Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունեց Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարներին, որ անոնսի տնտեսական հարաբերությունների նորմալացումը նրանց միջև: Սպիտակ տանը պայմանագիրն անվանում են պատմական ճեղքում, թեպետ չի վերաբերում Բելգրադի ու Պրիշտինայի կոնֆլիկտի էությանը: Հանդիպման ևս մեկ արդյունք է Իսրայելի ճանաչման պայմանավորվածությունը գերազանցապես մուսուլմանաբնակ Կոսովոյի կողմից և Սերբիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համաձայնությունը: Կոսովոյի դիվանագիտական առաքելությունը ևս Երուսաղեմում կբացվի: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Աբդուլա Խոտին Օվալաձև սրահում նստել են Թրամփի աջ ու ձախ կողմերում՝ ստորագրելով պայմանագիրը՝ շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար: Վուչիչը ընդգծել է, որ ավելի սերտ տնտեսական կապերը չեն վերացնում քաղաքական տարաձայնությունները: Բալկանների համար պայմանագրի ամենանշանակալից տարրը Կոսովոյի որոշումն է միանալ մինի Շենգենին՝ անվիզա ռեժիմին, որի պայմանավորվածությունն ունեն Սերբիան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, նպատակն է այդ երկրները նախապատրաստել ԵՄ անդամակցության: Պայմանագրի պայմանները ենթադրում են աշխատանք ավտոմայրուղիների և երկաթուղային հաղորդակցության շուրջ Կոսովոյի ու Սերբիայի միջև: Դիվանագիտական գլխավոր ձեռքբերումը Պրիշտինայի պարտավորությունն է մեկ տարով սառեցնել անդամակցության գործընթացը միջազգային կազմակերպություններին, իսկ Բելգրադի՝ Կոսովոյի ճանաչման դեմ պայքարի գործընթացը կասեցնելը:
Կոսովոյի Հանրապետության անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ը և արևմտյան երկրների մեծ մասը, բայց Սերբիան շարունակում է այդ տարածքը համարել ինքնավար մարզ իր կազմում և նրա հետ համաձայն են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլ երկրներ: Սերբիայի դիվանագետներին հաջողվել է հասնել Կոսովոյի ճանաչման հետկանչին ՄԱԿ-ի մի քանի անդամ երկրների կողմից:
Բելգրադն ու Պրիշտինան նաև համաձայնել են մի շարք կետերի ԱՄՆ օրակարգից՝ չօգտագործել 5G տեխոնոլոգիաներ Huawei-ից, ապաքրեականացնել հոմոսեքսուալիզմը, Հեզբոլահը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Ամենամեծ օգուտը պայմանագրից ստացել է Իսրայելը՝ պայմանագրի համաձայն Կոսովոն նորմալացնում է դիվանագիտական հարաբերությունները հրեական պետության հետ և 20 տարի առաջ արյունոտ կոնֆլիկտ ունեցած երկու երկրները դեսպանատներ են բացում Երուսաղեմում՝ ԱՄՆ-ի օրինակով՝ հակառակ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարել է, որ Սերբիան կդառնա եվրոպական առաջին երկիրը, որ դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ կտեղափոխի Վաշինգտոնից հետո՝ ճանաչելով այդ քաղաքը Իսրայելի մայրաքաղաք: Կոսովոյի դեսպանատունը Իսրայելում բացելու ի պատասխան՝ Իսրայելը կճանաչի Կոսովոն՝ մեծացնելով Պրիշտինան անկախ պետություն ճանաչող երկրների թիվը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամին՝ Սերբիայի նախագահին, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը տեղափոխելու որոշման համար»՝ հայտարարել է Բենյամին Նետանյահուն՝ հավելելով, որ տեղափությունը կկատարվի մինրչև 2021-ի հուլիսը: «Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ նախագահ Թրամփին՝ այս ձեռքերումների մեջ իր ներդրման համար»՝ ընդգծել է Նետանյահուն: Սա Վաշինգտոնի երկրորդ նշանակալից ձեռբերումն է մեկ ամսում: Օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռքբերվեց ԱՄԷ-ի ու Իսրայելի հարաբերությունների նորմալացման մասին, որ սիմվոլիկ նշվեց անցյալ երկուշաբթի՝ երկու երկրների միջև առևտրային ավիահաղորդակցության բացումով:
Սպիտակ տան նորությունները բացասաբար ընդունվեցին Պաղեստինում, որ այդ քայլն անվանեց Թրամփի՝ իր էլեկտորալ հեռանկարները բարելավելու ձգտում նախագահական ընտրություններից առաջ՝ պաղեստինցիների հաշվին: «Պաղեստինը դարձավ նախագահ Թրամփի նախընտրական հավակնութունների զոհ, նրա թիմը պատրաստ է ցանկացած քայլի, կարևոր չէ՝ որքան կործանարար են աշխարհի համար, վերընտրության հասնելու նպատակով»՝ Թվիթերում գրել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Աայեբ Էրեկատը:
Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները, որ առանցքային դեր ունի Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանակցություններում, հայտարարել է, որ այդ պայմանավորվածությունները ամրապնդում են խաղաղությունն ու անվտանգությունը: «Այսօրվա ճեղքումն անկասկած պատմական է,-ասել է Կուշները Սպիտակ տանը:-Սա ևս մեկ գլուխ է, որ կարողացավ գրել մեր աշխատակազմը աշխարհն ավելի անվտանգ ու հանգիստ դարձնելու ճանապարհին»:
Պայմանագրի մեկ այլ կարևոր կետը Սերբական ուղղափառ եկեղեցու անվտանգության երաշխիքներն են, որի հոգևորականները կոնֆլիկտի ժամանակ ենթարկվել են արտադատական հաշվեհարդարների, տասնյալ եկեղեցիներ ու վանքեր Կոսովոյի տարածքում այրվել կամ պղծվել են: Սպիտակ տանը գործարքի ճարտարապետ են անվանել Ռիչարդ Գրենելին՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի ԺՊ-ին, որ նախկինում համատեղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանի և Սերբիայի ու Կոսովոյի բանակցություններում նախագահի ներկայացուցչի գործը: Գեներալը բոլոր դափնիները փոխանցել է Թրամփին, հայտարարելով, որ սերբերն ու կոսովցիները տարիներով վիճել են սիմվոլիկ թեմաներով, բայց սիմվոլներով տան վարձը չես տա: Նրա խոսքով՝ Թրամփը շեշտը դրել է նյութականի վրա և հասել տնտեսական հարաբերությունների նորմալացման: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հիշել է Լեռան քարոզի բառերը՝ «Երանելի են խաղաղարարները» և հայտարարել, որ ուրբաթ Օվալաձև սրահում երեք խաղաղարար կար, նկատի ունենալով Թրամփին, Վուչիչին ու Խոտիին:
BBC
Հ.Գ. Պրիշտինայի ու Բելգրադի միջև կոմպրոմիս գտնելու փորձեր առաջ էլ են եղել: 2013-ին Բրյուսելում համաձայնություն է կայացել տարածաշրջանային համագործակցության և սահմանի համատեղ վերահսկողության մասին, որից հետո հարաբերությունների նորմալացման պայմանավորվածությունը չի կայացել: ԱՄՆ վարչակարգը քաղաքական հարցեր լուծելու խնդիր չէր դրել, շեշտադրվում էր տնտեսությունը: Դոնալդ Թրամփը, իհարկե, առաջին անգամ չէ փորձում քաղաքական հարցերը տնտեսականի հաշվին լուծել, բայց դա նրա գյուտը չէ: Իվերջո, տասնյակ տարիներ միմյանց հետ անլուծելի կոնֆլիկտի մեջ գտնվող Իսրայելն ու Պաղեստինը շատ լավ համագործակցում են զբոսաշրջության ու տնտեսական հարցերում: Համարվում է, որ այս մոդելը նպաստում է մթնոլորտի փոփոխությանը: Թրամփի մտքով կանցնի՞ ճանապարհները բացելու ու տնտեսություն զարգացնելու առաջարկ անել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման նպատակով՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թերևս ոչ, նաև այն պատճառով, որ ակնհայտորեն մերժում է ստանալու Բաքու-Անկարա զույգից՝ Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհներ փակելը համարում էին ճնշման միջոց՝ իրենց ցանկացած լուծումը ստանալու ճանապարհին: Բայց խաղաղության բանակցությունների մասին մտահոգ ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի մտածի նաև այդ մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ