Հանրային տրամադրություններում այսօր բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծված. միայն ալարկոտն է, որ չի քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած իշխանությանը, սակայն միաժամանակ միայն ալարկոտը չի քննադատում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությանը։ Երկկողմ քննադատության այս իրավիճակն ընդհանուր պարիտետ է ձևավորել։ Ստեղծված իրավիճակը հետաքրքրական է նաև այն առումով, որ հանրային դիսկուրսում գոյություն ունեցող ուժերի պարիտետը իշխանության լծակների տիրապետման առումով արտացոլում է նաև ուժերի հարաբերակցությունը։
Երկրում անիշխանությունն ունի երկու հավասարազոր կողմ. իշխանությունը չի կարողանում որոշում կայացնել, չի էլ կարողանում որևէ որոշում իրականացնել, եթե այն, այնուամենայնիվ, կայացնում է։ Դրա վառ ապացույցն այն է, որ արդեն ավելի քան մեկ ամիս է անցել այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայցեց ժողովրդի թույլտվությունը՝ վեց ամիս պաշտոնավարելու և իր ներկայացրած ճանապարհային քարտեզը կյանքի կոչելու համար‚ սակայն նրա ճանապարհային քարտեզից ոչ մի կետ այս ընթացքում կյանքի չի կոչվել։ Եթե նույնիսկ ինչ-ինչ որոշումներ կառավարության նիստերում փակ կամ բաց քննարկումների տեսքով ընդունվում են, միևնույն է, դրանք չեն իրականացվում, քանի որ կատարող օղակն այժմ ամբողջովին կաթվածահար վիճակում է և առանձնապես չի էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ որոշումներն իրականացնել, ու սպասում է որոշակիության։
Այսինքն՝ մի կողմում իշխանությունն է, որտեղ չունեն կամք, գիտելիքներ՝ իրավիճակը կառավարելու համար։ Ընդ որում‚ ասվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, ինչը որոշ վերլուծաբանների հիմք է տալիս ասելու, որ Հայաստանում ստեղծվել է ոչ թե քաղաքական ճգնաժամ, այլ տնտեսական, անվտանգային, սոցիալական, բարոյահոգեբանական, մի խոսքով՝ համակարգային ճգնաժամ։
Սակայն մյուս կողմից էլ կարելի է ենթադրել, որ եթե մեկը չի տիրապետում իշխանական լծակներին, ապա այդ լծակներին պետք է որ տիրապետի մեկ այլ կողմ։ Ըստ էության, դա պետք է որ լինի ընդդիմությունը, որը ստիպում է հասարակությանը կատարել իր որոշումները։ Սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանում դա էլ առանձնապես գոյություն չունի կամ էլ գոյություն ունի մասնակիորեն։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել մի անհերքելի փաստ՝ կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, իսկ դեյուրե իշխանությունը չի կարողանում դեֆակտո իրականացնել, սակայն ընդդիմությունը նույնպես չի տիրապետում իշխանությանը։ Այդ իսկ պատճառով Հայաստանում հետպատերազմական շրջանում ամենավտանգավոր իրավիճակներից մեկն է ստեղծվել՝ անիշխանություն։ Կաթվածահար են թե՛ պետական համակարգը, թե՛ հասարակությունը։ ՈՒ սա արդեն տևում է մոտ երեք ամիս։
Ընդդիմությունն առանձնապես չի թաքցնում, որ հաշվի առնելով հասարակության որոշակի ապատիան, այնուամենայնիվ, հույսը դնում է հարցը սահմանադրական ճանապարհով լուծելու վրա։ Եվ այդ սահմանադրական ճանապարհը, ըստ ընդդիմության, ունի լուծման մի քանի տարբերակ՝ վարչապետի ինքնակամ հրաժարական, խորհրդարանական մեծամասնության միջոցով վարչապետի փոփոխություն և այլն։ Բոլոր այս չորս տարբերակներն էլ՝ ենթադրվում է, որ պետք է կյանքի կոչվեն հասարակության ճնշման պայմաններում։ Սակայն փաստ է, որ եթե հրապարակում կրիտիկական զանգված չի հավաքվում, ճնշում գործադրելն այնքան էլ իրատեսական չէ։ Որոշ վերլուծական կենտրոններ նկատում են, որ ընդդիմության մոտ կան որոշակի տեխնոլոգիական խաթարումներ։ Բանն այն է, որ ընդդիմության հիմնական թիրախներից մեկը նիկոլական զանգվածն է, որը իշխանության կողմից անվանվում է ժողովուրդ, իսկ ընդդիմության բառապաշարում այդ հատվածը բնութագրվում է «ժեխ» բազմանշանակ եզրույթով։ Տարօրինակն այն է, որ այդ հատվածը հնարավոր բոլոր բացասական մակդիրներով անվանարկում են, սակայն հանրահավաքային հռետորաբանության մեջ բավականին մեծ հատված հատկացվում է հենց այդ ժեխի հետ շփվելուն, ժեխին համոզելուն, ժեխի մեջ երկրի, հայրենիքի վերաբերյալ զգացմունքներ արթնացնելու փորձերին։ Ընդ որում‚ հարթակից հնչող ցանկացած ելույթում հատուկ թիրախավորված է այդ ժեխը, և հետաքրքիրն այն է, որ այդ ժեխի հետ սկսում են խոսել բարձր մատերիաների մասին‚ ու ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ էլիտար լեզվով։ Բնականաբար‚ այդ մարտավարությունը լուրջ հեռանկար չունի, քանի որ լեզուն, որով նրանց հետ խոսում են, ու գաղափարները, որ ցանկանում են նրանց մեջ արթնացնել, այդ կատեգորիային հասկանալի չէ։ Այդ զանգվածին ավելի հասու են Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, նրա լեզվամտածողությունն ու մենթալիտետը։ Այսինքն՝ այս առումով կարող ենք ասել՝ միակ բանը, որ շարունակում է վարչապետի մոտ շատ լավ ստացվել նաև կապիտուլյացիան ստորագրելուց հետո, ժեխի հետ շփվելն է։ Ժեխ կոչվածը քաղաքագիտական գրականության մեջ սովորաբար անվանում են լյումպեն։ Վերջինիս հետ բարձր մատերիաներից, քաղաքակրթական այլ հարթության մեջ խոսելը, բնական է, անարդյունավետ է։ ՈՒ այս առումով‚ որոշ փորձագետների կարծիքով‚ ընդհանրապես անիմաստ է փորձել Փաշինյանի հենարանին պոկել իր կուռքից ու քո կողմ ձգել։ Եթե անգամ համարենք, որ ըստ սոցհարցումների, այդ զանգվածը մոտ 30 տոկոս է, ապա հանրության ավելի քան 50 տոկոսը դուրս է իշխանության տիրապետումից։ Եթե անգամ այդ հատվածում ընդդիմության կողմնակիցը չեն, սակայն արժանի այլընտրանք տեսնելիս կարող են զորակցել ընդդիմությանը, որպեսզի իրենց համար անընդունելի լյումպենի առաջնորդին մաքրեն ասպարեզից։ Այս պայմաններում պետք է փորձել ակտիվացնել սեփական զանգվածներին և գտնել այն կետերը, մոտիվները, որոնցով կարելի է արթնացնել։ Եվ եթե հնարավոր լինի ընդդիմադիր թիմի կողմնակիցների գոնե տասը տոկոսը բերել հրապարակ, ապա այն կծածկվի հարյուրհազարավոր մարդկանցով, որոնք կարող են ապահովել իշխանափոխության ֆոնը։ Ինչու՞ ֆոնը, քանի որ որոշ դիտորդների կարծիքով, այս անգամ իշխանության հետ կապված շատ հարցեր լուծվում են բարձր առանձնասենյակներում՝ աղմուկից հեռու, որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, նաև աշխարհաքաղաքական կենտրոնների թույլտվությամբ։ ՈՒ զանգվածների տեղաշարժերն ապահովում են ընդամենը ընդհանուր ֆոնը, որի ներքո պետք է կայացվի իշխանափոխության քաղաքական և աշխարհաքաղաքական որոշումը։
Այնպես որ՝ ընդդիմությունը չպետք է շատ ժամանակ կորցնի մի զանգվածի հետ երկխոսության համար, որը երբեք իրենը չի լինելու։ Այդ հատվածը երբեք չի հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, ընդդիմությունն ու ժեխ կոչվածը խոսում են միանգամայն տարբեր լեզուներով։ Դրա փոխարեն պետք է ջանքեր գործադրել սեփական զանգվածին արթնացնելու ուղղությամբ։ Վերջինիս արթնացնելու համար նույնպես միայն բարձր մատերիաների մասին խոսելը բավական չէ, պետք է հաշվի առնել, որ այդ զանգվածը գուցե էլիտա չէ, սակայն հայրենիքը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսությունը վերջինիս համար թանկ կատեգորիաներ են։ Հասարակության այս հատվածն իրեն պասիվ է պահում այն դեպքում, երբ հասկանում է, որ իր մասնակցությունից առանձնապես ոչինչ կախված չէ։ Հանրության այդ հատվածը գործողությունների մոտիվացիա չունի։ Եթե ընդդիմությունը կարողանա այնպիսի էներգետիկա հաղորդել գործողություններին, որով իր պոտենցիալ հետևորդին կարողանա հավաստիացնել, որ վճռական պահը եկել է, և մասնակցությունը պարտադիր է, ապա մարդիկ դուրս կգան հրապարակ։ Սակայն երբ ընդամենը մի քանի ժամանոց հանրահավաք է տեղի ունենալու, որին նա կարող է հետևել ինտերնետ ռեսուրսներով, իրեն նեղություն չի տա և դուրս չի գա փողոց, սակայն երբ վստահ լինի, որ վճռական գործողությունների ընթացքում իր մասնակցությունը շատ հարցեր կարող է լուծել, մարդկանց քանակը հրապարակներում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել։ 1988 թվականից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը երկարատև պայքարի պատրաստ չէ, շատ շուտ հոգնում է, մենք նախընտրում ենք կարճատև ակցիաներ՝ արագ ստացվող արդյունքով։ Եվ եթե հնարավոր լինի զանգվածներին անհրաժեշտ էներգետիկան փոխանցել ու վստահեցնել, որ արագ արդյունք կգրանցվի, մարդիկ կկանգնեն ընդդիմության կողքին։
Իսկ էներգետիկա փոխանցելու համար պետք է ապահովվի որոշակի շոու, հաղորդվի որոշակի կրեատիվություն, ինչի պակասը զգացվում է։ Երբ հայտարարվեց գործադուլի մասին, էմոցիոնալ ֆոն հաղորդվեց. մարդիկ արձագանքեցին, եկան հավաքվեցին, սպասում էին բանկետի շարունակության, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Այդ իսկ պատճառով հաջորդ օրը էապես պակասեց մարդկանց թիվը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ իսկապես ցուրտ էր, ձյուն էր տեղում, այլև այն պատճառով, որ լուրջ գործողություններ ենթագիտակցության մեջ չէին սպասում։ ՈՒ քանի որ ներքևից ճնշումը կա ընդդիմության վրա, ընդդիմությունն անընդհատ փորձում է ինչ-որ բան անել՝ ակտիվ պահելու սեփական զանգվածին։ Մարդիկ ցանկանում են լսել ոչ թե հերթական ճառերը Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին, այլ կոնկրետ գործողությունների պլան՝ վարչապետին իր պաշտոնից հանելու համար։
Նկատենք, որ ընդդիմությունը վերջին շրջանում որոշակիորեն արմատականացնում է իր գործողությունները։ Ընդդիմության ճնշման տակ սկսում են քանդվել նաև պետական համակարգի կառույցները։ ՈՒշագրավ է, որ սկսել են համակարգից դուրս գալ նաև ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնց վրա դրվում է ուժային օպերացիաների իրականացման պատասխանատվությունը։
Սակայն նկատենք, որ եթե անգամ ընդդիմությունը ոչինչ չանի, Նիկոլ Փաշինյանը բավական է, որպեսզի գրգռի հասարակությանը, մանավանդ իրեն հակադրվող զանգվածին։ Մասնավորապես, այլ կերպ, քան սադրանք, հնարավոր չէ կոչել Եռաբլուրի գրավումն ու Սյունիք մուտք գործելու փորձը։ Երկուսն էլ վարչապետի լուրջ ձախողումներն էին։ Եռաբլուր այցը կազմակերպվեց՝ ցույց տալու համար, որ ինքը կողմնակիցներ ունի, և հսկայական ռեսուրսներ ծախսվեցին 15-20 հազար մարդ հավաքելու համար, որից մոտ 5000-ը ուժայիններն էին։ Այս երթը կատարյալ խայտառակություն էր, վարչապետը առերեսվեց իր նկատմամբ հանրության իրական վերաբերմունքին ու էլ ավելի գրգռեց ատելությունն իր ու իր իշխանության նկատմամբ։ Սակայն Փաշինյանի ռեսուրսները չբավականացրին Սյունիք մտնելու համար։ Այստեղ նա հասկացավ, կամ էլ նրան զեկուցեցին, որ այնպիսի դիմադրություն է կազմակերպված, որ առանց հատուկ տեխնիկայի դժվար է մտնել մարզ։ Ամենայն հավանականությամբ այն օպերատիվ ինֆորմացիան, որ ստացավ Փաշինյանը Սյունիքում, նրան ակնհայտորեն վախեցրեց, հակառակ դեպքում նա նահանջողն ու վերադարձողը չէր։ Այսպիսով՝ փաշինյանական այս երկու չհաջողված քայլերն էլ օգնեցին ընդդիմությանը թեման տաք պահելու։ Երկու վայրում էլ նա իմիջային, վարկանիշային լուրջ կորուստներ կրեց, միայն հոգևորականի վարքագիծը ռեպուտացիոն, բարոյահոգեբանական, քաղաքական հսկայական հարված էր Փաշինյանին,
Ստեղծված պարիտետը արձանագրում է այս պահին ուժերի հարաբերակցությունը։ Իրավիճակն այս պահին կարող ենք բնորոշել ոչ թե որպես երկիշխանություն, այլ անիշխանություն։ Եվ իշխանությունը, և ընդդիմությունը այսօր շատ քիչ բան են կառավարում, ինչը թերևս ավելի վատ է, քան երկիշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի մեծաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այդ թվում՝ խնդիրներ, որոնք պարտավոր է լուծել՝ սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապված։ Եվ այստեղ ամեն օր ունենում ենք անդառնալի կորուստներ։
Շատերն այսօր նշում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի լքում վարչապետի աթոռը, ոչինչ անել հնարավոր չէ։ Սակայն Փաշինյանը չի կարող չլքել, նա այսօր ոչ մի ոլորտում չի կարողանում իրականացնել իշխանություն‚ միայն հաջողությամբ հանձնում է հողեր, լիազորություններ և այլն։ Նա այսօր ոչ մի արդյունք չի գրանցում։ Հայաստանն արդեն դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, ըստ էության, այդ երաշխավորն այսօր ռուսներն են։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Հայաստանն այլևս նաև Սյունիքի անվտանգության երաշխավորը չէ։ Ըստ էության‚ այսօր Սյունիքի անվտանգությունը դարձյալ ապահովում են ռուսական սահմանապահ ուժերը։ Եվ այսպես երկիր կառավարել հնարավոր չէ։ Նման կառավարումը հանգեցնում է էլ ավելի անկմանը։ Վարչապետը‚ ուզի թե ոչ‚ պետք է ելքեր գտնի հեռանալու, իր վրայից այս ամենը գցելու համար։ Նա այժմ ժամանակ ձգում է միայն իր ֆիզիկական անվտանգության երաշխիքները ստանալու և իր թիմի քաղաքական ապագան գուցե որոշակիորեն ապահովելու համար։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ