(Նախորդ մասը)
Որոշ ժամանակ առաջ շրջանառվում էր մի ոչ պաշտոնական հետաքրքիր տեղեկություն Թեհրանի մտադրությունների մասին։ Նորությունների «News.ru» գործակալությունը նյութ է հրապարակել, որում ասվում է, որ Իրանը «լիովին պատրաստ է» հավանություն տալու Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) ներկայությանը իր միանգամից մի քանի նավահանգիստներում։ Այդ մասին «Oil Price» գործարարական լրատվամիջոցին հայտնել է Իրանի նավթի նախարարությանը մոտ ոմն բարձրաստիճան աղբյուր՝ մեկնաբանելով Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների պաշտոնական նորմալացմանը Թեհրանի պատասխանի հնարավոր տարբերակները։ Իրանական կողմը պատրաստ է համապատասխան հնարավորություններ տրամադրելու նաև Չինաստանին, որի հետ մշակում է համակողմանի համագործակցության պայմանագիր, վկայում է այդ աղբյուրը։ Ըստ «Oil Price»-ի, նոյեմբերի 9-ից Իրանի իշխանությունները պատրաստ են Չահբահար, Բենդեր Աբբաս և Բուշիր նավահանգիստներում Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներկայության համար ապահովելու բոլոր պայմանները «համաձայնությունների ռազմական բաղադրիչին համապատասխան», հղում անելով Իրանի նավթի նախարարությանը մոտ իր աղբյուրներին` հայտարարել է հայտնի տնտեսագետ Սայմոն ՈՒոթքինսը։ Նրա վերլուծության մեջ չի ասվում, թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, բայց չի բացառվում, որ Չինաստանի դեպքում ենթադրվում է երկու երկրների միջև 25 տարով համակողմանի համագործակցության մասին պայմանագիրը, որի բովանդակությունն առայժմ գաղտնի է։ Ռուսաստանի պարագայում հնարավոր է, որ նկատի է առնվում երկու երկրների փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին 2001 թ. կնքված պայմանագրի թարմացումը։ «Oil Price»-ի նյութում հատուկ նշվում է, որ իրանական նավահանգիստներում օտարերկրյա ներկայությունն անխուսափելիորեն ուղեկցվելու է «ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷԲ) չինական և ռուսական միջոցների ծավալմամբ, որոնք ընդգրկելու են բոլոր երեք առանցքային ոլորտները. էլեկտրոնային պաշտպանությունը՝ ներառյալ զենքի կիրառման վաղ նախազգուշացումը, ռադիոէլեկտրոնային հարձակումը, որը ներառում է ռադիոէլեկտրոնային հարձակման համալիրները, և պաշտպանությունը, այդ թվում՝ հակառակորդի կողմից խանգարումների ստեղծման դեմ»։ Բացառված չէ, գրում է ՈՒոթքինսը, որ իրանական նավահանգիստներում չինական և ռուսական ծրագրային ու սարքային ապահովման այդ ծավալման մի մասը լինի C-400-ների առաքումն այնտեղ՝ «ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակումներին հակազդելու համար»։ Բացի դրանից, ՈՒոթքինսը ենթադրում է նաև այնտեղ ռուսական «Կրասուխա» համալիրների տեղադրում, «որովհետև նրանք Սիրիայում ապացուցել են իրենց արդյունավետությունը»։
Իրանական նավահանգիստներում ՌԴ ՌԾՆ-ի հնարավոր ներկայության մասին ենթադրությունները հայտնվել են ոչ այսօր։ Լրացուցիչ առիթ էր տվել անցած տարի Ռուսաստան Իրանի ՌԾՈՒ-ի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի այցը։ Նա հայտարարել էր, որ իր երկիրը Ռուսաստանի հետ համաձայնագիր է ստորագրել ռազմածովային համագործակցության մասին, և Մոսկվան ու Թեհրանն այժմ կանոնավոր կերպով համատեղ զորաշարժեր են կատարելու Պարսից ծոցում։ Դա արաբական ԶԼՄ-ներին հիմք է տվել ենթադրելու, որ Մոսկվան «ռազմանավերի և ատոմային սուզանավերի համար որպես առաջավոր ռազմաբազաներ» կստանա Բուշիր և Չահբահար նավահանգիստները։ Բայց այն ժամանակ Սիստան և Բելուջստան նահանգի նավահանգիստների և ծովային նավարկության գլխավոր տնօրեն Բեհռուզ Աղային հայտարարեց, որ Իրանը չի կարող ռուսական վերահսկողությանը հանձնել իր նավահանգիստները դրանց ռազմավարական կարևորության պատճառով։ Ըստ նրա, խոսք չի կարող լինել անգամ երկարաժամկետ վարձակալման մասին։ Սակայն Բուշիրն առանձին պատմություն է, որովհետև հենց Ռուսաստանն է Իրանի համար կառուցել Բուշիրի ԱԷԿ-ը և նորերն է կառուցելու։ Բուշիրի և այդ նավահանգստի ռազմավարական օբյեկտների լրացուցիչ պաշտպանությունը շահավետ կլինի Իրանի համար։ Ընդհանրապես, այժմ շատ բաներ են վկայում, որ Իրանը պատրաստ է անսահմանորեն ուժեղացնելու իր ափագծի և ծովային ուղիների անվտանգությունը։ Սեպտեմբերի 3-ին Իրանի ՊՆ ծովային արդյունաբերության կազմակերպության ղեկավար, դերծովակալ Ամիր Ռաստեղարին Թեհրանի ծովային ցուցահանդեսում ընդգծեց Իրանի առաջընթացը սուզանավերի և էսկադրային ականակիրների արտադրության մեջ, ավելացնելով, որ իրանական ականանավերի վրա տեղադրվելու են մեծ հեռահարությամբ և ուղղաձիգ արձակմամբ թևավոր հրթիռներ։ Համադրելով այդ տեղեկությունները երկրի սահմանների երկայնքով 10 հատուկ ռազմաբազաների մասին բրիգադային գեներալ Հեյդարիի հայտարարության հետ՝ հասկանում ենք, որ Իրանը հանգամանորեն պատրաստվում է տարածաշրջանի իրադրության լուրջ սրմանը։
Սեպտեմբերի 10-13-ին կայացավ Իրանի լայնածավալ «Զոլֆաղար-99» զորավարժությունը, որն ընդգրկում էր 2 մլն քկմ տարածք Հորմուզի նեղուցում, Մակրանի ափին, Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում մինչև հյուսիսային լայնության 10 աստիճանը։ Իրանի ՌՕՈՒ-ի և ցամաքային զորքերի ստորաբաժանումները մշակում էին մարտավարական հարձակողական ու պաշտպանական գործողություններ համաձայն երկրի՝ իր տարածքային ջրերն ու ծովային ուղիները պաշտպանելու օրակարգի։ Զորավարժության ընթացքում փորձարկվել են պաշտպանության տարբեր համակարգեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր (նաև՝ հարվածային «Սիմուրգ»), տորպեդներ, «ցամաք-ցամաք» և «ափ-ծով» դասերի թևավոր հրթիռներ, «ցամաք-օդ» և «օդ-մակերևույթ» դասերի հրթիռներ, նավերի, ռազմանավերի վրա բարձված հրթիռային կայանքներ, սուզանավեր (այդ թվում՝ «Ֆաթեհ» տիպի), ինքնաթիռներ և այլն։
«Զոլֆաղար-99» զորավարժության մամուլի քարտուղար, դերծովակալ Շահրամ Էրոնին հայտարարել է. «Զորավարժությունն սկսելու մասին հայտարարելուց հետո Իրանի ՀՕՊ ուժերը նախազգուշացրին զորավարժանքի վայրի մոտով թռչող օտարերկրյա անօդաչու սարքերին և պահանջեցին հեռանալ «Զոլֆագարի» ընդհանուր գոտուց։ Զորավարժության ժամանակ մենք ականատես եղանք վարժանքի շրջանում ամերիկյան անօդաչուների կողմից տեղեկույթ հավաքելու զանազան նպատակամետ գործողությունների։ Այդ գործողությունները հայտնաբերել են ազդանշանների ճանաչման բանակային համակարգերը, և դրոնները (թռչող սարքերը) նախազգուշացվել են ՀՕՊ-ի կողմից։ Ամերիկացիներն ստիպված են եղել լքելու այդ շրջանը՝ տեսնելով իրանական բանակի դիտման, նույնականացման և պաշտպանության համակարգերի պատրաստության մակարդակը»։ Ավելին, զորավարժության ընթացքում Իրանի ՌԾՈՒ-ն ռազմածովային թիրախների վրա արձակել է հայրենական արտադրության «ափ-ծով» դասի «Քադեր» թևավոր հրթիռներ։ Ինչպես հայտարարել է դերծովակալ Էրոնին, ափի հարթակներից արձակված թևավոր հրթիռները ռազմածովային նպատակակետերին են հասել 200 կմ հեռավորության վրա։
Համաձայնենք, որ «Քադեր» հրթիռների արձակումներն ԱՄՆ-ի համար ակնառու ապացույց դարձան այն բանի, որ Իրանի վրա հարձակվելու դեպքում նրա ռազմանավերն անգթորեն ոչնչացվելու են։ Ըստ Շահրամ Էրոնիի, Իրանի ՌԾՈՒ թևավոր հրթիռներն ունեն մեծ պայթուցիկ հզորությամբ արդյունավետ մարտագլխիկներ և կարող են օգտագործվել ռադիոէլեկտրոնային պայքարի համար։ Նա նշել է նաև, որ ՌԾՈՒ-ն «ափ-ծով» հրթիռային համալիրները ծավալել է երկրի ողջ հարավային ծովափով։ Ի դեպ, ահա տեղեկություն, որը հաստատում է, որ արտաքին սահմաններում 10 հատուկ ռազմաբազաների մասին Իրանի հայտարարությունները դատարկ հնչյուն չեն։ «Զոլֆաղար-99» զորավարժության օրերին ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերը, բրիգադային գեներալ Մոհամադ Փակպուրի հրամանատարությամբ, «երկրի հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով մի շարք խոշորամասշտաբ բազմանպատակ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների բազաները»։ Սպանված ու գերի են վերցված տասնյակ ահաբեկիչներ։ Կրկին հիշեցնենք. Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններից են Թուրքիայի, Նախիջևանի, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ սահմանները։ Եզրակացությունները թող անեն ընթերցողները... Իսկ մենք հաստատում ենք վերևում արած մեր ենթադրությունը. Թուրքիայի հետ սահմանն Իրանը չի դիտարկում որպես անվտանգ և հանգիստ։
Եզրափակիչ տեղեկությունը խիստ հետաքրքիր է, բայց մենք կարծում ենք, որ այդ թեմային պետք է վերադառնալ։ Բանն այն է, որ Չինաստանի համապատասխան պետական մարմինները սեպտեմբերի 11-ին հայտարարել են, որ ՉԺՀ-ի, Իրանի և ՌԴ-ի զինված ուժերը կմասնակցեն սեպտեմբերի 21-26-ին նախատեսված «Կովկաս-2020» պայմանական անվանումով համատեղ զորավարժությանը։ ՉԺՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությանը կմասնակցեն նաև Հայաստանի, Բելառուսի, Պակիստանի և Մյանմայի զորքերը, ավելացնելով, որ «զորավարժությունը կենտրոնացած է լինելու մարտի դաշտում պաշտպանական մարտավարության, շրջապատման, կառավարման ու հրամանատարության վրա»։ Ինչպես նկատում են ընթերցողները, ճիշտ դուրս եկավ նաև մեր այն պնդումը, որ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի ռազմական համագործակցությունը պետք է դիտարկել որպես Եվրասիայում ռազմավարական «Մեծ երրորդության» ձևավորման ապացույց։ Դարձյալ հիշեցնենք՝ Ադրբեջանը հրաժարվել է «Կովկաս-2020» զորավարժությանը մասնակցելուց...
Նկատի ունենալով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի առաջիկա զորավարժությունը՝ Իրանի ՌԾՈՒ-ի հրամանատար Հուսեյն Խանզադին հայտարարել է, թե համաշխարհային այդ երեք տերությունների համատեղ ջանքերն ազդարարում են, որ նրանք ընդունակ են ազդելու «աշխարհի հավասարեցման վրա»։ Դերծովակալ Խանզադին հղում է արել արտասահմանյան ԶԼՄ-ներում «Զոլֆաղար-99» զորավարժության լուսաբանմանը և տեղեկացրել, որ ամերիկյան մի ինքնաթիռ և երկու անօդաչու սարք, որոնք խախտել էին Իրանի օրենքն ու ռազմական հրամանատարության նախնական զգուշացումներն ու ապօրինաբար մտել Իրանի ՀՕՊ-իի ճանաչման գոտին, կալանվել են իրանական «կարրար» դրոնի կողմից։ Նա ընդգծել է՝ այդ ոգևորիչ զորավարժության կարևոր պահ է այն, որ, չնայած բոլոր ճնշումներին ու պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձրտեխնոլոգիական սպառազինություն է ստեղծել պաշտպանական ոլորտներում։ Ըստ նրա, այդ զորավարժությունը հասկացնում է, որ Իրանի հասցեին ցանկացած սպառնալիք ու չարամիտ գործողություն վճռական պատասխան է ստանալու։
Հետո նա շարունակել է. «Լինելով էներգիայի (հանածո վառելիք) համաշխարհային կենտրոն՝ Հորմուզի նեղուցի արևելյան ջրերը, Մակրանի ծովափը, Օմանի ծոցը և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասը, որտեղ անցկացվել է եռօրյա զորավարժությունը, չափերի և ջրային ուղիների ռազմավարական տեսանկյունից օժտված են որոշակի առավելություններով և աշխարհաքաղաքական առանձնահատկություններով»։ Քանի որ նավթ արտահանող և ապրանքներ բերող բոլոր նավերը պետք է անցնեն տարածաշրջանի ջրային ուղիներով, Իրանը մեծ նշանակություն է տալիս իր ծովային սահմանների անվտանգությանը, ասել է նա և հավելել. «Մարտական «Զոլֆաղար-99» զորավարժանքի ժամանակ մենք գործնականում սովորեցրել ենք անվտանգություն, խաղաղություն ու հզորություն հաստատել այդ տարածաշրջանում»։ Իրանի ՌԾՈՒ-ի հրամանատարը հայտնել է իր ժողովրդին, որ մոտ ապագայում Իրանի բանակը կունենա որոշ նոր բարձրտեխնոլոգիական դրոններ և պաշտպանական սպառազինություն։
Դիմելով այն երկրներին, որոնք պատրանքներ ունեն աշխարհի միաբևեռության և իրենց կամայական դատաստանի վերաբերյալ, Խանզադին հայտարարել է, որ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերը ցույց կտան, որ աշխարհն ընթանում է դեպի բազմաբևեռություն։ Մենք խորհուրդ կտայինք Հայաստանի իշխանություններին և ընդդիմադիրներին հետագա ողջ կյանքում հիշել մոլորակում արմատական փոփոխությունների մասին Թեհրանից եկած այդ ազդանշանը, որը հնչեցրել է դերծովակալ Խանզադին։
Իզուր չէ, որ հենց 2020 թ. սեպտեմբերին իրանական ոչկառավարական իրավապաշտպան «Habilian Association» կազմակերպությունը, որը կատարում է Իրանում նրա թշնամիների սանձազերծած ահաբեկչության զոհերի ուսումնասիրություններ, հրապարակել է ահաբեկչության մասին իր ամենամյա առաջին հաշվետվությունը, որից որոշ բաներ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ «Հաշվետվությունն ընդգրկում է Իրանում 2019 թ. մարտից մինչև 2020 թ. ապրիլ (իրանական տոմարի 1398 թ.) ահաբեկչական գործունեությունը և հակաահաբեկչական միջոցառումները։ Իրանում ահաբեկչության մասին ամենամյա առաջին հաշվետվությունը իրանական թիրախների դեմ ահաբեկչական գործողությունները ներկայացնում է ժամանակագրական կարգով։ Ըստ այդմ, 2019 թ. մարտից մինչև 2020 թ. ապրիլ ահաբեկչական խմբերի կողմից ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում սպանվել է Իրանի 35 քաղաքացի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Մի քանի խոսք «Habilian Association»-ի մասին։ Այն հիմնվել է 2005 թ. Իրանում ահաբեկչական խմբերին և նրանց գործունեությանը հետևելու համար, ներկայանում է որպես «ահաբեկչության իրանցի զոհերի ներկայացուցիչ»։ Նրա ղեկավար Մոհամադ Ջավադ Հաշեմինեջադը որդին է 1980-ականների սկզբում Իրանում հայտնի գիտնական և քաղաքական առանցքային դեմք, այաթոլահ Հաշեմինեջադի, որն սպանվել է «Մոջահեդին է Խալք» (ՄԷԽ) ահաբեկչական կազմակերպության անդամ մահապարտի գործողությունից։
39-էջանոց հաշվետվության մեջ, որը պատրաստել է «Habilian Association»-ի պատասխանատու ներկայացուցիչ Ռեզա Ալղուրաբին, մանրամասն տեղեկություններ են հաղորդվում Իրանում ահաբեկչության զոհերի և այն մասին, թե նրանք ինչպես են ահաբեկչական խմբերի թիրախ դարձել երկրով մեկ։ Ալղուրաբին ասել է նաև, որ 1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակի պահից ահաբեկչական խմբերի կողմից սպանվել է Իրանի ավելի քան 17000 քաղաքացի, որոնցից 12000-ը՝ ՄԷԽ-ի կողմից։ Թեև տարիներ շարունակ մենք գրել ենք Իրանի դեմ կիրառվող ահաբեկչության մասին, հիշեցնենք. այդ ահաբեկիչներին ֆինանսավորում ու «ոգեշնչում» են ԱՄՆ-ը, Իսրայելը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, իսկ Թուրքիան իր տարածքն է տրամադրում Իրանի դեմ ագրեսիայի և սահմանամերձ շրջանում ահաբեկչական գործողությունների իրականացման համար։ Այժմ հասկանալի՞ է, թե հատկապես ո՛ր «հյուսիս-արևմտյան սահմանում են ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերը բրիգադային գեներալ Փակպուրի հրամանատարությամբ «ոչնչացրել հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների բազաները մի շարք խոշորամասշտաբ բազմանպատակ ռազմական գործողությունների ընթացքում»։ Հիշե՛ք այդ իրողությունները, Հայաստանի իշխանություննե՛ր և ընդդիմադիրնե՛ր, հիշի՛ր այդ ամենը, Արցա՛խ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ