Միայն՝ այսքան վերջին կոչերի տակ - ի զեն,
Արալեզնե՛ր, մի՛ խմբվեք իմ առջև,
Եվ ինձ դեռ մի՛ լիզեք, դուք ինձ դեռ մի՜ լիզեք,
Իբրև դիակ ես դեռ կատարյալ չեմ։
Վահագն ԱԹԱԲԵԿՅԱՆ
Պատերազմի մեկ ամիսը ռազմական ու քաղաքական իրադարձություններով հաստատեց, ինչ հայտնի էր երկրորդ օրը: Չկա հայ-ադրբեջանական պատերազմ, կա թուրք-ռուսական պրոքսի պատերազմ, որ շարունակությունն է Սիրիայի ու Լիբիայի անավարտ պրոքսի պատերազմների: Էրդողանն ու Պուտինը որոնում են միմյանց աքիլեսյան գարշապարը: Էրդողանը գտել է Կովկասը, Պուտինը շարունակում է հարվածել Սիրիայում: Վերջին հարվածը Սիրիայում իսլամիստական «Ֆայլակ աշ Շամ» խմբավորման ճամբարին էր: «Ֆայլակ աշ Շամն» առավել մարտունակ ու լավ պատրաստված խմբավորում և ոչ միայն Էրդողանի ֆավորիտն է՝ ըստ փորձագետների, այլև «Լիբիայի ու Կովկասի կոնֆլիկտների համար Անկարայի վարձկանների հավաքագրման ամենակարևոր ռեզերվուարներից է»: Այս խելագար պատերազմը սեպտեմբերից ու Արցախում չի սկսվել, այլ Սիրիայում, երբ հունվար-փետրվարին ռուսական ռմբակոծություններից հետո Ասադի զորքերը սկսեցին տարածքներ ազատագրել: Վերջնական հաղթանակը կանխեց Անկարան՝ իր բանակով, ծանր հրետանիով ու մարտական դրոններով: Մոսկվան ու Դամասկոսը ստիպված էին հրադադարի ռեժիմ հաստատել: Զուգահեռ Լիբիայում Խալիֆա Խաֆթարը Տրիպոլիի մատույցներում էր: Նորից Թուրքիայի ռազմական միջամտությունը սիրիացի վարձկանների ու դրոնների հետ փոխեց ուժերի հավասարակշռությունը: Խաֆթարը նահանջեց: Պուտինի հետ բանակցությունները Էրդողանին ցանկալի արդյունքը չտվեցին, հրաժարական տվեց Էրդողանի հովանավորությունը ունեցող Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջը, Աթենքն ու Կիպրոսը չեղյալ հայտարարեցին Թուրքիայի ու Լիբիայի ծովային համաձայնագիրը: Պուտինը թույլ չի տալիս Էրդողանին Սիրիան մասնատել ու սեփականել այն տարածքը, որ դուրս է բերում Միջերկրական Մ-4 և Մ-5 մայրուղիներով, որ նավթի ճանապարհներն են: Էրդողանը Միջերկրականի ելքը գտավ Կովկասում: ՈՒ հենց այդ պատճառով հրադադար չի հաստատվում: Էրդողան-Պուտին հանդիպումը կարող է վերջակետ դնել պատերազմին, որտեղ Էրդողանը թքած ունի Ադրբեջանի վրա էլ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա էլ: Այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հապաղում էին միջնորդական առաքելություններով: Նրանք գիտեն, որ հնարավոր է Էրդողան-Պուտին սեպարատ պայմանավորվածություն՝ այս փաստը ևս փորձագետները քանիցս բարձրաձայնել են:
Էրդողանն ուզում է Անդրկովկասում փոխել ստատուս քվոն և Մոսկվայի հետ պայմանավորվել՝ դուրս մղելով Արևմուտքը: Այդպես եղել է 1920-ականներին Լենինի ու Աթաթուրքի միջև: Հիմա շատերն են արձանագրում, որ Էրդողանը կյանքի է կոչում նեոօսմանյան իդեա ֆիքսը, իրականում Անկարան առաջարկում է փոխել միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում, որ իր կարծիքով՝ աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ է տալիս Անկարային ու Մոսկվային: Այդ պատճառով է Անկարան իր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում համարում բնական և սպասում Մոսկվայի դրական արձագանքին, որ աշխարհաքաղաքական համատեղ դասավորումներ սկսեն Մեծ Մերձավոր Արևելքում՝ դուրս մղելով արտաքին որևէ այլ խաղացողի: Այդ ենթատեքստում են Լիբանանի իրադարձությունները՝ ուղղված Ֆրանսիայի դեմ: Թուրքիան, հետևաբար և Ադրբեջանը, դեմ են Մինսկի խմբին և նպատակ ունեն ձևավորել նոր ձևաչափ՝ Անկարա-Մոսկվա: Տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի դասավորումները չեն նպաստում Մինսկի խմբի դիրքերի ամրապնդմանը: Անկարան Արցախում հրադադարից ոչինչ չի շահում և շահագրգռված է իրավիճակը սրելով, ու այդ պատճառով Ադրբեջանը, իբրև Թուրքիայի խաղի մասնակից, կոնֆլիկտի մեջ մաքսիմալիստական դիրք ունի:
Անկարան Ադրբեջանի կողքին է, որ դառնա Անդրկովկասում աշխարհաքաղաքական ինտրիգի մասնակից և նույնը վերարտադրի Սիրիայում ու Լիբիայում: Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձան Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից որոշ մանրամասներ: Եթե Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքում է, որ նախագահները քննարկել են Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ պնդելով «Դա չի եղել օրակարգում», Էրդողանը Ազգային մեծ ժողովի նիստում հայտարարել է. «Մենք լավ բանակցություններ անցկացրինք Պուտինի հետ: Մանրամասն քննարկեցինք Ղարաբաղի խնդիրը: Մենք ասացինք. «Եկեք ավարտենք այս ամենը Կովկասում, ուզում եք՝ համատեղ քայլեր անենք, խոսենք կողմերի հետ»: Հիմա կարևոր է հստակ որոշել՝ լուծու՞մ ենք այս խնդիրը, թե՞ ոչ»: Ավելին՝ եղբայրական «բաժանում» է եղել՝ Էրդողանը խոսում է «եղբայր» Ալիևի հետ, Պուտինը՝ Փաշինյանի: Համաձայնե՞լ են երկուսով հարցը լուծել: Թերևս՝ այո: Հոկտեմբերի 28-ին «եղբայր» Ալիևը հայտարարեց, որ եթե Մոսկվայից հրավեր լինի, պատրաստ է Մոսկվայում բանակցել Փաշինյանի հետ: Առանց նախապայմանների: Նախապայմանները դրել է Էրդողանը, և Պուտինը ընդունել է: Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցնել հակամարտող կողմերի հետ: Բայց Պուտինը «Վալդայում» ասում էր, որ հնարավոր է Մինսկի խմբի ձևաչափի «թեթևակի» փոփոխություն: «Թեթևակին» Թուրքիան է: Պատահական չէ, որ Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Իդլիբում ու Լիբիայում: Թերևս՝ համաձայնության չեն եկել, Էրդողանը ստուգողական 2 կրակոց արձակեց հաջորդ օրը՝ դեպի Մոսկվա ու Վաշինգտոն: «Վերջերս վնասազերծվել են Սիրիայի ահաբեկիչները, որ ահաբեկչություններ էին նախապատրաստում մեր տարածքում: ԱՄՆ-ը փորձում է ստեղծել նոր պատերազմական գոտի սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով։ Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք կանցնենք գործողությունների»,- ասաց ԱԶԿ-ի ¥«Արդարություն և զարգացում» կուսակցություն¤ խմբակցության նիստում ու հավելեց, որ Թուրքիայի զինված ուժերն ի վիճակի են «մաքրել Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից»: Դա մեծ սուտ է. ահաբեկչական խմբերը Թուրքիայի բանակի հարվածային ուժն են: Նույն նիստում Էրդողանը հայտարարեց. «Ռուսաստանի հարձակումը Իդլիբի շրջանում տեղակայված ընդդիմության ուսումնական ճամբարի վրա ցույց է տալիս այնտեղ կայուն խաղաղություն և հանգստություն հաստատելու ցանկության բացակայությունը»:
Սա է իրավիճակը: Փաստացի՝ մենք Արցախում վճարում ենք Էրդողանի ու Պուտինի ձախողումների դիմաց՝ չլինելով աշխարհաքաղաքական խաղի մասնակից: Էրդողանը չի կարող անվերջ հարձակվել Մակրոնի, Թրամփի, ՆԱՏՕ-ի վրա, բայց կարող է հարձակվել Արցախի, գուցե նաև Հայաստանի վրա՝ նրա պահանջները Մակրոնից, Թրամփից, Բրյուսելից չեն, այլ Պուտինից: Ի՞նչ է անում ռազմավարական մեր դաշնակիցը: Բացի՝ հրադադարի ապրիորի փորձերից, երբ անգամ չեն համաձայնեցվում պայմանները: Բացի պարբերաբար Մակրոնի ու Թրամփի ականջին շշնջալուց, որ ինքը հարցը կլուծի: Բացի Ադրբեջանը կորցնելուց հետո՝ Բաքվին իր ազդեցության դաշտում պահելու փորձերից: Բացի Էրդողանի հետ հեռախոսելուց: Միակ գործուն քայլը Սիրիայում վարձկանների ճամբարները հրթիռակոծելն է: Ինչու՞ չի անում: Այլևս լծակ չունի իր մեծացրած հրեշի վրա: Մնում է ռազմական գործողությունների մեջ մտնելը, որ անկանխատեսելի հետևանքներ ունի համաշխարհային մասշտաբով: Այսպե՞ս է ռուսական ռազմաբազան մեզ պաշտպանում Թուրքիայից: Երբ թուրքական բայրաքթարները ամեն օր հետախուզական թռիչքներ են անում Հայաստանի սահմանին, որտե՞ղ է հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը: Պաշտոնապես Լիբիայում Ռուսաստանը կոնֆլիկտի կողմ չէ, կռվում են «Վագներ» մասնավոր խմբավորման վարձկանները: Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցնե՞ր են, թե՞ ոչ: Ինչպես Պուտինն էր «Վալդայում» հայտարարում՝ Էրդողանը իր «լավ բարեկամն» է ու նրա հետ «հեշտ է հարցերը լուծել»: Թուրքիան ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, երբ երկուսի էլ հարաբերություններն Արևմուտքի հետ վատ են, դառնում են գործընկեր, երբ մեկը կամ մյուսը լեզու է գտնում ԱՄՆ-ի կամ Արևմուտքի հետ: Լենինը համաշխարհային հեղափոխություն էր ուզում Արևելք արտահանել «հեղափոխական թուրք ասկյարի» միջոցով, վերցրեց Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, նվիրեց Աթաթուրքին, Ստալինը Հայաստանից վերցրեց Արցախն ու Նախիջևանը, նվիրեց Ադրբեջանին: Էրդողանը ջանում է նույնը անել՝ Հայաստանի ու Արցախի հաշվին իր հարցերը լուծել Ռուսաստանի հետ Մեծ Մերձավոր Արևելքի ցնորամիտ ծրագրերում: Ինչու՞ ոչ: Ռուսաստանը, որ կորցրել է Ադրբեջանը, կորցնում է նաև Հայաստանը՝ ռուս փորձագետներն են արձանագրում: Նրանք են բարձրաձայնում, որ ոչ թե Ադրբեջանը՝ Թուրքիայի պասով, այլ Հայաստանն ավելի արագ կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե Ռուսաստանը երկար շարունակի ակտիվ անգործությունը և Հայաստանը մենակ թողնի Ռուսաստանի թշնամու դեմ:
Իսկ Արևմու՞տքը: Արևմուտքը, իրադարձությունների այդ պասիանսում չմիջամտելու իրավունքներն ունենալով, պարտավոր է պաշտպանել ինքն իրեն՝ առաջին, պաշտպանել Հայաստանն ու Արցախը՝՝ երկրորդ: Հայաստանն ու Արցախը պաշտպանելով իրենց՝ պաշտպանում են այլ երկրներին՝ Արևմուտքում ու Արևելքում: Էրդողանի հաջորդ թիրախը լինելու է Կիպրոսը, հետո՝ Հունաստանը: Հետո ի՞նչ, որ ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ են: Ի՞նչ են անում ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն՝ կանխելու Թուրքիայի ագրեսիան: Բացառությամբ Ֆրանսիայի՝ բոլոր երկրներն էլ անում են մեծ ՈՉԻՆՉ՝ Գերմանիայի գլխավորությամբ: Եվ դարձյալ՝ Ֆրանսիան է պահանջում ԵՄ գագաթաժողովում քննարկել Թուրքիայի հարցը: Իսկ հարևան Իրա՞նը: Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին միջնորդական առաքելություն է սկսել՝ Բաքու, Մոսկվա, Անկարա, Երևան երթուղով, ներկայացնելու Արցախի հարցի լուծման Իրանի ծրագիրը: Դատելով Արաղչիի հայտարարությունից, որ ելակետը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, Երևան իզուր է գալու: Թուրք-ռուսական պրոքսի պատերազմում մեռնում են մեր զավակները, և արյունը միակ գինն է, որով ՄԵՆՔ կարող ենք կանգնեցնել օտարների պատերազմը մեր հողերում: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ՝ մեզ հետ են ոչ միայն մեր փառահեղ սփյուռքը, որ չի դադարեցնում Արցախի ճանաչման պայքարը, այլև նրանք, որ հասկանում են՝ Արցախում կրակում են նաև իրենց վրա՝ Կիպրոս-Հունաստան-Ֆրանսիա առանցքով: ՈՒ կարող են նաև նրանք լինել, որ հակաթուրքական կոալիցիա են կազմում Արևելքում: Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է՝ լեթարգիական քնից արթնացրեք սփյուռքի հանձնակատարին, պետք է նրանց հետ աշխատել: Թուրքիան իրեն շրջափակում է թշնամիներով, 2023-ին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը լինելու է ոչ թե Էրդողանի տրիումֆը, այլ պետության վախճանը: Եվ՝ Էրդողանի ֆիասկոն: Իսկ Ալիևը, թեկուզ շեյթանի հետ դաշինք կնքի՝ չի ստանալու Արցախն իր ուրանի պաշարներով ու «ադրբեջանական» ԱԷԿ չի կառուցելու, որ ծրագրում էր Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության շրջանակներում՝ առանց վայրը որոշարկելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց՝ պատերազմի մեկ ամսում ԱԺ կրեատիվ պատգամավորները վարդավառին մաքուր գորգեր լվանալու համար բյուջեից 1 միլիոնից ավելի ծախսը հատուցե՞լ են՝ հանուն զենք գնելու: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի սիրած մարզիկ Մել Դալուզյանը 20000 դոլարի դիմաց 20 դրամ փոխանցե՞լ է «Հայաստան» հիմնադրամին պատերազմում զոհված մարզիկների ընտանիքներին օգնելու: 2020-ի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ԱԺ-ում ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծվելու՞ է: Ա՞յս գումարման, թե՞ 8-րդ: Այս ու բազում այլ հարցերի Պուտինն ու Էրդողանը չեն պատասխանելու: Ոչ էլ կորոնավիրուսի դեմ պատերազմից առաջ ու ընթացքում ձեռնարկած ու ՉՁԵՌՆԱՐԿԱԾ քայլերի, որոնց հետևանքը համարյա 100000 վարակակիրներն են ու օրական 15-25 մահերը: Ողջ լերուք: Եվ՝ առաջ:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: