Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես:
Վազգեն Սարգսյան
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ շփման գծի երկայնքով: Մենք հաղթելու ենք, ինչպես հաղթել ենք միշտ, հարցը հաղթանակի գինն է: Եվ՝ վերջապես օգտագործելու՞ ենք մեր ռազմական հաղթանակը իրավական ու դիվանագիտական դաշտերում:
Ինչու՞ Ալիևը գնաց արկածախնդրության հենց հիմա: Որովհետև այլևս ժամանակ չունի: Նրա համար տագնապի ազդանշան էր Բելառուսը, որ վկայեց՝ երկրում ընդդիմություն չլինելը չի նշանակում հավերժ իշխանություն: Ալիևը ժամանակ չունի, որովհետև այլևս պետք չէ ոչ մի երկրի՝ իբրև իշխանություն: Նույնիսկ Թուրքիային, որ վաղուց է ցանկանում երկու պետությունները միավորել: Ալիևը նախ և առաջ պետք չէ սեփական ժողովրդին, ու դա դատավճիռ է: Նրան մնում է միայն պատերազմը՝ ապացուցելու, որ ինքը տասնամյակներով չի խաբել ու չի մոլորեցրել ադրբեջանցիներին՝ հայտարարելով, որ իրենց բանակը կարող է Ղարաբաղի հարցը մի քանի օրում լուծել: Հիմա՝ նաև այն պատճառով, որ մեկ ամիս է մնում ԱՄՆ նախագահի ընտրություններին, որի արդյունքից է կախված աշխարհաքաղաքական շատ իրադարձությունների ընթացքը: Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ նախագահը խորապես անտարբեր է Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, և ուրեմն՝ ինքն ազատ է լինել սադրիչ. ԱՄՆ-ը չի խառնվելու: Հիմա նաև այն պատճառով, որ Ալիևին թվացել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ևս չեզոքության գոտում է՝ նախագահ Էմանուել Մակրոնը գերադասում է զբաղվել ՈՒկրաինայի, Լիբանանի, Բալկանյան երկրների, Մերձավոր Արևելքի հարցերով, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով, ուստի իր ձեռքերն ազատ են: Հիմա նաև այն պատճառով, որ Իլհամ Ալիևը համոզված է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը ժամանակ է տալու հարցերը ռազմական ճանապարհով լուծելու, ինչպես 2016-ին էր, և միջամտելու է, երբ իրեն հետ շպրտեն, իսկ իր ռազմական առավելության դեպքում՝ անհապաղ խաղաղապահներ է մտցնելու, որ տասնամյակներ երազում է, ուստի ձեռնտու է սպասելն ու հայտարարություններից բացի ոչինչ չանելը: Ալիևին իսկապես թվում է, որ իր ձեռքը ոչ ոք չի բռնելու: Մանավանդ՝ հիմա դա նշանակում է՝ Էրդողանի ձեռքը, իմա՝ մոջահեդներով պրոքսի պատերազմներ մղող երկրի:
Իրականում այս պատերազմը մերը չէ միայն: Այս պատերազմը առաջին հերթին ԵՄ-ի պատերազմն է, որ տարիներով սիրախաղեր է անում Թուրքիայի հետ ու միլիարդավոր եվրոներ հատկացնում Անկարային՝ փակելու միգրանտների հոսքը ԵՄ, բայյց չունի քաղաքական կամք ու խիզախություն՝ տեսնելու, թե ինչի վրա է Թուրքիան միլիարդները ծախսում ու ինչ քաղաքականություն է վարում տարածաշրջանում ու աշխարհում: ԵՄ-ի թողտվությունն է, որ Էրդողանը դարձել է սպառնալիք աշխարհին ու թշնամի է բոլոր հարևանների հետ՝ ծավալապաշտական նկրտումների պատճառով: Եթե Բրյուսելն Անկարային կանգնեցներ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ու Միջերկրականում, այսօր այս պատերազմը չէր սկսվի, Ադրբեջանը խամաճիկ չէր դառնա Թուրքիայի ձեռքում:
Այս պատերազմը առաջին հերթին ՆԱՏՕ-ի պատերազմն է, որի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մտահոգված է ռուսական սպառնալիքով, բայց չի կարողանում հրապարակավ գնահատել, թե համաշխարհային մասշտաբի ինչ սպառնալիք է իր անդամ Թուրքիան հենց ՆԱՏՕ-ին: Իսկապես ՆԱՏՕ-ի ուղեղը մեռած է, ինչպես Ֆրանսիայի նախագահն էր ասել, այլապես չէր կարող դաշինքը համարժեք գնահատական չտալ իր անդամի քաղաքական ու ռազմական գործողություններին, որ հակասում են իր կանոնադրությանը, ռազմաքաղաքական նպատակներին ու գոյության տրամաբանությանը: ՆԱՏՕ-ի պատմության մեջ նոնսենս է, որ իր անդամը իբրև ահաբեկչական պետություն պրոքսի պատերազմներ է մղում Մերձավոր Արևելքից Արցախ: ՈՒ ՆԱՏՕ-ն այսքանից հետո կրակը դադարեցնելու կոչը ու՞մ է անում: Սա ցինիզմ է:
Այս պատերազմը նախ և առաջ ԱՄՆ-ի պատերազմն է, միայն Վաշինգտոնը կարող է կանգնեցնել Էրդողանին, ինչպես կանգնեցրեց Միջերկրականում: Միայն Վաշինգտոնը կարող է հարցը փակել՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը: Արաբական աշխարհի ու Իսրայելի հարաբերությունները կարգավորելու համար իրեն Նոբելյան մրցանակի արժանի համարող Դոնալդ Թրամփը շանս ունի պատմության մեջ մտնելու ընտրություններից մեկ ամիս առաջ: Միևնույն է՝ ԱՄՆ քաղաքացի թուրքերն ու ադրբեջանցիները նրան ընտրություններում ձայն չեն տալու ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների պատճառով նա ընտրազանգված չի կորցնում, իսկ հայերի ձայները ստանալու է:
Այս պատերազմը նախ և առաջ Ռուսաստանի պատերազմն է, ինքն է սպառազինում Բաքվին ու Անկարային: Անկարան Մոսկվային է ուզում ապացուցել, որ տարածաշրջանում ինքը ևս Կրեմլին հավասար խաղացող է, իր խոսքը ևս պետք է կատարվի՝ ինչպես ջանում էր թելադրող լինել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ու Լիբանանում: Այս պատերազմը ռուս-թուրքական հարաբերություններում չլուծված հարցերի ասիմետրիկ պատասխանն է: ՈՒ Կրեմլում դա գիտեն:
Այս պատերազմը ՀԱՊԿ-ի պատերազմն է, որ պիտի ապացուցի՝ ի վերջո գոյություն ունի՞, թե՞ ոչ` իբրև ռազմաքաղաքական դաշինք: Դիմե՞լ է Հայաստանը, չի՞ դիմել, հարձակվելով Արցախի վրա Թուրքիան ու Ադրբեջանը վտանգում են ՀԱՊԿ-ի դիրքերը, որ նախկինում իր բելառուսաղազախական հատվածով պաշտպանել է Բաքվին, հիմա ընդամենը քաղաքական հայտարարություններ են անում, որ նույնն է, թե նորից պաշտպանում են Բաքվին:
Այս պատերազմը նաև Իրանի պատերազմն է՝ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ վտանգի տակ է իր տարածքային ամբողջականությունը:
Վերջին հաշվով՝ սա միջազգային բոլոր կառույցների ու այն երկրների պատերազմն է, որ միշտ պարիտետային կոչեր են անում՝ հավասարության նշան դնելով կողմերի միջև: 21-րդ դարն է, կան, թե չկան դիտորդական առաքելություններ շփման գծում, կան արբանյակային լուսանկարներ, որ փաստացի ապացուցում են՝ ով է հարձակվել ու երբ: Պետք է այդ լուսանկարներին բաց աչքերով նայելու խիզախություն ու քաղաքական կամք` ագրեսորին՝ ագրեսոր կոչելու: Նրանք բոլորը մեղավոր են մեր առաջ, բայց քաղաքականության մեջ մեղավոր-անմեղ հասկացություններ չկան, կան քաղաքական շահեր ու պրագմատիկ որոշումներ: Ժամանակները փոխվել են, միջազգային ասպարեզում վաղուց չեն գործում ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիան, տասնյակ այլ օրենքներ ու համաձայնագրեր: Աշխարհը անցնելու է ուժեղի կողմը՝ ով հաղթեց պատերազմում, նրան էլ պաշտպանելու է՝ սա է այսօրվա ամենագործուն օրենքը, համաձայնագիրը, կոնվենցիան: Մեզ մնում է միայն հաղթելը, մենք չունենք այլընտրանք, որովհետև մեր նախորդ հաղթանակներից հետո չենք կարողացել մեր ռազմական հաղթանակը ամրագրել իրավականորեն ու քաղաքական կարգավիճակ տալ: Հայաստանը չափազանց քաղաքակիրթ է՝ վայրենու դեմ հանդիման, որ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, սպանում երեխաներին ու սպանված զինվորներին գլխատում, սպառնում Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծել… Մեր հաղթանակը պետք է արձանագրվի, ոչ թե մնա պատմության աննալներում: Այդպես եղավ 1994-ին, երբ կապիտուլյացիայի ակտի փոխարեն Ռուսաստանի թեթև ձեռքով մեզ պարտադրվեց զինադադարի պայմանագիր: Այդպես եղավ 2016-ին, երբ մեզ կանխեցին կորցրածը վերադարձնելիս:
Մեզ պարտադրված է պատերազմ, որի նպատակը Հայաստանի ու հայության վերացումն է իր բնօրրանում: Եթե նույնիսկ Արցախն ու Հայաստանը համաձայնեին Ադրբեջանի սուբստանցիոնալ բանակցությունների պահանջին՝ հանձնել ազատագրված շրջանները, Արցախի կարգավիճակը չէր ճանաչվելու, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ֆիզիկական անվտանգությունն էր դրվելու սպառնալիքի տակ: Դա իմացել են, գիտեն, հասկանում են Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բոլոր ժամանակների բոլոր իշխանությունները: Փաստացի հիմա ու այստեղ մենք չպետք է սպասենք, թե համաշխարհային հանրությունը ինչ գնահատական կտա ու հայտարարություններ կանի, մեր կռիվը մենք պետք է կռվենք ու մեր հաղթանակը մենք պետք է հաղթենք:
ՈՒ հենց հիմա է պահը, որ պետք է ստորագրվի Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինքը: Ե՞րբ, եթե ոչ հիմա, երբ այլևս Ադրբեջանը ինքն է պարտադրում քայլեր, որոնցից մենք խուսափում էինք՝ խուսափելով պատերազմից: Հենց հիմա պետք է քննարկվի Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցը, իր սկսած պատերազմով Բաքուն ինքն է իրավիճակի այդ զարգացումը կանխորոշում: Մենք չէինք ճանաչում Արցախի Հանրապետությունը, որ չվտանգենք բանակցությունները, Բաքուն մերժել է բանակցությունները ու փոխարինել պատերազմով: Մենք չէինք ճանաչում Արցախի Հանրապետությունը՝ համարելով, որ կնշանակեր պատերազմ, մենք արդեն պատերազմի մեջ ենք: ՈՒ պատերազմին զուգահեռ հենց հիմա ու հենց այստեղ պետք է Երևանն ու Ստեփանակերտը անեն իրենց վճռական քայլը: Զուգահեռ, ոչ թե պատերազմի ելքին սպասելով, որովհետև դա ևս հաղթանակ է: Դա նոր իրավիճակի համարժեք արձագանք է, իրավիճակ, որտեղ մենք չենք նախահարձակ եղել, բայց վերջին խոսքը ասում է հաղթողը, իսկ հաղթողը մենք ենք լինելու: Բայց այս անգամ պետք է ամբողջական հաղթենք: Առանց հետ նայելու՝ ո՞վ ու՞մ ի՞նչ է ասել, ե՞րբ է ասել ու ինչու՞: Առանց կոնֆիդենցիալ բացահայտումների: Առանց հետուառաջի: Թուրքայի ավիացիան որքան էլ զինած լինի, Բաքվին Աֆրինից մոջահեդներ փոխադրի՝ Արցախի դեմ կռվելու, որքան էլ հայտարարի, թե Ադրբեջանի կողքին է, Անկարան գլխավոր պարտությունը կրելու է հենց Թուրքիայում, Բաքուն՝ Ադրբեջանում: Դա է նրանց դատավճիռը, որ Հայաստանը չի կայացրել, այլ իրենք՝ իրենց պատմությամբ: Թուրքիայի հովանավորությունը Բաքվին՝ Ադրբեջանը դարձնում է միջազգային ասպարեզում իզգոյ երկիր՝ ինչպես ինքն է: Դա գիտեն Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Իսրայելում, Իրանում, Ֆրանսիայում, Իտալիայում, որ իրենց անձնական պատճառներն ունեն Էրդողանին իր տեղը ցույց տալու: Պետք է օգտագործել շահերի բախումը՝ ի շահ մեզ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ դեսպանատները Հայաստանում ու Ադրբեջանում կոչ էին արել իրենց քաղաքացիներին՝ իրենց իսկ անվտանգության համար սահմանափակել տեղաշարժերը: Եթե համեմատենք իրենց քաղաքացիներին հորդորվող աշխարհագրական տարածքը, ստացվում է հետաքրքիր պատկեր: Երևանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս Տավուշ չգնալ՝ Դիլիջան ազգային պարկի սահմաններից այն կողմ M4 և M16 մայրուղիներով չերթևեկել: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս դուրս չգալ Ապշերոնի թերակղզուց: Այսինքն՝ ԱՄՆ դեսպանատան գնահատականով՝ Հայաստանում վտանգված է Տավուշի մարզը, Ադրբեջանի ամբողջ տարածքն է վտանգավոր մինչև Կասպից ծով: Գուցե ամերիկացիները մեզնից ավելին գիտեն: Կամ բրիտանացիները, որ զարմանում էին՝ ինչու՞ է Ալիևը հավաքում քաղաքացիների պիկապները ու ռազմական դրություն չհայտարարելով՝ տոտալ զորահավաք է սկսել: Հայաստանում ևս հայտարարվեց ռազմական դրություն, հազարավոր կամավորներ Արցախում են: Ցավոք, արդեն զոհեր էլ կան, լույս իջնի նրանց հոգուն, որ երկնքից են մեզ պաշտպանում: Ռազմական դրությունը ենթադրու՞մ է ՀՀ 4 նախագահների քաղաքական ռեսուրսի համախմբում՝ հանուն հաղթանակի, թե՞ դեռ կռիվ-կռիվ ենք խաղալու ներսում, իսկ թշնամուն՝ մեզ մասնատելու տարբերակ ենք տալու: Մենք հաղթելու ենք, ինչպես հաղթել ենք միշտ, հարցը հաղթանակի գինն է: ՈՒ ինչ սահմաններ էլ մեծանան, տա Աստված, որ չմեծանան Եռաբլուրի սահմանները: Ողջ լերուք: