանին, երբ Դոնալդ Թրամփը իշխանափոխությունից 5 օր առաջ նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, որը պետք է դժվարացնի նոր վարչակազմի՝ Թեհրանի հետ երկխոսություն սկսելու հնարավորությունները: Կա և այլ վարկած: Մինչև Իրանի հարցում Վաշինգտոնի հրապարակային դիրքորոշման բարձրաձայնումը միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ԻԻՀ երկխոսության վերականգնման միջնորդի դերում եղել է ԵՄ անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի չտարածման և դիվանագիտական առևտրի բաժնի վարիչ Մարկ Ֆինոն: Հավանաբար՝ նա է փոխանցել առաջարկությունները Թեհրանին: Առաջարկվում են հետագա գործողությունների մի քանի սցենարներ: Առաջինը՝ Բայդենը, ինչպես ԱՄՆ-ը վերադարձրեց ԱՀԿ և Կլիմայի Փարիզի համաձայնագիր, ստորագրում է միջուկային համաձայնագրին վերադարձի հրամանագիր, որից հետո բացվում են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու և 5+1 ձևաչափով Իրանի հետ երկխոսության հնարավորություններ, որ թույլ կտա առավել բարենպաստ պայմաններում լուծել տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ անվտանգության ապահովումը Պարսից ծոցում: Երկրորդ սցենարը՝ միջուկային համաձայնագրին վերադառնալը պայմանավորվում են նոր պայմաններով, որ կընդգրկեն Թեհրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային քաղաքականությունը: Բայց այդ սցենարը պահանջում է ժամանակ և դիվանագիտական շատ լուրջ ջանքեր, իսկ Արևմուտքը պետք է շտապի: Ինչու՞: Հունիսին Իրանում նախագահական ընտրություններ են, եթե մինչ այդ Վաշինգտոնն ու Թեհրանը չկարողանան պայմանավորվել, նախագահի պաշտոնը կարող են ստանալ պահպանողականները, որ դեմ են Արևմուտքի հետ հարաբերությունների հաստատմանը:


Այսքանը՝ Զարիֆի հայտարարության առաջին մասի վերաբերյալ, իսկ երկրորդ մասում նա ճշտում է, որ «արտահայտում է միայն իր անձնական կարծիքը», որ վկայում է Իրանի իշխանության վերին էշելոններում քաղաքական պայքարի սրվելը: Զարիֆը կարծես թե ցույց է տալիս Բայդենին այն ուղենիշը, որով պիտի կողմնորոշվի նրա վարչակազմը, եթե մտադիր է վերադառնալ միջուկային համաձայնագրին:


Այդ համաձայնագիրը նախապատրաստվել ու իրականացվել է, երբ նա Սպիտակ տանն էր՝ իբրև փոխնախագահ, իսկ հիմա կարող է Իրանի հետ մերձեցման նոր հնարավորություններ նշանակել: Այդ իմաստով միջուկային համաձայնագիրը կարևոր հիմնակետ է՝ ԱՄՆ քաղաքականությունը կառուցե;ու ամբողջ Մերձավոր Արևելքում: Եթե վերադառնանք Զարիֆին, նրա շուրջ ինտրիգը կառուցվում է նախևառաջ Արևելքում: Le Figaro-ն ենթադրում է, որ Իրանի նախագահական ընտրություններում «չափավորական Հասան Ռուհանիին հակադրվում է նոր լիբերալ-չափավորական առաջնորդ Զարիֆը» և կոչ է անում Սպիտակ տանը այդ դասավորությանը վերաբերվել անհրաժեշտ լրջությամբ ու չձգձգել երկխոսությունն Իրանի հետ: Մոսկվան նույնպես ինչ-որ քայլեր է նախապատրաստում այդ ուղղությամբ, ձգտելով ստանալ Վաշինգտոնի վրա ճնշման նոր լծակներ, մեծացնելով Իրանի դիվանագիտական աջակցությունը: Իրադարձությունների հետագա ընթացքը հիմնականում կախված է նրանից, թե Թեհրանը ինչպես կխաղարկի ամերիկյան խաղաքարտը և որքան է պատրաստ մերձենալ Ռուսաստանի հետ: Բայդենի կարծիքով՝ իրադարձությունները ցույց են տվել, որ հանրապետականների քաղաքականությունը Իրանում ձախողվեց: Տեսնենք ինչ կստացվի դեմոկրատների մոտ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրանի ԱԳ նախարարը, կորոնավիրուսի տեստի պատասխանին էր սպասում, որից հետո նախատեսել էր Հարավկովկասյան վոյաժ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա երթուղով: Նախնական տեղեկություններով՝ Զարիֆը պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, բայց այդ դեպքում զարմանալի է, որ նա չի գնում Մոսկվա: Ամենայն հավանականությամբ՝ Իրանը փորձում է շարունակել կոնֆլիկտները տարածաշրջանում լուծելու իր առաջարկը, որ ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին ներկայացրել էր պատերազմի օրերին, և որը հավանություն ստացավ միայն Բաքվում ու Անկարայում, բայց չգործեց՝ պատերազմը շարունակվեց, որի հետևանքները անցանկալի էին նաև Թեհրանի համար՝ թուրքական ազդեցությունը ամրապնդվեց Իրանի հյուսիսային սահմանին: Հետագա պայմանավորվածություններում չկային ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, այնպես էլ՝ Թուրքիան ու Իրանը: Պատերազմի ավարտից հետո Իրանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը հյուսիսային սահմանին: Թուրքիայի հայտնությունը Իրանի սահմանին, թերևս, Թեհրանում համարում են ՆԱՏՕ-ի ներկայություն: Բայց դա Թեհրանին չխանգարեց Թուրքիայի հետ էներգետիկ ու տրանսպորտային համագործակցության համաձայնագրեր կնքել, որ Թուրքիային՝ սահմանին իբրև թշնամի չունենալու ցանկությունից է բխում: Փաստը, որ Անկարան ինքն իրեն ներկայացնում է տարածաշրջանային ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ու մուսուլմանական աշխարհի առաջնորդ, բնավ չի բխում Թեհրանի շահերից: Եթե պատերազմի ընթացքում Թեհրանը փորձեց պահպանել չեզոքություն ու դարձավ պարտված կողմ՝ հաշվի առնելով Թուրքիայի դերի մեծացումը տարածաշրջանում, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հիմա: Տարբերակները երկուսն են՝ համագործակցությունը մեծացնել հաղթող կողմերի հետ, կամ՝ Հայաստանի: Հազիվ թե Զարիֆը փորձի համախմբել մյուս երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին՝ ընդդեմ Թուրքիայի, հաշվի առնելով նաև Անկարա-Մոսկվա ռազմատնտեսական համագործակցության ընդլայնումը պատերազմից հետո: Տարածաշրջանային համագործակցության գործընկերների որոշարկումը կարևոր քայլ է Իրանի ԱԳ նախարարի համար, եթե նախագահի թեկնածու է լինելու ընտրություններում, ուստի նրա այս այցը հատկապես կարևոր նշանակություն է ստանում թե Թեհրանի, թե հարավկովկասյան մայրաքաղաքների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ