Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բաշար Ասադը շնորհակալ է Ռուսաստանին

Բաշար Ասադը շնորհակալ է Ռուսաստանին
09.09.2020 | 10:53

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին ու ժողովրդին ռազմական ու տնտեսական աջակցության համար՝ սեպտեմբերի 7-ին Դամասկոսում ընդունելով ՌԴ առաջին փոխվարչապետ Յուրի Բորիսովի գլխավորած պատվիրակությանը: «Բոլոր սիրիացիների անունից ուզում են շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանն ու ժողովրդին այն ամենի համար, ինչ արել են մեր ռուս դաշնակիցները քաղաքական, տնտեսական առումով: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին պատերազմի տնտեսական հետևանքները հաղթահարելու օգնության համար»՝ մեջբերում է Բաշար Ասադի խոսքերը ТАСС-ը: ՌԴ պատվիրակության ղեկավար Յուրի Բորիսովը նշել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ստեղծված գործընկերային հարաբերությունները երկու երկրների միջև»: Սեպտեմբերի 6-ից Դամասկոսում ՌԴ պատվիրակությունը բանակցություններ է վարում առևտրի, տնտեսության, տեխնիկական ու գիտական համագործակցության սիրիա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Սեպտեմբերի 7-ին Դամասկոս է մեկնել և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ առաջին անգամ վերջին 8 տարիներին: Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հաստատվել է «համեմատական անդորր» և վստահեցրել, որ «առայժմ Սիրիայի տարածքում պահպանվող ահաբեկչության օջախները կվերացվեն և ամբողջությամբ կոչնչացվեն»:
RFI


Հ.Գ. SANA գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Յուրի Բորիսովի ու Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել, թե իր կառավարությունը կշարունակի ընդլայնել ու զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով։ Երկուշաբթի ռուսական պատվիրակության և Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպումից հետո մամուլի ասուլիս է անցկացվել։ ՌԴ փոխվարչապետն ասել է, թե տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնումը կմեղմացնի Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը։ ԱԳ նախարար Լավրովն ասել է, թե Սիրիայի կառավարությունը հաղթել է ահաբեկիչներին, բայց դեռ որոշ խմբավորումներ կան։ Նա շեշտել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որ երկրի ապագան պետք է որոշեն միայն սիրիացիները։


Փաստացի վերջին մի քանի օրում ՌԴ ԱԳ նախարարը բանակցում է ու հայտարարություններ անում, որոնց ամենաուշադիրը հետևում են Անկարայում: Մինչև Դամասկոսը՝ Լավրովը Կիպրոսում էր «Philenews» հունա-կիպրական թերթին հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Կիպրոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. «Մենք պատրաստ ենք աջակցել Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, բայց, իհարկե, միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ շահագրգիռ լինեն և խնդրեն մեզ այդ մասին»: Նա նշել է, որ ռուսական կողմը արևելյան Միջերկրական ծովի երկրների ղեկավարությանը բազմիցս կոչ է արել «լուծելու վեճերը բացառապես իրավական դաշտում, խաղաղ ճանապարհով»։ Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հակամարտության սրումը կդառնա սեպտեմբերի վերջին Եվրախորհրդի նիստի հիմնական թեման, երբ քննարկվեն Անկարայի դեմ պատժամիջոցները՝ տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ հաղորդում է Euractiv-ը: Նա ասել է, որ ԵՄ-ի այլ երկրներում իր գործընկերների հետ արդեն քննարկել են պատժամիջոցների շրջանակը, որը կարող են իրականացնել Թուրքիայի դեմ: ԵՄ ԱԳ նախարարները օգոստոսի վերջին Բեռլինում համաձայնության եկան Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակի վերաբերյալ, եթե Անկարան չնվազեցնի իր գործողությունների սրումը Արևելյան Միջերկրական ծովում՝ ներառյալ նավթի և գազի հորատանցքերի անօրինական հորատումը:


Հիմա ի՞նչ՝ Լավրովը փորձում է թուրքերին փրկել պատժամիջոցների՞ց, թե՞ նպաստելու է, որ Անկարան հեռանա Կիպրոսին ու Հունաստանին պատկանող ջրերից: Բոլորվին պատահական չէ, որ Կիպրոսից Լավրովը մեկնել է Դամասկոս և հայտարարել, որ ահաբեկչության բոլոր օջախները ոչնչացվելու են՝ դա նախազգուշացում է Անկարային, որտեղ ամռանը թուրքերն ու ռուսները կրակում էին իրար վրա՝ Մ4 և Մ5 ճանապարհներն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար, որ դուրս են գալիս Միջերկրական ծով: Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հունաստանի ու Կիպրոսի դեմ սկսվեցին, երբ հասկացավ, որ Սիրիայից ու Լիբիայից չի կարողանում դուրս գալ Միջերկրական: Էրդողանը սեպտեմբերի 7-ին կառավարության նիստից հետո ասել է, թե Թուրքիային դեմ գնացող երկրները բանակցային սեղանի շուրջ նստելու փոխարեն օգտագործում են իրենց խարխլված ռազմական ուժերը՝ ստուգելու Անկարայի դիվանագիտական ջանքերի ու ռազմական գործողությունների ունակությունը։ Բայց նրան գերազանցել է իր իսկ խորհրդականը՝ Մեսութ Հաքը Ջաշինը սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի և Ֆրանսիայի հասցեին` նշելով, որ շուտով թուրք օդաչուները «5-6 հունական ինքնաթիռ կկործանեն, և Թուրքիան կմտնի պատերազմի մեջ»՝ տեղեկացնում է հունական orthodoxtimes.com կայքը: Ջաշինը հեռուստատեսությամբ իր ելույթում սպառնացել է Միջերկրական ծովում խորտակել Ֆրանսիայի ավիակիր նավը: «Հունաստանը բնական գազ չի գտել ու չնայած նրան, որ ավիակիր չունի, Թուրքիայի դեմ է հանում Ֆրանսիայի ավիակիրը: Հունաստանը մեզ վրա ուրիշի ձիով է հարձակվում: Այդ ձին կկրակվի և կսպանվի: Սա մեկ: Երկրորդ, Թուրքիան անձայն պետություն չէ: Մեր սիրելի նախագահը հայտարարել է, որ մենք չենք խախտում ուրիշի իրավունքը և չենք թույլատրի խախտել մեր իրավունքը: Եթե դրսից կա մեկը, որը կխախտի մեր իրավունքները, թուրք ազգը կպատռի նրա լյարդը: Կա շատ մեծ բանակ, ութերորդն աշխարհում և երրորդը ՆԱՏՕ-ում: Ո՞վ կհամարձակվի մեզ հետ խաղ խաղալ Էգեյան և Միջերկրական ծովերում»,-հայտարարել է Ջաշինը` Հունաստանին հիշեցնելով 1922-ի փոքրասիական ճգնաժամը և նշելով, որ «թուրքական ռազմաօդային ուժերը շուտով 5-6 հունական ինքնաթիռ կկործանեն»:
«Մի՞թե Հունաստանը ցանկանում է փորձել մեր բռունցքի ուժը: Նայեք սեպտեմբերի 9-ին (1922-ին թուրքական ուժերի կողմից Սմիրնայի շրջափակման օրն է): Դեպի ծով փախչելիս դուք սպանում էիք միմյանց: Հերիք է: Շուտով մեր օդաչուները 5 կամ 6 հունական ինքնաթիռ կկործանեն, և մենք կմտնենք պատերազմի մեջ: Այս ազգը ոչ մի դեպքում չի կարող նման ճնշման տակ լինել: Թուրքիան այն երկիրը չէ, որին դուք կարող եք փորձել: Թուրք զինվորների սվինները տեղում են և պատրաստ են: Առաջ մենք անգամ առանց փամփուշտի, միայն սվիններով էինք հաղթում թշնամուն»,-հայտարարել է Ջաշինը: Էրդողանի խորհրդականն այնքան հեռու է գնացել, որ անգամ սպառնացել է անձամբ կրակել հույն օդաչուների գլխին:«Ես զինված ուժերի պրոֆեսոր եմ: Եվ եթե կա հույն օդաչու, որ կարող է մեզ հարվածել, ես կկրակեմ ուղիղ այդ օդաչուի գլխին»,-ասել է նա: «Թուրքիայի՝ Սև ծովում գտած գազի որակը լավագույններից է աշխարհում»՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկրի իշխանությունները նախատեսում են մինչև հանրապետության 100-ամյակը՝ 2023-ը, Թուրքիայում գազի առաջին խոշոր հանքավայրում սկսել արդյունահանումը: «Գազի որակի տեսանկյունից հանքավայրը դասվում է աշխարհում լավագույնների շարքում»,- հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո: Թուրքիայի նախագահը հավելել է, որ 320 միլիարդ խորանարդ մետր ծավալով պաշարներն այս տարի հայտնաբերվածների մեջ մեծությամբ երկրորդն են աշխարհում: «Թուրքիան իր երազանքները իրականություն է դարձնում»,-եզրափակել է նա: Փաստացի՝ մնում է հայտարարի, որ երազանքներն են իրականություն դառնում: Ի՞նչ է պատասխանելու Ռուսաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ