Հեռացող հուլիսի հետքերով՝ արձանագրենք մեր բուռն ամռան օրակարգը: Կորոնավիրուսի առաջին ալիքը չհաղթահարած, օրական 400-500 նոր վարակված, 5-15 մահ գրանցող երկիրը զգուշորեն խոսում է աշնանն ու ձմռանը երկրորդ ալիքից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ ընդունել է իր կառավարության անպատրաստ լինելը կորոնավիրուսին, որոշել է 50-ից մեծ բոլոր քաղաքացիներին անվճար պատվաստել գրիպի դեմ, որ թեթևացնի սեզոնային հիվանդացության աճը և հիվանդանոցները պատրաստ պահի կորոնավարակի երկրորդ ալիքին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Անվտանգության խորհրդի նիստում՝ հակահամաճարակային պետական խորհրդի անդամների հետ քննարկում է երկրի համաճարակային վիճակն ու անելիքները:
Մենք պայքարում ենք դիմակ դնել-չդնելու համար: ՈՒ դա արդեն ոչ թե առողջապահության, այլ ազգովին դեգրադացիայի վկայություն է: Գիտակցության դեգրադացիայի, որ դրսևորվում է բոլոր ոլորտներում: ՈՒ՝ շատ ինքնատիպ: Մենք բացարձակ հետևողական չենք: Կար ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է փոխվի ու առավել ակտիվ լինի: Բայց միայն հուլիսի 23-ին կառավարության նիստում ազդարարեց «ծրագրային» դրույթները, երբ Ադրբեջանի նախագահը տվել էր հայտնի գնահատականները իրավիճակին: Հայաստանը նորից գնաց պատասխանի տարբերակին, մինչդեռ հաղթողի դիրքերից առաջինը պիտի պայմաններ թելադրեր, ոչ թե հակադրվեր Ալիևին:
Չենք սովորում հաղթելուց հետո հաղթանակը օգտագործել, շարունակում ենք մնալ պատասխան ալիքի դիվանագիտության երկիր:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր 7 կետերը: «Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել»՝ Արցախի հետ սերտ համագործակցությանը սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդել: Ո՞րն է այդ բովանդակությունը, և ե՞րբ է Հայաստանը Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքը ամրագրելու համաձայնագրով: Ինչու՞ ենք մենք վախենում բանակցային նոր իրավիճակ ստեղծելուց: Միևնույն է՝ դեֆակտո դաշինքը կա և գործում է տասնամյակներ: Եթե հայտարարում ենք, որ «Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ», նշանակու՞մ է, որ առանց Արցախի մենք չենք բանակցելու: Եթե պահանջում ենք, որ «Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ», ունե՞նք տարբերակ, բացի պատերազմը, թե ինչ ենք անելու, եթե չդադարեցրեց: Միանգամայն ճիշտ է, որ «բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում», բայց գոնե մեզ համար ձևակերպե՞լ ենք փոխզիջման բովանդակությունը: Այո, «Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է», և ոչ թե տպավորություն է, այլ իրականություն, որ «ՀՀ զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ», բայց ի՞նչ ենք անում, որ այդպես չլինի: Երբ վարչապետը հայտարարում է, որ «հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Պետք է միջազգային նոր մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը:
Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում թե պետական սահմանին, թե շփման գծում», ինչու՞ հստակ չի ասում, որ պետք է կատարվեն 2016-ի Վիեննայի պայմանավորվածությունները, որից հետո նոր կարող է խոսք լինել առարկայական բանակցությունների մասին: Ինչի՞ համար է մոտավորությունը, որ բնավ էլ դիվանագետներին գործելու ազատություն չի տալիս, հակառակը: Ճիշտ է, որ «հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը», բայց իր հակահայկական գործունեությամբ Անկարան, որ Բաքվից ակտիվ էր, պետք է ստանար շատ ավելի ռեալ գնահատական:
Դեֆակտո այս օրերին Հայաստանից դուրս շարունակվող հայ-ադրբեջանական բախումներում դարձյալ Անկարան է գործող գլխավոր անձը, ու դա գերակնհայտ է: Ակնհայտ է՝ ՌԴ ԱԳ նախարարի՝ Թուրքիային ուղղված զսպվածության կոչից, զորավարժություններից, ՌԴ նախագահի ու ԱԽ նախագահի տեղակալի, դեսպանների ու տարբեր կազմակերպությունների իրարահաջորդ հայտարարություններից: Հատկապես տարօրինակ հնչեց ՌԴ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունը. «Իրավիճակը շատ լուրջ է, ցավոք, խնդիրն անցնում է անդրազգային իրավիճակի և տեղափոխվում այստեղ, սումգայիթյան ջարդերը կարող են խաղալիք թվալ»: Սումգայիթը հայերի ցեղասպանությունն է Ադրբեջանում, որին չարձագանքեց ՌԴ-ն: Դեսպանն ակնարկում է, որ Ռուսաստանը չի՞ արձագանքելու իր տարածքում հայերի ցեղասպանությանը: Նույնքան տարօրինակ է, որ բոլոր կոչերը, հորդորները, սպառնալիքները ուղղված են հայերին, որ պաշտպանվում են, ոչ թե հարձակվում ադրբեջանցիների վրա, որ սահմանին զինվորներից պարտության վրեժը փորձում են անզեն հայերից լուծել: Ակնհայտ է, որ Բաքուն միայնակ չէր հանդգնի այս մասշատբների հարձակումներ գործել Մոսկվայում ու Ռուսաստանի տարածքում, եթե կապեր չունենար ռուսական իշխող էլիտայում ու չունենար Անկարայի աջակցությունը: 2020-ի փետրվարին, երբ ռուսներն ու թուրքերը Իդլիբում միմյանց վրա էին կրակում, Էրդողանի խորհրդականը հայտարարեց, որ 25 միլիոն մահմեդականները կքանդեն Ռուսաստանը ներսից, եթե ռուսները խելքի չգան: Էրդողանը հիմա փորձում է ադրբեջանցիների անվան տակ Պուտինի հետ լուծել այլ հարցեր: Պատահական չէ, որ հենց այս օրերին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ համաձայնություն է կայացել ռուսների հետ Լիբիայի հարցում, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ հերքեց, ոչ հաստատեց: ՌԴ-ում ապրող հայերը ակամա հայտնվել են աշխարհաքաղաքական շրջապտույտի մեջ, որտեղ գործող անձ չեն, ինչպես պտուտակ են ընդամենը ադրբեջանցիներն ու այլազգի մուսուլմանները, որ իբրև վարձկան լծվել են ՌԴ-ին խաղից դուրս բերելու գործին՝ չիմանալով անգամ իրենց արածի նպատակը: ՈՒ հիմա ճշմարտության պահն է ոչ թե հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, կամ ռուս-ադրբեջանական հարաբերություններում, այլ ռուս-թուրքական: Կկայանա՞ հերթական առևտուրը Անկարայի հետ՝ հայերի հաշվին, թե՞ ոչ, սա է խնդիրը: Էրդողանի գլխացավանքը բնավ էլ Ալիևին Բաքվում իշխանության պահելը չէ: 2021-ին լրանում է 1921-ին 100 տարով կնքված ռուս-թուրքական պայմանագրերի ժամկետը: Այդ պայմանագրերը Անկարայի ագրեսիայի բուն պատճառն են, որ ոչ ոք չի ցանկանում բարձրաձայնել: Այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ն: Իսկ Էրդողանը հայկական հարցի միջազգային շրջանառության հակազդման հատուկ կառույց է ստեղծում:
Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրվել է խորհրդակցություն՝ քննարկելու տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ անդրադարձ է եղել արտահանմանը միտված ճյուղերի՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտների խնդիրներին: Նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին: Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի և գործարարների հանդիպման մասին. «Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց»: «Մենք ոնց որ մանկապարտեզի սաներ լինեինք, որ պիտի մեր դաստիարակին լսեինք»: Վարչապետը գործարարներին մեղադրել է «մաֆիոզ մտածելակերպի», նախկինում «հաստատ գործած» հանցանքների, հարկերի իմաստը չհասկանալու և այլնի մեջ՝ «Մուննաթ էր, ոչ թե հանդիպում»: Գուցե հենց «մուննաթն» է հավելյալ գործիքակազմը, որով Հայաստանում պետք է վերականգնվի տնտեսական աճը: Իրականում բոլորովին չկա տպավորություն, որ վարչապետն զբաղվում է տնտեսությամբ. նա խորհրդակցություններ է անում ու կարդում իր համար գրված տեքստերը: Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է տնտեսության և տնտեսական ճգնաժամից դուրս գալու մասին, օր առաջ պետք է լուծի աշխատատեղերի վերականգնման հարցը: Արդեն 2 տարի Նիկոլ Փաշինյանը նախանձելի հետևողականությամբ խուսափում է Ամուլսարի հարցը օրակարգ բերելուց: Մոռացեք բոլոր խոստումները, հիմա Ամուլսարում բացարձակ ապօրինության մթնոլորտ է: Իրենք իրենց «բնապահպան» հայտարարած մի խումբ օրավարձով վարձկաններ, որ խայտառակում են իրական բնապահպանների անունն ու առաքելությունը, շրջանում զբաղված են բացահայտ ահաբեկչությամբ՝ մահվան սպառնալիքներ տեղալով նրանց հասցեին, որ կհանդգնեն ճանապարհը բացել: Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, նրանց պատերով չի տալիս, անգամ մի թեթև «մուննաթ» չի գալիս մարդկանց վրա, որ այս ընթացքում իրենց աշխատած փողերով կարողացել են Երևանում Թումանյան փողոցում սեփական բնակարան գնել, բայց հացից կտրում են մարզի բնակչությանը: Նիկոլ Փաշինյանն ապավինում է ապրիորի «երկխոսության» նրանց հետ՝ չցանկանալով ուժով ցրել: Մարդիկ, որ կարող են և ուզում են աշխատելով տուն պահել, և մարդիկ, որ առանց աշխատելու են դա անում՝ սա է այսօրվա Ամուլսարի կոնֆլիկտի էությունը։ Պետությունը փաստացի ձրիակերների կողմն է: Դպրոցը չավարտած ու «Օրիֆլեյմի» ցրիչ աշխատածները դառել են ցիանիտի ու գազային ամպերի «մասնագետներ», որ կատարեն իրենց պատվիրատուի հրամանը: Եվ մեր խրոխտ ոստիկանները նրանցից վախենում են, որովհետև սպասում են հրահանգի, որը չկա, իսկ առանց հրահանգի օրինականություն ապահովելու դեպքում իրենք են պատժվելու: Իրական համայնքի ձայնը անտեսված է՝ վախի ու անորոշության պայթուցիկ վիճակը չի կարող երկար տևել: Վաղուց սա Լիդիանի հարցը չէ. Հայաստանի իշխանությունների իրականության հետ առերեսվելուց փախուստի պատմություն է, երբ պետության ղեկավարը վախենում է կամային որոշում ընդունել և զրկում է երկրի տնտեսությունը ներդրումներից ու զարգանալու շանսից: Եթե կա պատճառ, որ Լիդիանը չի վերահսկելու բնապահպանական ռիսկերը, թող ներկայացվի: Եթե կան բնապահպանական ռիսկեր, ինչու՞ չեն փակվում Հայաստանի այլ մարզերում գործող ավելի թունավոր արտադրությունները: Լիդիանը կարող է ոչ միայն ոտքի հանել մարզը, ճանապարհներ կառուցել, խմելու ջրի ու կոյուղու հարց լուծել, աշխատատեղեր ստեղծել, այլև դառնալ Հայաստանի տնտեսությունը տեղապտույտից հանող ուղղություն: Ոսկու վրա նստած՝ պարտքեր ենք անում, բայց հավատարիմ կիսատ-պռատության բանաձևին՝ վարչապետը չի համարձակվում անել իրական քայլեր, կամ վախենում է վարձկանների տերերից: Ինչի՞ է պետք իշխանության գերլեգիտիմությունը, եթե չի լուծում պետության հարցերը, որ դողում է սեփական վարկանիշի վրա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մեր կյանքի ժամանակը համընկավ հեղափոխությունների ու պատերազմների, ճգնաժամերի հետ, հիմա էլ՝ կորոնավարակի: Մենք գոնե իդեալ ունեինք, ի՞նչ ենք ժառանգում մեր զավակներին: Չափորոշիչնե՞ր: Ողջ լերուք: