Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
Առաջին. Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը և Կապան-Գորիս ավտոճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելով:
«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչև ժամը 17։00-ն հանձնել թշնամուն»,- NEWS.am-ի տեղեկացմամբ, ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ստորև ներկայացվող մեջբերումները դարձյալ նույն լրատվամիջոցին Կապանի քաղաքապետի ասածներից են.
«Ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի և հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»։
«Մեր բնակելի հատվածից հակառակորդը լինելու է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա»։
Գևորգ Փարսյանն ասել է նաև, որ դիրքերից մեր հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում, ապա ներկայացրել այդ ուղղությունները.
«Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, ՈՒժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, ՈՒժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»։
Փարսյանն ասել է նաև, որ տվյալ պահին բնակչության շրջանում լարված վիճակ է:
Երկրորդ. «Mediaport»-ի հրապարակած հետևյալ տեղեկությամբ, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես է «լուծել» հրետանու արկերի խնդիրը.
«Տեղեկանալով այն մասին, որ մինչ հեղափոխությունը ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Բուլղարիայի հետ 50000 արկ ձեռք բերելու և Հայաստան բերելու մասին՝ Փաշինյանի իշխանությունը որոշում է փոփոխություններ մտցնել արկեր գնելու պայմանների մեջ։ Օպերացիան ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարում են տխրահռչակ Պատրոն Դավիթին (Դավիթ Գալստյան)։
Վերջինս Բուլղարիայից նոր արկերի գնով գնում է 50000 հին արկ, ներկում դրանք և իբրև նոր սպառազինություն բերում Հայաստան։ Այս ամենը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի գիտությամբ:
Ընդ որում, այդ սպառազինության մի մեծ քանակ՝ 152 մմ թնդանոթների համար նախատեսված արկերը, չեն համապատասխանել մեր բանակում առկա նույն տրամաչափ ունեցող թնդանոթներին։ Ֆիզիկապես և բարոյապես մաշված այդ արկերի բացարձակ մեծամասնությունն անցած պատերազմի ընթացքում կոնդիցիայի չի ենթարկվել՝ մեծ վնաս հասցնելով մարտական դիրքերում գտնվող հրետանուն։
Նշենք նաև, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, լավ իմանալով, որ բերված արկերը չեն աշխատելու, հանձնարարել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ Արմեն Հարությունյանին փոխել հրետանու հաշվարկային աղյուսակները։
Այս «գործարքի» և, ինչպես Փաշինյանն է ասում, «արկերի խնդրի լուծման» արդյունքում, նշված քառյակը՝ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը, Արտակ Դավթյանն ու Պատրոն Դավոն, կլորիկ գումարներ է գրպանել»:
Երրորդ. «24news.am»-ին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանի հայտնած ու վերոնշյալ լրատվամիջոցի կողմից հրապարակված այն տեղեկությամբ, որ «Հայկական անօդաչուների մեծամասնությունը պատերազմում չի ներգրավվել»:
ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ